աշխարհի և միջին դարերի պատմությունների, լեզվաբանության հետ։
Հայաստանում հնագիտ․ առաջին պեղումները կատարել է Ա․Երիցյանը։ 1871-ին Որնակ (այժմ՝ Ակներ, Ալավերդի ք․ շրջագծում) գ․ մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան։ Մեծածավալ պեղումներ են կատարել նաև Ե․Լալայանը և Ժ․ դը Մորգանը Սևանի ավազանում և Գուգարքում։ Վերջինս 1909-ին, Արտին լ․ լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ։ 1898-99-ին Լեհման-Հաուպտի և Բելքի գլխավորած գերմ․ արշավախումբը, իսկ 1916-ին Հ․Օրբելին և Ն․Մառը պեղումներ են կատարել Վանում (Թոփրակկալե)։ Սակայն ամենանշանակալին Ն․Մառի ղեկավարությամբ պեղումներն էին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիում։ XX դ․ 20-ական թթ․ վերջից մինչև 30-ական թթ․ կեսը Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի և մշակույթի պատմության ինստ-ի նախաձեռնությամբ պեղումներ են կատարվել Էլարում, Գոլովինոյում, Վաղարշապատում, Ամբերդում, Շենգավիթում և այլուր։ 1937-ին Ս․Տեր-Ավետիսյանի, հետագայում՝ Կ․Ղաֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք Դվինի, իսկ 1939-ին, Բ․ Պիոտրովսկու ղեկավարությամբ՝ Վանի թագավորության Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պեղումները։ 1945-ից հետո՝ պատերազմին հաջորդող տարիները նշանավորվել են Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի ուսումնասիրության ասպարեզում ձեռք բերած հաջողություններով։ Բ․Առաքելյանի և Գ․Տիրացյանի ղեկավարությամբ կատարվել են Գառնիի, Արմավիրի, Արտաշատի պեղումները։ Կարևոր նշանակություն ունի Վանի թագավորության Էրեբունի (Կ․Հովհաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հ․Մարտիրոսյան, Կ․Կ․Ղաֆադարյան) քաղաքների ուսումնասիրությունը։ Կանոնավոր պեղվում են քարեդարյան (Երևանի, Լուսակերտի քարայրեր), վաղ երկրագործ․ (Թեղուտ) և Կուր-Արաքսյան վաղ բրոնզի (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգավիթ, Կարնուտ, Հառիճ) մշակույթների, միջին և ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի (Լճաշեն, Արթիկ, Մեծամոր, Շամիրամ, Լոռե բերդ, Հոռոմ, Աղթամիր, Դվին ևն) հուշարձանները։ Նորանոր նյութեր են հայտնաբերվել անտիկ ժամանակաշրջանի (Շիրակավան, Բենիամին, Հողմիկ) և միջնադարյան (Մարմաշեն, Ամբերդ, Լոռե, Սպիտակ ևն) հնավայրերի պեղումներից։ Այժմ Հայաստանում հնագիտ․ աշխատանքները գլխավորում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստ-ը, որը վերջերս ակտիվացրել է իր հնագիտ․ աշխատանքները նաև Արցախում՝ արտասահմ․ (ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Ֆրանսիա) գիտ․ համագործակցությամբ։ Հ-յան կարևոր կենտրոններ են նաև ԵՊՀ հայագիտ․ հետազոտությունների կենտրոնը և հնագիտության ամբիոնը, ՀՊՊԹ։
Գրկ․ Ղաֆադարյան Կ․Գ․, Հնագիտական աշխատանքը Հայաստանում սովետական շրջանում, ՊԲՀ, 1970, դ 3։ Հնագիտություն և ազգագրություն, «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 50 տարում», ժող․,Ե․, 1994։ Приотровский Б.Б․, Археология Закавказья, Л․, 1949․
ՀՆԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, պատմության հատուկ գիտաճյուղ, որն զբաղվում է գրավոր աղբյուրների հրապարակման մեթոդների ուսումնասիրմամբ ու մշակմամբ։ Սերտորեն կապված է բանասիրության, աղբյուրագիտության, հնագրության, բնագրագիտության, արխիվագիտության, հրովարտակագիտության (դիպլոմատիկա) ևնի հետ։ Որպես գիտ․ մասնաճյուղ Արմ․ Եվրոպայում զարգացել է XVII դ․։
XIX դ․ սկզբից Վենետիկի Մխիթարյան միաբանության, Էջմիածնի վանքի և Մոսկվայի Լազարյան ճեմարանի ջանքերով հրատարակվել են հայ մատենագիրների երկերի բնագրերը։ Հայաստանում հնագրագիտ․ աշխատանքները լայնորեն ծավալվել են 1920-ից հետո։ Հրատարակվել են հայ մատենագիրների երկեր, պատմ․ վավերագրեր, վիմարձանագրությունների պրակներ, պատմ․ մի շարք ժող-ներ ևն։ ՀՀ-ում Հ-յան կենտրոններ են Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանը, ԳԱԱ պատմության, հնագիտության և ազգագրության, արեվելագիտության ինստ-ները, արխիվները (տես նաև Հնագրություն)։
ՀՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, պատմաբանասիրական գիտաճյուղ, որն ուսումնասիրում է գրի պատմությունը, գրատեսակների ու գրանշանների կրած փոփոխությունները, հնագույն գրավոր հուշարձանները, համառոտագրությունները, կապգրերը, ծածկագրերը, գրչության արվեստը և հարակից այլ խնդիրներ (գրի կամ ձեռագրի ստեղծման ժամանակը, տեղը, հեղինակի ինքնության հաստատումը, տեքստի վերծանումը ևն)։ «Հ․» տերմինն առաջին անգամ օգտագործել է XVIII դ․ ֆրանս․ գիտնական Բ․Մոնֆոկոնը, որի անվ․ հետ է կապված Հ-յան առանձնացումը հրովարտակագրությունից (դիպլոմատիկա)՝ որպես ինքնուրույն գիտաճյուղի։
Հայկ․ Հ-յան առանձին հարցերի ուսումնասիրությամբ առաջինը զբաղվել է Ի․Հարությունյանը («Հայոց գիրը», 1892)։ Սակայն Հ-յան, որպես տես․ գիտաճյուղի, հիմքերը դրվել են XIX դ․ վերջին, երբ Հ․Տաշյանը կազմել է Վիեննայի Մխիթարյան մատենադարանի հայկ․ ձեռագրերի ցուցակը («Ակնարկ մը հայ հնագրության վրա», 1898)։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին տպագրվել են հայկ․ այլ ձեռագրացուցակներ։ Հայոց գրի և գրչության հարցերին անդրադարձել են Գ․Հովսեփյանը («Գրչության արվեստը հին հայոց մեջ», 1913), Հ․Աճառյանը («Հայոց գրերը», 1928), Կ․Ղաֆադարյանը («Հայկական գրի սկզբնական տեսակները», 1939), Գ․Լևոնյանը, Լ․ Խաչերյանը, Է․Աղայանը և