Ալավերդու լեռնամետալուրգ․, Ավանի աղի կոմբինատները, պեռլիտների, մարմարների, կրաքարերի, գրանիտների և բազմերանգ տուֆերի բաց հանքարանները։
ՀՀ-ում Հ․գ-ի և շին-յան համատեղ կարևոր բնագավառ է երկթղ․ ու ավտոմոբիլային, ջրատար ու հիդրոտեխ․ թունելների, Երևանի մետրոպոլիտենի շին-ը։
Հ․գ-ի հետ առնչվող գիտ․ աշխատանքներ կատարվում են «Հայգունմետ» գիտնախագծային ինստ-ում, ՀՀ ԳԱԱ երկրբ․ գիտությունների ինստ-ում, ԵՊՃՀ-ում և ԵՊՀ-ում։
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐ, ստորգետնյա (հազվադեպ՝ մակերևութային) ջրեր, որոնք պարունակում են մեծ քանակությամբ կենսաբանորեն ակտիվ անօրգանական (սակավ՝ օրգանական) նյութեր և օժտված են յուրօրինակ ֆիզիկաքիմ․ հատկություններով (բաղադրություն, ջերմաստիճան, ռադիոակտիվություն), որոնց շնորհիվ բուժիչ ազդեցություն են գործում մարդու օրգանիզմի վրա։ Օգտագործվում են որպես արտաքին ու ներքին բուժամիջոցներ։ Հ․ջ-ի բաղադրությունը կախված է տարածքի երկրբ․ զարգացումից, տեկտոն․ կառուցվածքի բնույթից, երկրաջերմային պայմաններից ևն, իսկ գազային բաղադրությունը՝ փոխակերպային և հրաբխ․ պրոցեսներից։
ՀՀ տարածքը հարուստ է քիմ․ տարբեր բաղադրության Հ․ջ-ով՝ «Արարատ», «Արզնի», «Բջնի», «Դիլիջան», «Լիճք», «Սևան», «Ջերմուկ» (ավելի քան 400 բնական ելքեր)։ Նշված ջրերի զգալի մասն առաջանում է փոքր և միջին խորություններում, երբեմն օժտված են թույլ ռադիոակտիվությամբ, ունեն 3-8 գ/լ միջին հանքայնացում։ Ջերմաստիճանը տատանվում է 4°C-ից (Գռիձոր)․․․ 64°C (Ջերմուկ) սահմաններում։ Հ․ջ․ օգտագործվում են խմելու, լոգանքների, բոլոր տեսակի ցնցուղների, ինհալացիաների, ողողումների նպատակով, ստամոքսաղիքային ուղու, նյարդային համակարգի, երիկամների, միզուղիների և մի շարք այլ հիվանդությունների դեպքում։ Որոշ Հ․ջ․ զովացուցիչ, ծարավը հագեցնող և ախորժակը լավացնող միջոց են։
ՀՀ-ում Հ․ջ-ի հիմքի վրա ստեղծվել են բազմաթիվ առողջարաններ, շշալցման գործարաններ։
Գրկ․ Աղաջանյան Գ․, Թոփչյան Ժ․, Հայաստանի առողջարանները և առողջավայրերը, Ե․, 1968։ Вартанян Г.С․, Месторождения углекислых вод горноскладчатых регоинов, М․, 1977․
ՀԱՆՔԱՎԱՆ, բալնեոկլիմայական առողջավայր ՀՀ Կոտայքի մարզում, Երևանից 85 կմ հյուսիս։ Գտնվում է Մարմարիկ գետի գեղատեսիլ կիրճում, բարձր․ ծ․մ․ 1900 մ։ Շրջապատված է լեռներով, որոնց լանջերը ծածկված են անտառներով և թփուտներով։ Կլիման մեղմ է, ամառը՝ չափավոր տաք (հուլիս-օգոստ․ միջին ջերմաստիճանը՝ 16-18° C), ձմեռը՝ չափավոր ցուրտ (հունվ․ միջին ջերմաստիճանը՝ -7°C), արևափայլքի տևողությունը՝ տարեկան 2200 ժ, տեղումները՝ 660 մմ։ Բուժիչ հիմն․ միջոցներն են՝ լեռնային կլիման և «Հանքավան» հանք․ ջուրը։ Հ-ում գործում են արհմ․ «Հանքավան» առողջարանը (512 տեղանոց), ուր կիրառվում են ֆիզիոթերապիայի և բալնեոթերապիայի ժամանակակից բոլոր մեթոդները, մանկ․ առողջարանը, պանսիոնատները, հանք․ ջրերի շշալցման գործարանը։ Բուժվում են ստամոքսաղիքային հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները։ Հ-ի բուժիչ միջոցների ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններով զբաղվել են Ս․ Միրզոյանը, Ռ․ Գրիգորյանը, Ջ․ Շմավոնյանը, Բ․ Վարդազարյանը, Ա․ Մաշուրը, Է․ Մինասյանը, Լ․ Թումանյանը և ուր․։
Գրկ․ Աղաջանյան Գ․, Թոփչյան Ժ․, Հայաստանի առողջարանները և առողջավայրերը, Ե․, 1968։
«ՀԱՆՔԱՎԱՆ», ածխաթթվային հիդրոկարբոնատ-քլորիդ-նատրիում-կալցիում-մագնեզիումական հանքային ջուր։ Ելքերը՝ ՀՀ Հանքավան առողջավայրի շրջակայքում։ Ծագումնաբանորեն կապված է պալեոզոյան և երկրորդ․ գրանիտոիդային ներժայթուքներով ներարկված մինչպալեոզոյան փոխակերպային հաստվածքներին։ Հանքավայրը խաչաձև տեկտոն․ խախտումների հանգույցի ճեղքաերակային բնույթի ճնշումային համակարգ է։ Հորատանցքերից ստացված ջուրը հատկություններով նման է «Եսենտուկի» ջրին։
Ջրում ոչ մեծ քանակությամբ առկա են Cl-, Na+, Ca++, Mg++, CO3-- իոններ, զգալի է Fe++-ի (15-25 մգ/լ), ինչպես նաև F, Cu, Zi, J, Br միկրոտարրերի պարունակությունը։ Ընդհանուր հանքայնացումը 8,2-8,7 մգ/լ է, CO2-ի պարունակությունը՝ 1,5-2 մգ/լ։ Ներկայումս գործող երեք հանքաղբյուրների ջրերն իրենց քիմ․ կազմով համարյա միատիպ են, տարբեր են միայն նրանց ջերմաստիճանները (առավելագույնը՝ 42,6°C, նվազագույնը՝ 27°C)։ Շահագործման ենթակա ջրաքանակը 4000 մ3/օր, որի մոտ 3 %-ը օգտագործվում է բուժման և շշալցման համար։
ՀԱՆՔԱՎԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՀ Կոտայքի մարզում, Հանքավան գյուղի մոտ։ Հայտնի էր դեռևս պատմ․ անցյալում։ Շահագործվել է XIX դ․ սկզբներին։ Միջին ջերմաստիճանային ջրաջերմային հանքավայր է։ Երկրբ․ կառուցվածքում առկա է փոխակերպային թերթաքարերի ստվարաշերտը՝ կտրտված պալեոզոյան և երրորդական հասակի ներժայթուքներով։ Փոխակերպային թերթաքարերի, մարմարների և Հանքավանի ներժայթուք զանգվածի հս․ հպատեղի երկարությամբ հետամտվում է էպիդոտ-նռնաքարային սկառների և եղջրաքարերի գոտին՝ երակիկացանավոր մոլիբդենիտ-քալկոպիրիտ-մագնետիտային հանքայնացմամբ։ Գլխ․ հանք․ միներալներն են մոլիբդենիտը, քալկոպիրիտը, գալենիտը, մագնետիտը ևն։ Հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ցրված տարրեր։ Տարածված են օքսիդացման զոնայի միներալներ։ Հանքավայրը կոնսերվացված է։