Օղնուտ), Մուշեղան (Մուշեղամարդ), Գիրեհը (Կրեհ), Ալվարը։
Հ․ եղել է հայ Արշակունիների սեպուհների ժառանգ․ տիրույթը։ V-VI դդ․ բյուզ․ տիրապետության ներքո այն կազմել է Սատրապական Հայք վարչամիավորման հինգ սատրապություններից (նախարարություններ) մեկը։ Հ-ի սատրապն իշխել է ժառանգ․ իրավունքով, ունեցել սեփական ռազմ․ ուժեր, ինքնուրույն վարչություն ևն։ Բյուզանդիան չի միջամտել նրա ներքին գործերին։ 479-ին, Սատրապական Հայքի ապստամբությունը ճնշելուց հետո, Զենոն կայսրը Հ-ի իշխանին ևս զրկել է ժառանգաբար կառավարելու իրավունքից։ Հուստինիանոս I կայսրը 536-ի հրովարտակով վերացրել է Հ-ի ներքին ինքնավարությունը, Սատրապական Հայքը վերածել բյուզ․ Չորրորդ Հայք նահանգի՝ Մարտիրոսուպոլիս կենտրոնով։ Բյուզ․ և պարսկ․ տիրապետությունների սահմանագծին գտնվող Կթառիճ բերդաքաղաքը (նույնանում է այժմյան Ճապաղջուր ավանին) վերածվել է զորակայանի։ VII դ․ կեսին Հ․ ազատագրվել և միացվել է առժամանակ անկախացած Հայաստանին։ VIII-IX դդ․ տիրել են արաբ․ զավթիչները։ IX դ․ վերջից այն մտել է Բագրատունիների թագավորության մեջ։ XI դ․ կեսից Հ․ տիրել են բյուզանդացիները, սելջուկյան թուրքերը, թաթար-մոնղոլները, XVI դ․՝ օսմ․ թուրքերը։
Հ-ի (համապատասխանում էր Բիթլիսի նահանգի Ճապաղջուր գավառակին) հայերը գրեթե լիովին բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԽՖՍՀ ՄԻՋԵՎ 1920 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, պայմանագրի նախագիծ, որը պետք է ստորագրվեր նույն տարվա օգոստոսի 10-ին կնքված համաձայնագրի հիման վրա (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 օգոստոսի 10)։ Հաշտության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն ընթացել են Երևանում, հոկտ․ 13-28-ին, ՌԽՖՍՀ պատվիրակության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև։ Մինչ բանակցությունները ՌԽՖՍՀ պատվիրակությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունից պահանջել է հրաժարվել Սևրի հաշտության պայմանագրից (1920), թույլ տալ Հայաստանի երկաթուղիներով խորհրդ․ զորքերն ու զինամթերքը փոխադրել Թուրքիա, հարևան պետությունների հետ սահմանային վեճերի լուծման հարցը հանձնել Ռուսաստանի իրավարարությանը ևն։ Հայաստանի կառավարությունը, վճռականորեն մերժելով առաջին պահանջը, համաձայնել է մյուսների հետ։ Բանակցությունների ընթացքում կազմվել է 17 հոդվածից բաղկացած պայմանագրի նախագիծ։
Նախագծի 1-ին հոդվածում ասվում էր, որ ՌԽՖՍՀ կառավարությունը, ելնելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքից, անվերապահորեն ճանաչում է Հայաստանի ինքնուրույնությունն ու անկախությունը, հոժարակամ հրաժարվում հայ ժողովրդի և նրա տարածքի նկատմամբ Ռուսաստանի բոլոր իրավունքներից։ Այս հոդվածի ծանոթագրության մեջ նշված էր, որ ՌԽՖՍՀ արդարացի է համարում Թուրքահայաստանի մարզերի միացումը Հայաստանի Հանրապետությանը և պարտավորվում է ազդել իր դաշնակից պետությունների վրա՝ նշված մարզերը կամ նրանց որոշ մասերը Հայաստանին միացնելու համար։ 2-րդ հոդվածով ՌԽՖՍՀ պարտավորվում էր չխառնվել Հայաստանի ներքին գործերին։ Ըստ 3-րդ հոդվածի՝ սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է որոշվեր նրանց ներկայացուցիչների կոնֆերանսում, ՌԽՖՍՀ ներկայացուցչի մասնակցությամբ, կոնֆերանսում համաձայնություն չկայանալու դեպքում, հարցը լուծվելու էր հանրաքվեի միջոցով։ Ռուսաստանն ընդունում էր, որ Կարսի մարզը և Երևանի նահանգը (բացի Նախիջևանի գավառից), ինչպես նաև Ղազախի գավառի մի մասը (Դիլիջան-Քարվանսարայի շրջանը) անպայման կազմում են հայկ․ պետության տարածք, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի համարվող Ղարաբաղի, Զանգեզուրի և Նախիջևանի պետ․ պատկանելության հարցը համաձայնություն չկայանալու դեպքում՝ լուծվելու էր հանրաքվեով (հոդված 4)։ Նախագծի հաջորդ հոդվածները վերաբերում էին կողմերի փոխհարաբերություններին, գաղթականների փոխանակությանը, քաղ․ բանտարկյալների ներմանը ևն։ Հաշվի առնելով, որ առաջին համաշխ․ պատերազմի տարիներին Հայաստանի տնտեսությունը քայքայվել է, ՌԽՖՍՀ կառավարությունը համաձայնում էր Հայաստանին տալ նավթ, բեռնավագոններ, բամբակամշակման համար սարքավորումներ ևն։ ՌԽՖՍՀ տարանցիկ առևտրի իրավունք էր ստանում Հայաստանի վրայով դեպի Թուրքիա։
Սակայն պայմանագրի ստորագրումը հետաձգվեց մինչև եզրափակիչ որոշման պայմանների կատարումը, որոնք էին․ ՌԽՖՍՀ և Ադրբ․ ԽՍՀ պետք է ճանաչեին Հայաստանի Հանրապետության իրավունքը Զանգեզուրի և Նախիջևանի վրա և իրենց զորքերը դուրս բերեին այդ գավառներից, իսկ Հայաստանը պետք է հրաժարվեր Ղարաբաղի նկատմամբ պահանջից։ ՌԽՖՍՀ անվերադարձ Հայաստանին պետք է տրամադրեր 2,5 մլն ռ․ ոսկով։ Հայաստանը, ելնելով Թուրքիայի հետ վիճելի հարցեր լուծելու մտադրությունից, կընդուներ այդ հարցում Ռուսաստանի միջնորդությունը, եթե Թուրքիան զորքերը հետ քաշեր մինչև 1914-ի ռուս-թուրք․ սահմանը, հրաժարվեր Բրեստ-Լիտովսկի (1918) և Բաթումի (1918) պայմանագրերից, ճանաչեր Հայաստանի Հանրապետության անկախությունն այն սահմաններում, որոնք որոշված էին ՌԽՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև սույն հաշտության պայմանագրով։ Այս պայմանները Թուրքիայի կողմից կատարվելուց հետո, Ռուսաստանի բարեկամական օժանդակությամբ պետք է մշակվեին վիճելի տարածքների հարցի խաղաղ լուծման հիմունքները։ Եզրափակիչ որոշման այս արձանագրությունը ստո