հավանորեն Ակներում կամ Սսի գրչատներից մեկում։ Մատյանի հիշատակարաններում տրված է Ռուբինյան տոհմի ծագման և զարգացման պատմությունը մինչև Լևոն Գ թագավորը։ Ձեռագիրն ունի շուրջ 700 մանրանկար, որը բացառիկ երևույթ է թե՛ հայկ․, թե՛ ողջ արևելաքրիստ․ գրքարվեստի պատմության մեջ։ Նկարազարդումներն ընդգրկում են Հին և Նոր կտակարանների բազմաթիվ թեմաներ։ Որոշ դեպքերում մանրանկարները գրավում են ողջ էջը, երբեմն՝ կեսը կամ մեկ երրորդը, կամ էլ ներկայացվում լուսանցազարդերի ձևով։
Որոշ նորամուծություններով հարստացված ավանդ․ պատկերագրություն ունեցող նկարների կողքին («Տյառնընդառաջ», «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ», «Հրեշտակի հայտնությունը յուղաբեր կանանց» կամ «Յուղաբեր կանայք Քրիստոսի գերեզմանի մոտ») կան մանրանկարներ, որոնցում տարբեր թեմաներ զարմանալիորեն միացված են (Պիղատոսից Քրիստոսի դիակը խնդրելու դրվագը «Խաչից իջեցման» և «Թաղման» տեսարաններին կից)։ Քրիստ․ պատկերագրության համար յուրօրինակ հայտնություն է «Եբրայեցիների անցումը Կարմիր ծովով» մանրանկարը։ Վերոհիշյալ և հատկապես «Հովհաննին նետում են կետի երախը» մանրանկարներին բնորոշ է գծանկարի կառուցման բարձր վարպետությունը։
«Հ․Բ թ․Ճ․»-ի պատկերազարդումն աչքի է ընկնում ողբերգ․ խոր հնչողությամբ։ Մարդկային կերպարների միջև իշխում են լարված փոխհարաբերությունները, որոնք դրսևորվել են գրգռված, հուզված դիմախաղի, կտրուկ կեցվածքների և շարժումների միջոցով։ Ձեռագրի ծաղկողներն առատորեն օգտագործել են համաշխ․ արվ․ գեղագիտ․ նվաճումները, քաջ տիրապետել հատկապես ժամանակի իտալ․ գեղանկարչության ոճական առանձնահատկություններին։ «Հ․Բ թ․Ճ․» իր մանրանկարչությամբ կոթողային աննախընթաց հուշարձան է, որը վկայում է Կիլիկյան արվեստագետների հանճարը, նրանց՝ մեկենասների գեղ․ բարձր ճաշակը։
Գրկ․ Ազարյան Լ․Ռ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ․, Ե․, 1964։ Дурново Л․А․, Краткая история древнеармянской живописи, Е., 1957; Der Nersessian S․, L՚art Armռnien, [P․], 1977։ Kouymjian D․, Chinese Elements in Armenian Miniature Painting in the Mongol Period - 1n։ Armenian Studies, Etudes armռniennes in Memorial Haտg Berbռrian, Lisabon, 1986․
ՀԵԹՈՒՄՅԱՆՆԵՐ, հայ իշխանական և թագավորական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Հ-ի իշխանության հիմնադիր Օշին Ա, խուսափելով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073-ին իր ազգատոհմով Կիլիկիա էր տեղափոխվել Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին Օշինին պարգևել է Լամբրոն բերդը՝ շրջակա տարածքով, որտեղ նրա հաջորդները, գործակցելով Բյուզ․ կայսրության հետ, ժառանգաբար իշխել են մինչև XIII դ․ սկիզբը։ Օշինին հաջորդած որդին՝ Հեթում Բ իշխանը (XII դ․ 1-ին կես), Լամբրոնը թողել է ավագ որդուն՝ Օշին Բ-ին, իսկ Պապեռոնը՝ կրտսերին՝ Սմբատ Նաթանայելյանին։ Ռուբինյան Մեծ իշխան Թորոս Բ-ի դեմ Բյուզանդիային զինակցող Սմբատը մարտում սպանվել է (1152), իսկ Օշին Բ՝ գերեվարվել։ Վերջինս ազատվել է Թորոսին փրկագին վճարելու և իր որդի Հեթումին պատանդ թողնելու գնով։ Նրա կրտսեր որդին էր Ներսես Լամբրոնացին։ Հեթում Գ իշխանը, ամուսնանալով Թորոս Բ-ի դստեր հետ, ազատվել է պատանդությունից և 1175-ին հորից ժառանգել Լամբրոնի իշխանությունը։ 1201-ին Լևոն Բ Մեծ թագավորը խնամիանալու պատրվակով Հեթում Գ-ին հրավիրել է Տարսոն, ձերբակալել և գրավել Լամբրոնը, որից հետո Հեթում Գ մտել է վանք։ Պապեռոնի տեր Վասակ իշխանի որդի Կոստանդինը դարձել է Կիլիկյան Հայաստանի սպարապետը, Լևոն Բ Մեծի մահից (1219) հետո՝ պետության խնամակալը (պայլ)։ Նրա որդի Հեթում Ա հռչակվել է Կիլիկյան Հայաստանի թագավոր, դարձել Հ-ի արքայատան հիմնադիրը։ Կոստանդինի ավագ որդի Սմբատը նշանակվել է սպարապետ (Սմբատ Սպարապետ), մյուս որդիներից Լևոնը՝ մարաջախտ (բանակի սպառազինման և մատակարարման հրամանատար), Օշինը՝ պայլ և Կոռիկոսի բերդատեր, Բարսեղը՝ Սսի արքեպիսկոպոս և Դրազարկի վանահայր, իսկ Հեթում Ա-ի հորեղբայր Կոստանդին Լամբրոնացուն շնորհվել է թագադրության գործակալությունը։ Նրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան (Կեռան) ամուսնացել է Հեթում Ա թագավորի թագաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274-94-ին վարել է մարաջախտության գործակալությունը, որը հաջորդաբար անցել