1927-ից հրատարակում է աշխատությունների ժող․։
ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՀ կառավարությանն առընթեր, ստեղծվել է 1992-ին, 1987-ին կազմակերպված Հիդրոմետեորոլոգիայի հայկական հանրապետական վարչության հիմքի վրա (1941-87-ին՝ հիդրոմետծառայություն)։ ՀՀ-ում ջրաօդերևութաբան․ կենտրոնացած աշխատանքներն սկսվել են 1925-ից։ Հ․վ․ հանրապետության ժող․ տնտեսությանն ու բնակչությանն ապահովում է ջրաօդերևութաբան․, այդ թվում՝ վտանգավոր ու բնական աղետների, բնական միջավայրի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ լրատվությամբ ու կանխատեսումներով, ընթացիկ ու ռեժիմային նյութերով, կատարում է մթն․ օդի, ջրային օբյեկտների, գյուղատնտ․ կուլտուրաների վիճակների կանոնավոր դիտարկումներ, համապատասխան կազմակերպությունների հետ՝ ջրերի քանակ․ և որակ․ ցուցանիշների պետ․ հաշվարկ, կազմում է ջրաբան․ տվյալների ամփոփագիր, կազմում և հրատարակում կլիմայական, ագրոօդերևութաբան․, ջրաբան․, գիտակիրառ․ տեղեկագրքեր ու տարեգրքեր, կազմակերպում բնական միջավայրի ուսումնասիրման ու աղտոտվածության մակարդակի գնահատման աշխատանքներ։
Վարչության համակարգում են ջրաօդերևութաբան․ և բնական միջավայրի աղտոտվածության դիտարկումների կենտրոնները, Սևանի ջրաօդերևութաբան․ դիտակայանը, ՀՀ տարբեր կլիմայական գոտիներում (450-3200 մ բարձր-ներում) գործող ավելի քան 50 օդերևութաբան․, Երևանի օդաբան․, Մերձավանի ագրոօդերևութաբան․, Քաջարանի ձնահյուսքային կայանները, խոշոր ու միջին չափի գետերի ջրաչափ․ դիտակետերը։
ՀԻԼԶԵՆՐԱԹ Էդգար (ծ․ 1926, Լայպցիգ), գրող։ Ծագումով՝ հրեա։ Գրում է գերմ․։ Ֆաշիստ․ Գերմանիայում հրեաների հալածանքների ժամանակ ընտանիքով փախել է Ռումինիա (1938), որտեղից 1941-ին քշվել է Մոգիլյով (Բելառուս), հրեական գետտո։ 1951-ին հաստատվել է ԱՄՆ-ում։ 1975-ին վերադարձել է Գերմանիա։ Նրա ստեղծագործություններից են «Գիշեր» (1964) վեպը, որտեղ նկարագրել է գետտոյի իր կյանքը, «Նացիստն ու վարսավիրը» (1977) գրոտեսկը, «Վերջին մտքի հեքիաթը» (1989, Ալֆրեդ Դյոբլինի մրց․, 1989) վեպը, որը 1915-ին հայ ժողովրդի ապրած ողբերգության մասին է և թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։
Երկ․ Վերջին մտքի հեքիաթը, գիրք 1-3, Ե․, 1993-96։
ՀԻՄՆԱՆԵՐԿ գեղանկարչության մեջ, նախաներկ, նկարի հիմքի և ներկերի միջև ընկած միջանկյալ շերտ, որն ստեղծվում է գունաշերտի հետ ամուր կապ, հաճախ նաև ցանկալի ֆոն ու մակերես ստանալու նպատակով։ Հ-ի հիմն․ բաղադրատարրը փոշենման նյութ է, որը կապակցվում է սոսնձով, բուս․ յուղերով և յուղային էմուլսիաներով։
Միջնադարյան Հայաստանի որմնանկարներում որպես Հ-ի բաղադրամաս օգտագործել են հանգած կիր, ալաբաստր (լուսնակուճ), ձվի դեղնուց, կիսայուղեր, հավանական է՝ մեղր, իսկ XVIII-XIX դդ․ հաստոցային գեղանկարչության մեջ՝ ձկան սոսինձ, կավիճ, յուղեր։ Գրաֆիկայում Հ․ թթվակայուն շերտ է, որով պատում են մետաղե թիթեղը՝ օֆորտի, աքվատինտայի և այլ տեխնիկաներով աշխատելիս՝ կերագծելու ժամանակ պատկերի առանձին մասերը թթվի ազդեցությունից պահպանելու նպատակով։
ՀԻՆ ՔԱՐԻ ԴԱՐ, պալեոլիթ, քարի դարի երկու հիմնական ժամանակաշրջաններից առաջինը։ Պեղածո մարդկանց ու կենդանիների գոյության ժամանակաշրջանն է։ Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկ․ լեռնաշխարհում, Հ․ք․դ-ի կլիմայական պայմանները, բուս․ և կենդ․ աշխարհը խիստ տարբերվել են արդիականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար ևն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբ, ձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հ․ք․դ-ի սկիզբը (ավելի քան 2 մլն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին քարի դարին (մոտ 10-12 հզ․ տարի առաջ)։ Հ․ք․դ․ բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հ․ք․դ-ին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզ․ տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ)։
Հայկ․ լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, Սիսիանում, Արարատ, Արագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկ․ Տավրոսի հվ․ լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հ․ք․դ-ի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լ․ կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխ․ ճանաչման։
Գրկ․ Սարդարյան Ս․Հ․, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Ե․, 1967։
ՀԻՆԱԾԱՂԻԿ (Impatiens balsamina), բալասանիկ, զգայնուկազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույ