եղանակը)։ Կոմիտասը, Հ․ե-ից կազմելով երկու երգաշար, մշակել է ա կապելլա երգչախմբի համար (Երկ․ ժող․, հ․ 3)։ Տես նաև Ժողովրդական երգ։
Գրկ․ Կոմիտաս, Հայ գեղջուկ երգերու համառոտ ամփոփումը, ԿՊ, 1913։ Բրուտյան Մ․Ա․, Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Ե․, 1983։ Атаян М.,Армянская народная песня, М., 1965․
ՀԱՐՍԱՆԻՔ, ամուսնությունը վավերացնող ծիսակատարություն։ Հաս․ զարգացման վաղ՝ մայրիշխանության շրջանում կատարվել է պարզ արարողություններով։ Որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմն․ առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ Հ․, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հ-ին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք (խնամախոսներ, խնամիներ, կնքահայր, հարսնեղբայր, հարսնաքույր, խաչեղբայր, քահանա, քավոր ևն)։
Հայաստանի ազգագր․ յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։ Հ-ները կատարվել են հիմնականում աշնանը՝ գյուղատնտ․ աշխատանքներից հետո և տևել են 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։ Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվել է երգ ու պարով։ Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են ազգականներն ու շքախմբի անդամները (մակարներ, եղբայրներ, պահապան երիտասարդներ), կատարվել է շուքով։ Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ բացել են գինու կարասները և լցրել ամանների մեջ։ Այդ ընթացքում տղայի հայրը գերեզմանատանը տերտերին օրհնել է տվել նախնիների ու հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է հարսնացուի ազգականներին՝ այդ տարի մահացածների ընտանիքներից Հ-ի թույլտվություն ստանալու։ Միևնույն օրը թե՛ հարսի և թե՛ փեսայի տանը պատրաստվել է հարսի նստելու տեղը, որը հարսի տանը շրջափակվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված վարագույրով։ Երեկոյան կատարվել է «հինադրեքը»։ Հաց ու գաթա թխելուն մասնակցել են կանայք ու աղջիկներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ։ Առավոտյան փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարել է Հ-ի սկիզբը։ Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան, մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացու եզը մորթելու արարողությունը։ Քավորն արյան մեջ թաթախած մատով փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա արյունոտած թելը հանգուցել և դանակը մտցնելով արյան մեջ՝ դրել է պատյանը (իբր՝ փեսային չար ոգիներից զերծ պահելու համար)։ Այնուհետև հանդիսավորությամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը։ Շատ տեղերում քավորը փեսային սպիտակ, կանաչ թաշկինակներով ուսկապ («ուսբանդ») է կապել։ Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակներ կամ ժապավեններ, առջևի մասում` աքաղաղի երկու փետուր ու կանաչ, կարմիր բրդե թելերով զարդարված փայտիկ։ Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի հետևից։ Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմում կանգնել է քավորը, ձախում` փեսախպերը, հետևում` պարողների խումբը։ Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները։ Հաջորդ առավոտյան, հարսին հագցնելիս, քավորը, վերցնելով գոտին ու գոգնոցը, 3 անգամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապել ու թիկունքին խփելով` մաղթել տղա ունենալ։ Քավորկինը ծածկել է հարսին մեծ ծածկոցով, իսկ երեխաներ ունեցող և երջանիկ համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին։ Ճանապարհ ընկնելուց առաջ նորապսակները, ի նշան հարգանքի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, բարեկամներին ու հարևաններին։ Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափ ու աղմուկով, կրակելով ու ուրախության բացականչություններով գնացել են եկեղեցի, ուր մակարները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությանը։ Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին և մոմով ամրացրել։ Ապա ուրիշ ճանապարհով գնացել են փեսայի հայրական տուն (Զանգեզուրում և Արցախում վերադարձել են աղջկա հոր տուն և հարսին կրկին նստեցրել վարագույրի հետևը)։
Հ․ ղեկավարել է մասնակիցների ընտրած սեղանապետը (թամադան), որին օգնել է օգնականը (կենացները ծաղկեցնողը)։ Սովորաբար միմյանց հետ գժտված անձանց Հ-ներում հաշտեցրել են։ Տղայի մայրը հարսի ուսին հաց փռելով՝ համբուրել է երկուսի ճակատը և քաղցրավենիք լցրել նրանց գլխին։ Հարսանքավորներն ստիպել են սկեսրոջն ու սկեսրայրին կոխի բռնվել․ ձևականորեն հաղթել է կինը (խորհրդանշել է մայրիշխանության երբեմնի գոյությունը)։ Մուտքի մոտ քավորը թուրը պահել է նորապսակների գլխավերևում, իսկ նրանք, կոտրելով ոտքերի տակ նախապես դրված