Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/269

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րագրելուց (հոկտ․ 28) հետո Բ․Լեգրանը մեկնեց Բաքու՝ ՌԽՖՍՀ և Ադրբ․ ԽՍՀ կառավարությունների հավանությունը ստանալու նպատակով։ Սակայն նոյեմբ․ 4-ին Բաքվում գումարված ՌԿ/բ/Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի և Ադրբեջանի կոմկուսի ԿԿ քաղբյուրոյի միացյալ նիստը, որին մասնակցում էր նաև Ի․Վ․Ստալինը, մերժեց պայմանագրի նախագիծը։ Պարտվելով թուրք-հայկ․ պատերազմում (1920-ի աշուն)՝ ՀՀ կառավարությունը ՌԽՖՍՀ պատվիրակության հետ շարունակվող բանակցություններում (նոյեմբ․ 30 - դեկտ․ 2) այլևս չէր կարող պնդել պայմանագրի այս նախագծի վրա։

Գրկ․ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828-1923), Ե․, 1972։

ՀԱՊԱԼԱՍԵՆԻ (Vaccinium), հապալասազգիների ընտանիքի բույսերի ցեղ։ Հայտնի է 200 տեսակ։ Առավել տարածված են կարմիր, սև, կապույտ, բարձրաճ և խոշորապտուղ Հ․։ ՀՀ-ում աճում է անտառային շրջաններում։

Բազմամյա հատապտղային կիսաթփեր են, բարձր․ 0,3-1,0 մ։ Տերևները՝ երկարավուն, ձվաձև, ծաղիկները՝ սպիտակ կամ բաց վարդագույն, պտուղները՝ խոշոր, գնդաձև, երկարավուն, մաշկը՝ նուրբ, մոմաշերտով։ Պտղամիսը պարունակում է շաքարներ, վիտամիններ։

Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, ջեմ, հյութ ևն)։ Ունի հակալնդախտային և միզամուղ հատկություն։ Բազմացվում է կտրոններով։


ՀԱՋԻԵ ՋՆԴԻ Ջաուարի [13․3․1908, գ․ Յամանչաիր (Կարսի մարզում) - 1․5․ 1990, Երևան], քուրդ բանագետ, գրականագետ, գրող։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1964), պրոֆ․ (1966)։ Իրաքի ԳԱ թղթ․ անդամ (1979-ից)։ ՀԽՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1974)։ Ավարտել է ԵՊՀ բանասիր․ ֆակ-ը (1933)։ 1932-66-ին՝ ՀԳՄ քուրդ գրողների մասնաճյուղի նախագահ։ Գրել է քրդ․ և հայ․։ Նրան է պատկանում մայրենի լեզվով առաջին՝ «Քրդերենի քերականությունը» (1936, պրոֆ․ Ա․Խաչատրյանի հետ)։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են քրդ․ բանահյուսությանը և գրակ-յանը․ «Քրդական ֆոլկլոր» (1947, հայ․), «Մամե ու Զինե» (1956, հայ․), «Քրդական ժողովրդական հեքիաթներ» (հ․ 1-5, 1961-88, քրդ․), «Հայ և քուրդ ժողովուրդների բարեկամության արտացոլումը բանահյուսության մեջ» (1965, հայ․), «Ակնարկ Սովետական Հայաստանի քրդական գրականության» (1970, հայ․), «Քրդական ժողովրդական առածներ և ասացվածքներ» (1985, քրդ․), «Գարուն» (1988), քրդ․ ժող․ բանահյուսության մշակումներ և այլ գործեր։ Քրդ․ լույս են տեսել Հ․Ջ-ի նաև «Նոր առավոտ» (1947) պատմվածքների ժող․ և «Օգնություն» (1967) վեպը։ Քրդ․ է թարգմանել հայ գրողների երկեր։


«ՀԱՌԱՋ», քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ (մինչև 1927-ը՝ երկօրյա)։ Լույս է տեսնում Փարիզում, 1925-ից (1940-45-ին չի հրատարակվել)։ «Հ․» եղել է ՀՀԴ բյուրոյի, ապա՝ ՀՀԴ Ֆրանսիայի կազմակերպության կիսապաշտոնական խոսնակը։ 1970-ական թթ․ սկզբից «Հ․» անկախ թերթ է։ Հիմնադիր, տնօրեն ու խմբագիր՝ Շ․Միսաքյան, 1957-ից՝ տնօրեն-խմբագիր Ա․Միսաքյան (Շ․Միսաքյանի դուստրը)։ «Հ․»-ի խմբագրական աշխատանքներին մասնակցել են Հ․Սամուելը, Շ․Նարդունին, Շ․Տեր-Մելքոնյանը, Մ․Մեծատուրյանը, Ժ․ Միրիճյանը, Ա․Պիլեզիկճյանը և այլք։ «Հ․» անդրադառնում է միջազգային քաղ․ անցուդարձերին, Հայաստանի Հանրապետության քաղ․, տնտ․ ու մշակութ․ կյանքին, սփյուռքահայ առօրյային։ Հատուկ համարներ է նվիրում արվեստի և գրականության հարցերին։


«ՀԱՌԱՋ», հասարակական, քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ։ ՀՀԴ Արլ․ բյուրոյի, ապա՝ ՀՀԴ բյուրոյի հրատ․։ Լույս է տեսել 1919-20-ին, Երևանում։ Խմբագիրներ՝ Ս․ Վրացյան, Ա․ Չիլինկարյան (Ռ․ Դարբինյան), Վ․ Նավասարդյան, Մ․ Օզանյան։ Լուսաբանել է ՀՀԴ ներքին և արտաքին քաղաքականությունը, հրատարակել կուս․ և կառավար․ որոշումներ ու փաստաթղթեր, խորհրդարանի նիստերի սղագր․ հաշվետվությունները։


ՀԱՌԻՃ, գյուղ ՀՀ Շիրակի մարզում, հնավայր։ Գյուղի հվ․ կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հնագիտ․ ուսումնասիրություններն սկսվել են 1966-ին։

Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ․թ․ա․ III հազարամյակից մինչև մ․թ․ X դ․ շերտեր։ Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են քառանկյուն հիմքերով բնակարաններ՝ քարաշեն կրակարաններով։ Հայտնաբերվել են աշխ․ գործիքներ, խեցեղեն, պերճանքի առարկաներ։ Բնակատեղիի մոտ գտնվում է դամբարանադաշտը՝ մոտ 3 կմ 2 տարածքով։ Դամբարանախցերում հաճախ գտնված ածխի ու մոխրի մնացորդներից ենթադրվում է, որ Հ-ում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրազերծելու արարողությունը։ Գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ։

Ուշագրավ է Հ-ում բացված տաճարային համալիրը։ Վաղ միջնադարյան և հետագայի շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքն ամրոցում գոյատևել է մինչև Հ-ի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հ․ գյուղի տարածքում։

Հ-ում է հայկ․ ճարտարապետ․ համալիր Հառիճավանքը (VI-VII դ․, XIII դ․)։ Եղել է պատմ․ Հայաստանի Շիրակ գավառի հոգևոր և մշակութ․ նշանավոր կենտրոն։ Հառիճավանքի կազմում են (մինչև XIII դ․ կառուցված) Ս․ Գրիգոր և Ս․ Աստվածածին եկեղեցիները, գրատուն-դպրատունը (կիսավեր) և երկու մատուռ։ Համալիրի հնագույն հուշարձաններն են Ս․ Գրիգոր եկեղեցին և «Ճգնավորի