երկուսն էլ՝ Լենինականի թատրոն), Խաչատուր Աբովյան (Հ․Մուրադյանի «Խաչատուր Աբովյան»), Սուր (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Շմավոն (Պապայանի «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»), Բարկլեյ Կուպեր (Դելմարի «Հիշիր վաղվա օրդ», բոլորն էլ՝ Սունդուկյանի անվ․ թատրոն)։ Նկարահանվել է կինոյում և հեռուստաֆիլմերում։
Գրկ․ Գեղամ Հարությունյան (ժող․ կազմ․ Ս․Հարդենյան), Ե․, 1982։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (Հարությունով) Գրիգոր Արտեմի (7․11․1900, ք․ Թելավ _ 9․11․1957, Թբիլիսի), կուսակցական, պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1919-ից։ Սովորել է Մոսկվայի ժողտնտ․ ինստ-ում (1922_24)։ 1921_37-ին աշխատել է Վրաստանի կոմկուսի կազմակերպություններում (1934_37-ին՝ Վրաստանի կոմկուսի Թբիլիսիի քաղկոմի քարտուղար)։ 1937_53-ին Հ․ հանդիսացել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար (1938-ից՝ նաև ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար)։ Գլխավորելով Հայաստանի կոմկուսն անհատի պաշտամունքի բարդ և հակասական շրջանում, Հ․ չէր կարող խուսափել այդ շրջանին հատուկ ղեկավարման եղանակներից։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի (1941_45) ժամանակ եղել է Անդրկովկասյան ռազմաճակատի ռազմ․ խորհրդի անդամ, ղեկավարել հայկ․ ազգ․ զորամիավորումների ստեղծման գործը, հանրապետության ժող․ տնտեսությունը պատերազմի պահանջների համապատասխան վերակառուցելու ընթացքը։ Հետպատերազմյան տարիներին եռանդուն աշխատանք է տարել Հայաստանի ժող․ տնտեսության, շինարարության, մշակույթի զարգացման ուղղությամբ։ 1946_47-ին ծավալված հայրենադարձության ժամանակ Հ․ փորձ է կատարել լուծել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու հարցը՝ ԽՍՀՄ ղեկավարությանը հասցեագրված դիմումում այդ խնդրի լուծումը պատճառաբանելով հայրենադարձներին տեղավորելու անհրաժեշտությամբ։ 1949-ին նամակով դիմելով անձամբ Ի․ Ստալինին՝ փորձել է կանխել հայ ժողովրդի նկատմամբ ԽՍՀՄ ներքին գործերի մարմինների կողմից պատրաստվող հրեշավոր սադրանքը՝ «անբարեհույս» հայ ընտանիքների արտաքսումն Ալթայի երկրամաս։ 1953-ին Հ․ ազատվել է ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարի պարտականություններից, որոշ ժամանակ աշխատել է Երևանի մոտ գտնվող խորհրդ․ տնտեսության տնօրեն, ապա տեղափոխվել Թբիլիսի։ ԽՍՀՄ (1937_ 1954), ՀԽՍՀ (1938_55) Գերագույն խորհուրդների պատգամավոր։
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գրիգոր, Գորգին Խան (ծ․թ․ անհտ․ _ 11․8․1763), ռազմական գործիչ, Բենգալիայում 1760_63-ին անգլիական գաղութարարների դեմ հնդիկ ժողովրդի մղած ազատագրական պայքարի ղեկավարներից։ 1760-ին օգնել է Բենգալիայի կառավարիչ Միր Կասիմին՝ կազմակերպելու ապստամբություն անգլիացիների դեմ։ Հնդկաստանի թագավոր Շահ Ալեմ II Հ-ին ճանաչել է Բենգալիայի զորքերի գլխ․ հրամանատար։ Տեղացի հնդիկ և հայ զինագործների օգնությամբ կազմակերպել է զենքի, զինամթերքի արտադրություն և զինել հնդկ․ բանակը։ Բարեփոխումներ է մտցրել հնդկ․ բանակում, ստեղծել հետևազորային և հեծյալ զորատեսակներ (12 գունդ), դասավորել հատուկ ռազմակարգով, կազմակերպել հրետանային գումարտակներ։ Ներգրավել է նաև հայ զորականներին (զորապետներ էին Գրիգոր Այվազյանը, Մկրտիչ Զաքարյանը, Մարգար Հովհաննիսյանը, Նիկողայոս Երևանցին և ուր․)։ Միր Կասիմի և Հ-ի գլխավորությամբ ապստամբները 1760-ի աշնանը Բենգալիան հռչակել են անկախ։ Անգլիացիները փորձել են Հ-ին գրավել իրենց կողմը, սակայն՝ ապարդյուն։ Սանթա Դարիա դաշտավայրում (Գանգեսի վտակներից մեկի ափին) տեղի ունեցած ճակատամարտում անգլիացիները պարտության են մատնել ապստամբներին, սակայն Հ․ շարունակել է պայքարը․ անգլիացիներին հաջողվել է դավադրաբար սպանել նրան։
Գրկ․ Խոջամալյան Թ․, Պատմութիւն Հնդկաց, Կալկաթա, 1849։ Աբրահամյան Ռ․Ա․, Հնդիկ ժողովրդի 1760_1763 թթ․ ապստամբությունը անգլիական գաղութարարների դեմ և հնդկահայ գաղութը, ՊԲՀ, դ 3, 1960։ Նույնի, Армямские источнико VIII в․ об Индии, Е․, 1968․
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գուրգեն Միքայելի [9(22)․6․1905, Գանձակ (այժմ՝ Գյանջա) _ 2․1․1973, Ստեփանակերտ], դերասան։ Ադրբ․ ԽՍՀ ժող․ արտիստ (1957)։ Սովորել է Բաքվի հայկ․ թատրոնին կից ստուդիայում (1927_29)։ 1929_49-ին՝ Բաքվի, 1949_71-ին՝ Ստեփանակերտի հայկ․ թատրոնների դերասան։ Մարմնավորել է հատկապես բնութագր․ կերպարներ, խաղացել նաև դրամատիկ․ դերեր։ Լավագույններից են՝ Սուրեն, Գիժ Դանիել (Շիրվանզադեի «Պատվի համար», «Չար ոգի»), Քաջ Նազար (Դեմիրճյանի «Քաջ Նազար»), Մեք Գրեգոր (Վ․Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է»), Լուկա (Գորկու