Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀԱՆՔԱՎԱՆ-ՄԱՐՄԱՐԻԿԻ ՏԵԿՏՈՆԱԿԱՆ ԲԵԿՎԱԾՔ, երկրակեղևի խոշոր խզվածքային խախտում Հանքավան-Զանգեզուրի խորքային բեկվածքային զոնայի հյուսիս-արևմտյան մասում։ Մերձզուգահեռականի ուղղությամբ ձգվում է Մարմարիկ գետի հովտով մինչև Սպիտակի լեռնանցքը։ Սահման է Ծաղկունյաց կամարածալքի և Սևան-Շիրակի գոգածալքի միջև։ Խզվածքային խախտման երկայնքով իրար են հպվում վերին պրոտերոզոյան փոխակերպային և էոցենի հրաբխածին-նստվածքային ապարները։ Հ-Մ․ տ․ բ․ մեծ մասամբ լցված է գրանիտոիդային ներժայթուքներով։ Բեկվածքի հետ են կապված Հրազդանի երկաթի, Մարմարիկի ավազանի պղինձ-մոլիբդենային, ոսկի-բիսմութի և երկաթի հանքայնացումները։ Ծանրաչափ․ քարտեզներում բեկվածքին համապատասխանում է կտրուկ արտահայտված ծանրահակ սանդղավանդ։


ՀԱՇԴԵՈՒ Բոգդան Պետրիչեյկու Ալեքսանդրուի (1836-1907), ռումինացի գրող, բանասեր, պատմաբան, հայագետ։ Բուխարեստի համալսարանի պրոֆ․ (1874-1900)։ Ռումինիայի ԳԱ ակադ․, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սերբիայի, Բուլղարիայի ևն ակադեմիական ընկերությունների անդամ։ Սովորել է Խարկովի համալսարանում (1855-56)։ Գրել է (ռում․) գրակ-գեղ․, լեզվաբ-բանասիր․, պատմագիտ․ երկեր։ Ուսումնասիրություններում մեծ տեղ է հատկացրել Ռումինիայի և Տրանսիլվանիայի հայերի պատմությանը, երկրի տնտ․ ու մշակութ․ կյանքում նրանց կատարած դերին։ Հայերին են նվիրված նրա «Հայերը» (1852, ռուս․) բանաստեղծությունը, «Յոան իշխան Ահարկու» (հայտնի է նաև «Հայը» խորագրով, ռում․, 1865) գեղ․ մենագրությունը, ինչպես նաև բազմաթիվ հոդվածներ։

Գրկ․ Սիրունի Հ․Ճ․, Բոգդան Հաշդեու, «Արազ» տարեգիրք, Բուխարեստ, 1933։ Семчинский С.В․, Стихотворение Б.П. Хашдеу "Армяне", ԲԵՀ, 1969, № 2․


ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ, գիտաուսումնական հիմնարկություն։ Կազմակերպվել է 1963-ին, Երևանում, ՀՀ ԳԱ հաշվող․ կենտրոնի (1957) և ԵՊՀ էլեկտրոնային հաշվող․ և կառավարող մեքենաների պրոբլեմային լաբորատորիաների միավորմամբ։ Զբաղվել է ինֆորմատիկայի և ավտոմատացման մաթ․ խնդիրներով, նախագծման և գիտ․ հետազոտությունների ավտոմատացված համակարգերի մաթ․ ապահովման հարցերով։ Հ․կ․ զգալի ավանդ ունի հանրապետությունում երիտասարդ մասնագետների և գիտաշխատողների պատրաստման ու նրանց որակավորման բարձրացման գործում։ 1967-ին մշակվել է «Գառնի» թարգմ․ մեքենան։ 1965-ից հրատարակել է «Կիբեռնետիկայի և հաշվողական տեխնիկայի մաթեմատիկական հարցեր» (ռուս․) գիտ․ աշխատությունների ժող․։ 1982-ից Հ․կ-ում գործել է ԵՊՀ կիրառ․ մաթեմատիկայի ֆակ-ի համակարգերի տեսության հենակետային ամբիոնը։ Ուներ ասպիրանտուրա (1963-ից), թեկնածուական դիսերտացիաների պաշտպանության մասնագիտացված գիտխորհուրդ (1984-ից)։ 1995-ին Հ․կ-ի հիմքի վրա ստեղծվել է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստ-ը։


ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱ, 1․ տեխնիկական և մաթեմատիկական միջոցների համախումբ, որը կիրառվում է ինֆորմացիայի մշակման և մաթեմատիկական հաշվարկների ավտոմատացման համար, 2․ տեխնիկայի բնագավառ, որն զբաղվում է հաշվողական մեքենաների, սարքավորումների և սարքերի մշակմամբ, պատրաստմամբ և շահագործմամբ։

ՀՀ-ում Հ․տ-ի զարգացումն սկսվել է 1950-ական թթ․ կեսից։ Հիմն․ կենտրոններն էին Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ՄՄԳՀԻ), «Էլեկտրոն» և «Հրազդանի մեքենաշինարար» ԱՄ-ները, ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվող․ կենտրոնը ևն։ 1954-55-ին հայ գիտնականները (Ա․Իոսիֆյան, Թ․Տեր-Միքայելյան և ուր․) Մոսկվայում մասնակցել են ԽՍՀՄ առաջին ԷՀՄ-ներից մեկի՝ Մ-3-ի (գլխ․ կոնստրուկտ․ Ի․ Բրուկ) մշակմանը, որի Երևանում կատարելագործված «Գոհար» (հիմն․ նախագծողներ՝ Ա․ Պիպինով, Է․ Քրիշչյան, Ռ․ Ուռուտյան) անվանմամբ տարբերակը 1960-ից օգտագործվել է ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվող․ կենտրոնում։ 1959-ին ՄՄԳՀԻ-ում մշակվել են լամպերով և ֆերիտային հիշող սարքով «Արագած» (գլխ․ կոնստրուկտ․ Բ․ Խայկին), իսկ 1960-ին՝ «Երևան» (գլխ․ կոնստրուկտ․ Մ․ Այվազյան) առաջին սերնդի մեքենաները։ 1961-ին նույն ինստ-ում ստեղծվել է կիսահաղորդչային տրանզիստորներով «Հրազդան-2» ԷՀՄ (գլխ․ կոնստրուկտ․ Ե․ Բրուսիլովսկի), որը հիմք է ծառայել երկրորդ սերնդի ԷՀՄ-ների համար։ 1962-ին ավարտվել է արագագործ տրամաբանական տարրերով «Մագնի» (գլխ․ կոնստրուկտ․ Վ․Կարապետյան) համալիրի մշակումը, որը կիրառվել է 1964-ին մշակված երկրորդ սերնդի «Հրազդան-3» (գլխ․ կոնստրուկտ․ Վ․Ռուսանևիչ) ԷՀՄ-ում։ 1967-ին ՀՀ ԳԱԱ և ԵՊՀ հաշվող․ կենտրոնում մշակվել է «Գառնի» թարգմանական մեքենան (հիմն․ կոնստրուկտորներ՝ Վ․ Գրիգորյան, Թ․Տեր-Միքայելյան, Ռ․Ուռուտյան), 1960-ական թթ․ ունիվերսալ ԷՀՄ-ներից բացի ՄՄԳՀԻ-ում ստեղծվել են մի շարք մասնագիտացված մեքենաներ․ «Ստատիստիկա» (գլխ․ կոնստրուկտ․ Վ․ Ռուսանևիչ), «Դվին» (գլխ․ կոնստրուկտ․ Ռ․ Հարությունյան), «Արաքս» (գլխ․ կոնստրուկտ․ Գ․ Բելկին), «Մարշրուտ-1» (գլխ․ կոնստրուկտ․ Ա․ Քուչուկյան, ՀՀ պետ․ մրց․ 1974)։ Դեռևս 1960-ական թթ․ սկզբներին մեծ ԷՀՄ-ներին զուգընթաց այդ ինստ-ում