հայերի։ Միայն 365 հոգու հաջողվեց դուրս գալ շրջապատումից։ Հ․ հ․ թուրք․ ջարդարարների դեմ հայ ժողովրդի մղած պայքարի հերոս․ էջերից է։
Գրկ․ Թերզյան Ս․Հ․, Հաճընի ութամսյա դյուցազնամարտը, Բուենոս Այրես, 1956։ Սահակյան Ռ․Գ․, Թուրք-ֆրանսիական հարաբերությունները և Կիլիկիան 1919_1921 թթ․, Ե․, 1970։ Թորոսյան Շ․Թ․, Կիլիկիայի հայերի ազգային-ազատագրական շարժումները 1919_ 1920 թթ․, Ե․, 1987։
ՀԱՄԱԲԱԼՈՒՑԻԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ, հիմնվել է 1934-ին՝ դեռևս XIX դարի վերջին և XX դարի սկզբին Բալուից և համանուն գավառի գյուղերից ԱՄՆ գաղթած հայերի հայրենակցական խմբերի միավորումով։ Կենտրոնը գտնվում է Փրովիդենսում։ Սկզբում կոչվել է Համաբալուցիական վերաշինաց միություն։ Բալու կամ Բալահովիտ անունները Հայաստանում հավերժացնելու խնդրանքով միությունը 1967-ին դիմել է Հայաստանի կառավարությանը։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1968-ի դեկտ․ 26-ի հրամանագրով Աբովյանի շրջ․ Մհուբ գ․ (այժմ՝ ՀՀ Կոտայքի մարզում) վերանվանվել է Բալահովիտ, որի հետ Հ․հ․մ․մ․ ունի սերտ կապեր։
ՀԱՄԱԲԱՐԲԱՌ, 1․ ավետարանների միաբարբառ վկայությունները կամ մեկնությունները Ս․Գրոց մեջ։ 2․ Որևէ երկում գործածված բոլոր բառերի այբբեն․ դասավորությունը՝ համապատասխան բնագրային օրինակներով (կամ առանց օրինակների) և գործածության տեղի (էջի) նշումով։ Գիտ․ Հ-ները կարելի է բաժանել 2 տեսակի՝ բառաքերակ․, որտեղ տրվում են հեղինակի օգտագործած բառերը, և բնագր․, որտեղ տրվում են ընդարձակ բնագր․ վկայություններ։ Հայկ․ հին Հ-ներից առավել հայտնի են Զմյուռնիայինը (1848), որն ընդգրկում է Նոր կտակարանը, և Թ․Աստվածատրյանի կազմած Աստվածաշնչի Հ․ (1895)։ Վերջին տասնամյակներում կազմվել և լույս են տեսել Եզնիկ Կողբացու, Կորյունի, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու, Ֆրիկի, Ասողիկի և այլոց երկերի Հ-ները։
ՀԱՄԱԵՐԶՆԿԱՑԻԱԿԱՆ ՎԵՐԱՇԻՆԱՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ, Երզնկայի գավառի հայերի հայրենակցական միություն։ Հիմնվել է 1934-ին, Դետրոյտում (ԱՄՆ), հայրենակցական խմբերի միավորումով։ Նպատակն էր Հայաստանում հիմնել Նոր Երզնկա ավան և այն բնակեցնել երզնկացիներով։ 1966-ին Աշտարակի շրջանում հիմնվել է Նոր Երզնկա ավանը (այժմ՝ Կոտայքի մարզում)։
ՀԱՄԱԶԱՍՊ (Սրվանձտյան Համազասպ Խաչատուրի) (1873, Վան _ 1921, Երևան), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Գարեգին Սրվանձտյանի եղբոր որդին։ Եղել է արմենական, ապա՝ ՀՀԴ կուս-յան անդամ։ Վաղ հասակից ներգրավվել է հեղ․ շարժման մեջ։ Խուսափելով թուրք իշխանությունների հետապնդումներից՝ հեռացել է Վանից, անցել Երևան, Շուշի։ Մասնակցել է 1905_06-ի հայ-թաթար․ կռիվներին, 1906-ին կազմակերպել է Գանձակի հայության պաշտպանությունը թաթար․ ոտնձգություններից։ 1908-ին, դաշնակցական գործիչների հետ, ձերբակալվել է ցար․ կառավարության կողմից, դատապարտվել մահվան, սակայն այն փոխարինվել է 15 տարվա տաժանակրությամբ (Սիբիր)։ 1913-ին փախել է բանտից, անցել Եվրոպա, ապա Կ․Պոլիս։ 1914-ին Կարինում կայացած ՀՀԴ կուս-յան 8-րդ ընդհանուր ժողովում կտրականապես դեմ է արտահայտվել երիտթուրքերի հետ որևէ համագործակցության։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նշանակվել է կամավորական 3-րդ գնդի հրամանատար։ Մասնակցել է բազմաթիվ ճակատամարտերի։ Ապահովել է Բասենի և Ալաշկերտի շրջանից հայ բնակչության անվտանգ գաղթը։ Եղել է 1915-ի մայիսին Վանն ազատագրող հայ կամավորներից, կռվել է Բիթլիսի ուղղությամբ (հուլիսին), հոկտեմբերին՝ հաջող արշավանք ձեռնարկել Խիզան։ Ռուսաստանում 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո նշանակվել է Ալաշկերտի շրջանի զինվորական ոստիկանության հրամանատար (մինչև ռուս․ զորքերի կողմից Կովկաս․ ռազմաճակատը լքելը)։ 1918-ին կռվել է Բաքվի կոմունայի համար, Հայկ․ բրիգադի (3000 զինվոր ու սպա) հրամանատարն էր, դրսևորել է ռազմավարի, հմուտ կազմակերպչի կարողություններ, և 4 ամիս շարունակ հետ մղել Բաքու արշավող թուրք․ գերակշիռ ուժերը։ Բաքվի կոմունայի անկումից հետո անցել է Պարսկաստան։ 1918-ին (առաջին համաշխ․ պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո) վերադարձել է Հայաստան, նշանակվել Նոր Բայազետի շրջանի զորամասերի հրամանատար, մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, 1920-ի Մայիսյան ապստամբության ճնշմանը։ Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից հետո ձերբակալվել է և 1921-ի փետրվարին Երևանի բանտում սպանվել։
Գրկ․ Լազարյան Գ․, Դեմքեր հայ ազատագրական շարժումեն, Կահիրե, 1949, էջ 71_75։
ՀԱՄԱԶԱՍՊ ԱՆԵՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIII դարի հայ հոգևոր և մշակութային գործիչ։ Եղել է եպիսկոպոս, 1242-ին հիշատակվում է որպես Հաղպատի վանքի առաջնորդ։ 1245-ին կառուցել է Հաղպատի վանքի գավիթը, որը կոչվել է «Համազասպի շենք»։ Հ․ Ա․ հիշվում է Հաղպատի շուրջ երկու տասնյակ թվակիր ու անթվակիր արձանագրություններում։ 1261-ին Հ․ Ա․ և Սանահինի փակակալ Գրիգորը Վարդան Արևելցուն պատվիրել են գրել «Մեկնութիւն Հնգամատենինը»։ Վարդան Արևելցին Հ․ Ա-ու պատվերով գրել է նաև Աստվածածնին, Գրիգոր Լուսավորչին, Հովհան Օձնեցուն նվիրված