Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուր․։ Հայկ․ Հ-յանն են նվիրված Ա․Աբրահամյանի «Հայկական պալեոգրաֆիա» (1948) և «Հայոց գիր և գրչություն» (1973) աշխատությունները, որոնցում հեղինակն անդրադարձել է նախամաշտոցյան հայկ․ գրի հնարավոր գոյությանը, հայկ․ գրատեսակներին, տոմարագիտությանը, առոգանության նշաններին, կապգրությանը, համառոտագրությանը, ծածկագրությանը, գրանյութին ու գրեն․ պիտույքներին ևն։ Հայաստանում ձեռագրերի հնագր․ ուսումնասիրությամբ զբաղվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում, հրատարակվում են ձեռագրացուցակներ («Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հ․ 1-2, 1965-70, «Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մաշտոցի անուան մատենադարանի», հ․ 1, 1984), առանձին մենագրություններ։

ՀՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, պատմական երաժշտագիտության, միաժամանակ պատմաբանասիրական հնագրության բնագավառ, երաժշտապատմական գիտաճյուղ, որ ուսումնասիրում է երաժշտական գրության հին համակարգերը, երաժշտ․ նշանների էվոլյուցիայի օրինաչափությունները, նրանց գծագրական ձևերի փոփոխությունները և երաժշտական գրության հին հուշարձանները՝ նրանցում կիրառված նոտային համակարգերի բովանդակության և նրանց գրության ժամանակի ու վայրի առումով։ Հիմն․ խնդիրն է երաժշտ․ գրության մոռացված համակարգերի վերծանումը և նրանցով գրառված երաժշտության փոխադրությունը ժամանակակից գծային նոտագրության։ Որպես ինքնուրույն գիտություն ձևավորվել է XIX դ․ կեսերին։

Հայկ․ Հ․ե․ հիմն․ հարցերից է հայկ․ խազային նոտագրության ուսումնասիրությունը։ Այդ բնագավառում աշխատել են բազմաթիվ եվրոպացի երաժիշտ-միջնադարագետներ։ Նշանակալից են հայ հետազոտողներ Ե․Տնտեսյանի և Կոմիտասի, ժամանակակից երաժշտագետներ Ռ․Աթայանի, Ն․Թահմիզյանի աշխատությունները։ Վերջին շրջանում որոշակի հաջողություններ կան հատկապես հին երաժշտ․ ձեռագրերի հայտնաբերման, դրանց թվագրման, հայ երաժշտ․ հնագրության սկզբունքների մշակման, խազագրության համակարգերի պատմության, էվոլյուցիայի ուսումնասիրման, նաև որոշ տեսական-հնագրական հարցերի մշակման գործում։ (Տես Խազագրություն)։

Գրկ․ Կոմիտաս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե․, 1941։ Աթայան Ռ․, Հայկական խազային նոտագրությունը, Ե․, 1959։ Ataian R․, Armenische Chasen, “Beitrǎge zur Musikwissenschaft”, Berlin, 1968, Heft 1/2; Tahmisian N․, Les anciens manuscripts musicaux arméniens․․․, “Revue des études Arméniennes”, P․, 1970, t․ 7․


ՀՆԱԿԵՆԴԱՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հնէաբանության բաժին․ զբաղվում է բրածո կենդանիների, դրանց անատոմիայի, դասակարգման, ժամանակակից կենդանիների հետ ունեցած ազգակցական կապերի, աշխարհագրական տարածման ևնի ուսումնասիրությամբ։ Ապարներում պահպանված կենդանիների մնացորդների ու դրոշմների միջոցով վերականգնվում է անցյալ երկրբ․ ժամանակաշրջանների կենդ․ աշխարհը, պարզվում նստվածքների ու օգտ․ հանածոների առաջացման ժամանակաշրջանը, երկրի զարգացման պատմությունը։ Բաղկացած է անողնաշարավորների Հ․, ողնաշարավորների Հ․ բաժիններից։

Հայկ․ լեռնաշխարհի բրածո կենդանիների վերաբերյալ գիտ․ առաջին տեղեկությունները հանդիպում են Հ․Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանություն» (գերմ․ հ․ 1-2, 1899, 1902) աշխատության մեջ։ Հնակենդ․ ուսումնասիրություններով զբաղվել են Բ․Մեֆերտը, Վ․ Ռենգարտենը, Վ․Բոգաչովը, Ա․Ասլանյանը, Մ․ Աբրահամյանը, Ս․Բուբիկյանը, Ա․Գաբրիելյանը, Ս․Մեժլումյանը, Հ․Ասատրյանը և ուր․։ Հրատարակվել են «Հայկական ՍՍՌ երկրաբանությունը» (ռուս․, հ․ 2, Շերտագրություն, 1964), «ՀՍՍՀ բրածո ֆաունայի ատլաս» (ռուս․, 1974), «ՍՍՀՄ երկրաբանություն» (ռուս․, հ․ 13, Հայաստան, 1970), Ա․Ասլանյանի «Հայաստանի ռեգիոնալ երկրաբանություն» (ռուս․, 1958), Ա․Գաբրիելյանի «Հայկական ՍՍՌ պալեոգենն ու նեոգենը» (ռուս․, 1964), Ս․Գրիգորյանի «Հայկական ՍՍՀ նումուլիտները և օրբիտոիդները» (ռուս․, 1986) և այլ աշխատություններ։

Հնակենդբ․ ուսումնասիրությունների հիման վրա ստեղծվել է ՀՀ ֆաներոզոյի ստորաբաժանման ժամանակագր․ սանդղակ, որը գիտ․ ու տես․ նշանակություն ունի օգտ․ հանածոների քարտեզներ կազմելու համար։