սերի ցեղ։ Հայտնի է 400 տեսակ, ՀՀ-ում 1՝ սովորական Հ․ (I․noli-tangere)։ Աճում է Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում և այլուր։
Ցողունի բարձր․ 30-120 սմ։ Տերևներն ատամնաեզր են, ձվաձև կամ էլիպսաձև, ծաղիկը՝ վառ դեղին, պտուղը՝ տուփիկ։ Դեղաբույս է։ Պարունակում է թթուներ, վիտամին C։ Ներկատու է։
ՀԻՆԴԼՅԱՆ Հովհաննես (1866, Կ․Պոլիս - 16․3․1950, Կ․Պոլիս), մանկավարժ, հասարակական գործիչ։ Սովորել է ծննդավայրի Ներսեսյան-Երմոնյան և Պերպերյան վարժարաններում։ Պեշիկթաշի Մաքրուհյան, Ս․Խաչ վարժարաններում դասավանդել է հայ․, անգլ․, թվաբանություն, աշխարհագրություն։ Եղել է Մաքրուհյան, Թարգմանչաց, Բերայի թաղային, Ազգ․ կեդրոն․ վարժարանների տնօրենը։ 1909-ին Կ․Պոլսում հիմնել է (Գ․Մալաթյանի հետ) «Նոր դպրոցը»։ Զբաղվել է մանկավարժության պատմության հարցերով։ Ըստ Հ-ի, դաստիարակության նպատակն ու խնդիրը, ինչպես և ուսուցման մեթոդները փոփոխվում են՝ «ժամանակին, տեղին և միջավայրին համեմատ»։ Այս առումով նա մերժել է ժառանգականության տեսության գերագնահատումը, երեխայի հոգու «մաքուր տախտակ» լինելու Ջոն Լոկի տեսությունը։ Ուսուցման մեջ մեծ տեղ է հատկացրել դիդակտիկային, աշխ․ դաստիարակությանը համատեղ ուսուցմանը։
Հ-ի գրչին են պատկանում «Փունջ մանկավարժ բանախոսությանց» (1901) հրապարակային դասախոսությունների շարքը, «Ուսուցանելու մեթոդ» (կամ «Մեթոդ դիրեկտիվ», 3 մասից, 1908), «Անկեղծ էջեր» (հ․ 1-4, 1913-22), «Դաստիարակին անբաժանելի ընկերը» (1925), ինչպես նաև մանկապատանեկան գեղ․ ստեղծագործություններ։ Հ․ կազմել է ֆրանս․ դասագրքեր, կատարել թարգմանություններ։
ՀԻՍԱՐՅԱՆ Հովհաննես, Մամբրե (24․6․1827, Կ․Պոլիս - 9․8․1916, Կ․Պոլիս), արձակագիր, գրական-մշակութային գործիչ։ Կրթությունն ստացել է ծննդավայրում։ Եղել է ուսուցիչ։ 1851-52-ին Կ․Պոլսում հրատարակել է «Բանասեր» պարբերագիրք-ժող․, որի նպատակն էր «լուսավորություն, կրթություն քարոզել, ազգային առաջադիմության առաջնորդել»։ Հ-ի «Խոսրով և Մաքրուհի» (1851, «Բանասեր»), «Նեռն կամ Կատարած աշխարհի» (1867) վեպերը կրոնաբարոյախոս․ ու սենտիմենտալ-հայեցող․ գաղափարախոսությամբ հանդերձ, հայ ռոմանտիկ․ գրակ-յան ուշագրավ գործերից են։
Երկ․ Կարճառօտ պատկեր Նաբոլեոն Պոնաբարթէին վարուցը, ԿՊ, 1847։ Դիվան, որ է տաղարան, ԿՊ, 1871։
ՀԻՐԻԿ, զամբեղ (Iris), հիրիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։
Տերևները թրաձև են, երկար, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, սպիտակ կամ դեղին։ Պտուղը տուփիկ է։
ՀՀ-ում հանդիպում է 14 տեսակ՝ կովկասյան, սրաշաքիլ, ցածրաճ, նրբագեղ, ցանցավոր, կղմինդրաձև ևն, որոնք աճում են ՀՀ բոլոր գոտիներում։ Գեղազարդիչ բույսեր են։ Բոլոր տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, իսկ էնդեմիկ՝ նրբագեղ Հ․ (I․ elegantissima), որը հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով, բնական բուսուտների կրճատման պատճառով գրեթե անհետացել է։
ՀՅՈՒԲՇՄԱՆ Հայնրիխ (Յոհան Հայնրիխ) [1․7․1848, Էրֆուրտ - 20․1․1908, Ֆրայբուրգ (Շվեյցարիա)], գերմանացի լեզվաբան, հայագետ, իրանագետ։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1872)։ Պատմահամեմատ․ լեզվաբանության մեջ երիտքերակ․ ուղղության Լայպցիգի դպրոցի ներկայացուցիչ։ 1868-ին Ենայի համալսարանում աշակերտել է Ա․ Շլայխերին, ապա՝ հայագիտ․ բնագավառում Ենայի և Տյուբինգենի համալսարանների պրոֆ․ Ա․ Մերքսին։ Ավարտել է Մյունխենի համալսարանի արևելագիտության բաժինը (1872)։ «Զրադաշտական մի երգ» (1872) ուսումնասիրության մեջ նրա ուշադրությունը գրավել է նաև հայ-ը։ 1873-75-ին Վիեննայի Մխիթարյան միաբանությունում ուսումնասիրել է այն և հետագայում հիմնականում զբաղվել միայն հայ-ով։ 1875-ին Լայպցիգի համալսարանում դասախոսի պաշտոն ստանալու համար ներկայացրել է «Հայոց պատմության և արաբների առաջին պատերազմների մասին՝ ըստ Սեբեոսի հայերենի (բնագրի)» աշխատությունը, որը ներառնում է Սեբեոսի պատմության որոշ հատվածներ՝ գերմ․ թարգմանությամբ և ծանոթագրություններով։ Հ․ լեզվի զարգացման մեջ մեծ տեղ է հատկացրել ոչ լեզվ․ երևույթներին՝ մշակույթին, մշակութ․ փոխազդեցություններին, տարածքային նվաճումներին։
Լեզուների համեմատական ուսումնասիրության համար կարևոր է համարել բացառություններ չճանաչող հնչյուն․ օրենքների, ինչպես նաև լեզվի պատմության մեջ համաբանության գործոնի ազդեցության բացահայտումը։ Հնդեվրոպ․ լեզուների փոխհարաբերության հարցում Հ․ ընդունել է Յո․ Շմիդտի «ալիքների տեսությունը»։ «Հնդեվրոպական լեզուների շրջանում հայերենի դիրքի մասին» (1875) հոդվածում, հայ-ը համեմատ․ քննության ենթարկելով մյուս հնդեվրոպ․ լեզուների հետ, Հ․ ապացուցել է, որ հայ-ին իրան․ բնույթ տվող բառերը պարսկ․ փոխառություններ են, իսկ հայ-ը իր բնիկ բառապաշարով, հնչյուն․ և քերակ․ կառուցվածքով անկախ դիրք է գրավում հնդեվրոպ․ լեզվաընտանիքում։ Հետագայում Հ․ ավելի մանրամասն քննության է ենթարկել հայ-ի հնչյուն․, քերակ․ համակարգերը և բառապաշարը։ Նրա կարևոր աշխատություններից են նաև «Հայագիտական ուսումնասիրություններ»-ը (1883), «Հայերենի քերականությունը» (մաս 1-2, 1895-97), «Հին