Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հնակենդբ․ գիտ․ աշխատանքներ տարվում են ՀՀ ԳԱԱ երկրբ․ գիտությունների ու կենդանաբանության ինստ-ներում և ՀՀ բնապահպանության նախարարության երկրաբանական վարչությունում։

ՀՆԱՐԱԿԵՐՏ, Հունարակերտ, բերդաքաղաք Մեծ Հայքի Ուտիք և Գուգարք նահանգների սահմանագծին, Կուր և Խրամ գետերի միախառնման տեղում, սեպաձև հրվանդանի վրա (այժմ՝ ավերակ)։ Մովսես Խորենացու վկայությամբ, Հ․ եղել է Սիսակյան Առանի ժառանգության հս-արմ․ սահմանագլուխը։ Ջվանշեր պատմիչը Հ․ անվանում է Կուրի բերդ, վրացիները՝ Խունանի, երբեմն՝ Խանցիխե (Խանաբերդ, Խան գետանունով)։ Հայ Արշակունիների ժամանակաշրջանում (I-V դդ․) այն եղել է Մեծ Հայքի հս․ սահմանակալ բերդ։ V-VII դդ․ Սասանյանները Հ․ Գուգարքի հետ միացրել են Վրաց մարզպանությանը, սակայն բերդաքաղաքը մնացել է հայ եպիսկոպոսանիստ կենտրոն։ Արաբ․ տիրապետության թոթափումից հետո Հ․ վերամիավորվել է (IX-X դդ․) Բագրատունյաց Հայաստանին։ XIII դ․ սկզբին Իվանե և Սմբատ Օրբելյանները Հ․ ազատագրել են սելջուկյան թուրքերից և միացրել վրաց Բագրատունիների թագավորությանը։ Ավերվել է հավանաբար թաթար-մոնղ․ արշավանքներից։

Հ․ ունեցել է հաջորդաբար կառուցված երեք ամրոց, որոնք միմյանցից բաժանվել են Կուրից մինչև Խրամ փորված խրամներով։ Պարիսպներն ամրացվել են հզոր աշտարակներով։ Հ-ի ավերակները նկարագրել են Ս․Ջալալյանցը և Մ․ Բարխուդարյանցը։

Գրկ․ Ջալալյանց Ս․, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858։ Բարխուդարյանց Մ․, Արցախ, Բաքու, 1895։ Երեմյան Ս․, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե․, 1963։ Հովհաննիսյան Մ․, Հայաստանի բերդերը, Վնտ․, 1970։


ՀՆԳԱՄԱՐՏ ժամանակակից, սպորտային բազմամարտ․ ընդգրկում է ձիավարությունը՝ արգելքների հաղթահարմամբ, սուսերամարտը (մենամարտ յուրաքանչյուր մասնակցի հետ մինչև առաջին խոցումը), հրաձգությունը՝ փոքր տրամաչափի ատրճանակով (20 կրակոց, 4 շարքով), լողը (ազատ ոճ, 300 մ), վազքը՝ կտրտված տեղանքով (4000 մ՝ մեծահասակների, 3000 մ՝ պատանիների համար)։ Մրցումները տևում են 5 օր (օրական մեկ մարզաձևից)։ 1912-ից օլիմպ․ խաղերի ծրագրում է։ 1948-ին հիմնադրվել է ժամանակակից Հ-ի և բիաթլոնի միջազգ․ միությունը (ՈՒԻՊՄԲ), որի պրեզիդենտը 1988-92-ին եղել է Ի․Նովիկովը։

1956-ին Հայաստանի Հ-ի հավաքականը (Ի․ Նովիկով, Վ․ Խալեյան, Վ․Մաթևոսյան, Ռ․Աղախանյան) մասնակցել է ԽՍՀՄ ժողովուրդների առաջին սպարտակիադային և արժանացել չեմպիոնի կոչման։ 1963-90-ին Երևանում անցկացվել է Հ-ի միջազգ․ մրցաշար։ ՀՀ-ում 1952-ից գործում է ժամանակակից Հ-ի մասնագիտացված մարզադպրոց։ Հայաստանցի մարզիկներից միջազգ․ մրցաշարերում և ԽՍՀՄ առաջնություններում հաջողությունների են հասել Է․Բարոյանը, Վ․Զախարենկոն, Վ․Բելովը և ուր․։


ՀՆԳԵԿ, 1․ հողահարկ Հայաստանում, զարգացած ավատատիրության ժամանակաշրջանում (IX-XIII դդ․)։ Կազմել է ջրարբի հողերից ստացվող եկամուտների 1/5 մասը։

2․ Կիլիկյան Հայաստանում բերքի 1/5 մասը կազմող բնամթերային ռենտան։


ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, հնդեվրոպաբանություն, պատմահամեմատական լեզվաբանության բաժին։ Զբաղվում է հնդեվրոպ․ լեզուների համեմատ․ ուսումնասիրությամբ։ Հ․լ․ որպես լեզվաբան․ առանձին գիտություն ձևավորվել է XIX դ․ 1-ին քառորդում։

Հնդեվրոպաբանները հայ-ի պատմահամեմատ․ ուսումնասիրությամբ զբաղվել են Հ․լ-յան ձևավորման հետ միաժամանակ։ Լեզվաբանության պատմության մեջ առաջին անգամ Հ․Պետերմանի «Հայերենի քերականություն» (1837) գրքում հայ-ը դասվում է հնդեվրոպ․ լեզուների շարքը։ Ֆ․ Վինդիշմանը («Հայերենի տեղը արիական լեզվաբնում», 1846) փորձում է որոշել հայ-ի բնույթը և այն համարում է արիական ճյուղի լեզու։ Այս տեսակետն իշխող է եղել մինչև 1875-ը։ «Հայերենի տեղը հնդեվրոպական լեզուների մեջ» (1875) հոդվածում Հ․Հյուբշմանն ապացուցել է, որ հայ-ը հնդեվրոպ․ լեզվաընտանիքի առանձին