ափսեները, իբր իրենց ապահովել են չարքերից։ Մինչ տեղի են ունեցել հարսին ընդունելու արարողությունները, հայրական տնից բերած վարագույրը կապել են հատկացված անկյունում և հարսին տարել վարագույրի հետև, ուր նա հավաքված երեխաներին նվերներ տալուց հետո՝ գրկել է ամենափոքր տղային, որպեսզի արու առաջնեկ ունենա։ Նորապսակները համբուրել են նոր օջախի թոնրի շուրթը։ Ճաշկերույթի ընթացքում խմել են 3-7 պարտադիր կենաց (նախնիների հիշատակ, ծնողների, զույգերի, քավորի, մնացած հարազատների), որից հետո հյուրերը հանձնել են նվերները (դրամ, արժեքավոր իրեր)։ Խնջույքին զուգահեռ մինչև առավոտ պարել են խմբապարեր (շուրջպարեր, այդ թվում՝ Հ-ի ծիսական պարեր)։ Հարսի ու փեսայի պարից (մոմերով պար) հետո Հ․ համարվել է ավարտված։ Շատ շրջաններում Հ․ ավարտվել է մակարների խնջույքով («հավթռուք»)։ Երեկոյան ժամերգությունից հետո տերտերը քանդել է նարոտը, բացել փականքը, դանակը հանել պատյանից և զույգին առագաստ մտնելու իրավունք տվել։ Ուրախ Հ․ համարվել է երջանիկ կյանքի սկիզբ։ Հ-ին ուղեկցող մի շարք արարողություններ շարունակվել են գրեթե մեկ տարի, մինչև առաջնեկի ծնվելը։
Ժամանակակից հայկ․ Հ․ ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով, սակայն, որոշ ավանդույթներ։ Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ (ամուսնության պալատներում կամ ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսավոր ձևակերպում ևն), վերականգնվում է պսակի արարողությունը։
Գրկ․ Կարապետյան Է․ Տ․, Օժիտը հայոց մեջ, Ե․, 1978։ Сехбосян К. В., Современная ленинаканская свадьба,․ Известия АН Арм. ССР., 1963, № 9 , с․ 77–86; карапетян Э. Т.б Об одном персонаже армянской свадьбы, ՊԲՀ, 1965, № 2, с․ 211–216; Хачатрян Ж. К., Традиционные свадебные пляски армян, Советская этнография,1975, № 2, с․ 87;Варданян Л.М., Современное состояние свадебной обрядности населения Еревана, Этнографические исследования, ЕЮ, 1986, с․ 153–201; Тер-Саркисян А.Б., Брак и свадебный цикл у армян/вторая половина XIX – начало XX в․/, Кавказский этнографический сборник, 1989, вып․ 9, с․ 246–286․
ՀԱՐՍՆԱԽՈՏ (Physalis), բոջոջ, բշտի դեղ, մորմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 100-120 տեսակ, ՀՀ-ում՝ 1, սովորական Հ․ (P․ alkekengi)։ Աճում է Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Լոռու մարզերում և այլուր։
Ցողունի բարձր․ 20-100 սմ է։ Տերևները սրտաձև են, ամբողջաեզր կամ ատամնաեզր, ծաղիկները՝ մանր, սպիտակ կամ բաց դեղին, ծաղկաթերթիկների հիմքում կան դարչնագույն բծեր, պտուղը՝ հատապտուղ։
Դեղաբույս է։ Պարունակում է ալկալոիդներ, աղաղանյութեր, վիտամին C, կարոտին, քսանտինային խմբի պիգմենտներ։ Պտուղն օգտագործվում է հրուշակեղենի արտադրության մեջ և թարմ։
ՀԱՐՍՆԱՍԱՐ, լեռնագագաթ Վայքի լեռնաշղթայում, ՀՀ Վայոց ձորի մարզի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանագլխին։ Բարձր․ 2773 մ։ Կազմված է կրաքարերից, մերգելներից, ավազաքարերից։ Բուսածածկույթը լեռնատափաստանային է։
ՀԱՐՍՆԱՔԱՐ, լեռնագագաթ ՀՀ-ում, Փամբակի լեռնաշղթայի արևմտյան մասում։ Բարձր․ 2491 մ։ Կազմված է հրաբխանստվածքային ապարներից։
ՀԱՐՏՄԱՆ (Գարտման) Ֆոմա Ալեքսանդրովիչ [9(21)․9․1885, գ․ Խորուժևկա (այժմ՝ Ուկրաինայի Խարկովի մարզում) _ 26․3․1956, Պրինստոն (ԱՄՆ)], ռուս կոմպոզիտոր, դիրիժոր։ Սովորել է Պետերբուրգի կոնսերվատորիայում (1900-02), աշակերտել Ս․Տանեևին և Ա․Արենսկուն։ 1919_21-ին ապրել է Թիֆլիսում, կազմակերպել «Կոմիտաս» երաժշտ․ ընկերությունը (1919), զբաղվել Կոմիտասի ստեղծագործ․ ժառանգության ուսումնասիրությամբ և տարածմամբ, տպագրել կոմպոզիտորի երկերի վերլուծական հոդվածների շարք [«Ջակովկազսկոյե սլովո» («Заковказское слово»), 1919, դ 89-101, Թիֆլիս]։ Եղել է Հ․Թումանյանի բարեկամներից։ 1921-ից ապրել և ստեղծագործել է արտասահմանում։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ալեքսանդր Գրիգորի (ծ․ 23․9․1920, Երևան), կոմպոզիտոր։ ՀՀ (1962), ԽՍՀՄ (1970) ժող․ արտիստ։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայի ստեղծագործ․ (դասատուներ՝ Ս․ Բարխուդարյան, Վ․ Տալյան) և դաշնամուր․ (դասատու՝ Օ․ Բաբասյան) բաժինները (1941)։ 1946_48-ին կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տանը կից ստուդիայում (դասատուներ՝ Գ․ Լիտինսկի, Ն․ Պեյկո, Վ․ Ցուկերման)։ 1954_91-ին՝ Հայֆիլհարմոնիայի գեղ․ ղեկավար։ 1962-ից՝ Երևանի կոնսերվատորիայի դասախոս (պրոֆ․ 1977-ից)։ Տարբեր ժանրերի բազմաթիվ երկերի հեղինակ է․ լավագույններն են «Հայրենիք» կանտատը (խոսք՝ Ա․ Գրաշու և Սարմենի, 1948, ԽՍՀՄ պետ․ մրց․ 1949), որը բնորոշվում է ազգ․ դասական երաժշտության, գեղջկ․ և գուսան․ երգի հետ սերտ կապով, մեղեդիական լայն շնչով, «Տոնական նախերգանք»-ը (1949), «Շեփորի կոնցերտը» (1950), «Հայկական ռապսոդիան» երկու դաշնամուրի համար (համահեղինակ՝ Ա․ Բաբաջանյան, 1950)։ Հայկ․ սիմֆոնիզմի զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցան դրամատիզմով հագեցած կոթողային Սիմֆոնիան (1957), ուր ազգ․ սիմֆոնիկ երաժշտության ավանդույթները միահյուսվել են դասական սիմֆոնիզմի առանձնահատկություններին։ «Ասք հայ ժողովրդի մասին» վոկալ-սիմֆոնիկ պոեմը (1961) ժամանակակից հայ երաժշտության մեջ արժեքավոր ներդրում է։ «Սայաթ-Նովա» օպերայում