Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է նրա որդիներ Հեթումին (1294-1307) և Սմբատին (1307-14)։ Հ-ի իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329-ին սպանվել են Լևոն Ե թագավորի հրամանով։

Հ-ի արքայատան գահացանկը․

Հեթում Ա (1226-69), Լևոն Գ (1269-1289), Հեթում Բ (1289-96, 1299-1301), Սմբատ (1296-98), Կոստանդին Բ (1298-99), Լևոն Դ (1301-07), Օշին (1308-20), Լևոն Ե (1320-42)։ Վերջինիս մահից հետո ընդհատվել է Հ-ի իշխող տոհմաճյուղը (արական գծով)։ Իշխանների խորհըրդի որոշմամբ թագավոր է հռչակվել Հ-ի ազգական, Նղրի բերդապետ և մեծ մարաջախտ Կոստանդին Դ, որին հաջորդել է հորեղբորորդի Կոստանդին Ե։

Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսուան, Վնտ․, 1885։ Տեր-Ղազարյան Հ․, Հայկական Կիլիկիա, Անթիլիաս, 1966։ Микаелян Г.Г․, История Киликийского армянского государства, Е․, 1952․

ՀԵԼԻՈՏԵԽՆԻԿԱ (< հուն․ ηλιοs - արեգակ և τεχνη - արվեստ, հմտություն, ունակություն), տեխնիկայի ճյուղ, որն ուսումնասիրում է արեգակնային ճառագայթման էներգիայի փոխակերպումը էներգիայի՝ գործնական կիրառման համար հարմար այլ տեսակների։ ՀՀ-ում Հ-ի բնագավառի կանոնավոր հետազոտություններն սկսվել են 1960-ական թթ․ սկզբին՝ Հոսանքի քիմիական աղբյուրների ԳՀԻ-ում։


ՀԵԼԼԵՆԻԶՄ, Մերձավոր ու Միջին Արևելքի երկրների պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջան (մ․թ․ա․ IV-I դդ․)։ Սկզբնավորվել է Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո։

«Հ․» տերմինը գիտ․ շրջանառության մեջ է դրել գերմ․ պատմաբան Յո․ Դրոյզենը (1808-84)՝ դրա տակ հասկանալով «հուն․ պետականության և կրթվածության տարածումը» արլ․ ժողովուրդների մեջ, անտեսելով Հ-ի հաս-տնտ․ էությունը։ Այնուհետև Հ․ մեկնաբանվել է որպես միայն մշակութ․ (Յու․ Կերստ), քաղ․ (Վ․Տառն) կամ տնտ․ (Մ․Ռոստովցև) ազդեցություն։ Հ․ բնորոշվել է նաև որպես պատմ․ որոշակի ժամանակաշրջան՝ պայմանավորված հուն․ և տեղական հաս-տնտ․, քաղ․, մշակութ․ տարրերի ու սովորույթների փոխազդեցությամբ (Ա․Ռանովիչ և ուր․)։ Հ-ի ժամանակաշրջանի ավարտն ընդունված է համարել մ․թ․ա․ 30-ը, երբ Հռոմը նվաճել է հելլենիստ․ վերջին պետությունը՝ պտղոմեոսյան Եգիպտոսը, թեև Հ-ին բնորոշ երևույթները շարունակել են գոյատևել։

Հայաստանը հենց սկզբից ընդգրկվել է հելլենիստ․ աշխարհի ոլորտը։ Զարգացել են երկրի տնտ․ և քաղ․ կյանքը, քաղաքաշինությունը, հելլենիստական մշակույթը։ Արտաշեսյան արքայատան օրոք (մ․թ․ա․ II-I դդ․) Հայաստանը դարձել է հելլենիստ․ խոշոր տերություն։

Գրկ․ Дройзен И.Г., История эллинизма т․ 1–3, М․, 1890–93; Ранович А․Б․, Эллинизм и его историческая роль, М.-Л., 1950; Тирацян Г.А., Культура древней Армении․ VI в․ до н.э. – III в․ н․э․ (по археологическим данным), Е․, 1988․


ՀԵԾԱՆՎԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ընդգրկում է հեծանվային մրցարշավները կտրտված տեղանքում, խճուղիներում, մրցուղիներում, ձևավոր երթը և վելյբոլը։

1896-ից օլիմպ․ խաղերի ծրագրում է։ 1900-ին հիմնադրվել է Հեծանվորդների միջազգ․ միությունը (ՈՒՍԻ)։

ՀՀ-ում Հ․ս․ արմատավորվել է 1926-ին, Ռ․Ավշարովի նախաձեռնությամբ, 1927-ին ստեղծվել է մոտոհեծանվային ակումբ։ Մինչև 1936-ը հայ հեծանվորդները միութ․ մրցումներին մասնակցել են Այսրկովկասի հավաքականի կազմում, իսկ 1936-ից՝ առանձին թիմով։

Տարբեր տարիներ միութ․ հավաքականի կազմում ընդգրկվել են Ա․Բոյաջյանը, Տ․Ավագյանը, Վ․Հայրապետյանը, Հ․Ավետիսյանը, Ն․Հովհաննիսյանը, Օ․Կլևցովը, Գ․Գրիգորյանը, Մ․Շաբոյանը և Մ․Քալաշյանը (վերջին երեքը՝ 1991-ի ԽՍՀՄ առաջնության հաղթողներ)։ Երևանցի Օ․ Կլևցովը եղել է մեծահասակների աշխարհի չեմպիոն, Մ․Շաբոյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն։


ՀԵԾՅԱԼՆԵՐ (Ichneumonidae), թաղանթաթևերի կարգի մակաբույծ միջատների ընտանիք։ ՀՀ-ում տարածված է մոտ 100 տեսակ։ Առավել տարածված են Ichneumon sarcitorius L․, Pimpla instigator F․, Angitia armillata Grav և այլ տեսակները։

Հասուն միջատի մարմնի երկար․ 2-40 մմ է, փորիկի և կրծքի հոդավորումը շարժական է։ Մեծամասնությունն ունի լավ զարգացած թևեր, էգերը՝ երկար ձվադիր։ Թրթուրները զարգանում են տիրոջ մարմնում և ոչնչացնում վերջինիս ներքին օրգանները։

Հասուն Հ․ սնվում են հիմնականում ծաղիկների նեկտարով։ ՀՀ-ում Հ․ էական նշանակություն ունեն վնասակար միջատների քանակության կարգավորման գործում։ Որոշ տեսակներ կենսբ․ պայքարի միջոց են։ Երբեմն Հ․ են անվանում թաղանթաթևերի այլ խմբերի (բրակոնիդներ, պրոկտոտրուպոիդներ, խալցիդներ)։


ՀԵԾՎՈՐՆԵՐ, հեծելվորք, մանր ազնվականների դաս Կիլիկյան Հայաստանում։ Շինականների նկատմամբ ունեին դատ․ իշխանություն։ Տես նաև Ձիավորներ։


ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐ (հեղկոմներ), խորհրդային իշխանության ոչ ընտրովի, ժամանակավոր արտակարգ մարմիններ։ Ռուսաստանում գործել են հիմնականում քաղաքաց․ պատերազմի շրջանում (1918-20)։ Հ․կ-ի հիմն․ պարտականությունն էր տեղերում հաստատել խորհրդ․ կարգերի բնույթից և շահերից բխող բռնակառավարման համակարգ, իրենց ձեռքում կենտրոնացնել քաղաքաց․ և զինվորական ողջ իշխանությունը։

Հայաստանի հեղկոմը (նախա