աղայական, բեգական, մելիքական), վանքապատկան, գյուղացիական (Արլ․ Հայաստանում Հ-յան զարգացման մասին տես նաև Գյուղացիություն և Գյուղացիական ռեֆորմ Հայաստանում 1870)։ XIX դ․ և XX դ․ սկզբին Թուրքիայի տիրապետության տակ գտնվող Արմ․ Հայաստանում Հ-յան հիմն․ ձևը՝ պետականը, փաստորեն եղել է կալվածատիրական։ 1830-40-ական թթ․ վերացված ռազմաավատ․ Հ-յան փոխարեն առաջացել է աղայական և բեգական Հ․։ Թուրքիայի 1858-ի ապրիլի 21-ի հողային օրենքում արձանագրվել է Հ-յան 5 ձև․ մուլք (մասնավոր), մերի (պետ․), վակֆ (մզկիթապատկան), մետրուքե (հաս․), մևաթ (անօգտագործելի)։ Սեփ․ հող չունեցող հայ գյուղացիները վարձակալել են կալվածատիր․ կամ վանքապատկան-մզկիթապատկան հողերը։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին կազմակերպվել են վարձու աշխատանքով վարվող առաջին չիֆթլիկային տնտեսությունները։ 1908-ի երիտթուրք․ հեղաշրջումն Արմ․ Հայաստանի Հ-յան ձևերի մեջ փոփոխություն չի մտցրել։
Արևելյան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո արմատական փոփոխություններ կատարվեցին Հ-յան և հողօգտագործման հարաբերություններում։ 1921-ի ապրիլի 28-ի դեկրետով հողն ազգայնացվեց։ Վերացվեցին կալվածատիր․, վանքապատկան և եկեղեցապատկան Հ․, հողի նկատմամբ մասնավոր սեփականության իրավունքը։ Գյուղատնտ․ հողատեսքերը հավասարության սկզբունքով, ըստ շնչերի բաժանվեցին գյուղացիությանը՝ յուրաքանչյուր շնչին, միջին հաշվով՝ մոտ 2 հա հող (5 կտոր՝ վարելահող, այգի, խոտհարք, արոտավայր, տնատեղ)։ Գյուղատնտեսության համատարած կոլեկտիվացմամբ (1932) գյուղում հիմք դրվեց հողօգտագործման նոր հարաբերությունների։ Գյուղատնտ․ հողատեսքերի մեծ մասն առհավետ կամ երկարաժամկետ, ձրի օգտագործման նպատակով ամրացվեց կոլտնտեսություններին, պետ․ տնտեսություններին և ձեռնարկություններին, հաս․ կազմակերպություններին, կոոպերատիվներին, անհատ քաղաքացիներին։ Դրանց չափերը սահմանվում էին օրենքով։ 1990-ին կոլ․ և պետ․ տնտեսություններին, հանրային արտադրություն կազմակերպելու նպատակով, Հայաստանում ամրացված էր 462,4 հզ․ հա վարելահող, իսկ կոլտնտեսականներին և գյուղում ապրող բանվոր-ծառայողներին հատկացված էր 29,4 հզ․ հա տնամերձ հող։ Հողի նկատմամբ պետ․ մենաշնորհը վերացնելու և ստեղծվող նոր պայմաններում հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 1991-ից Հայաստանում հողի նկատմամբ հաստատվեց նաև կոլեկտիվ և քաղաքացիների մասնավոր սեփականություն։
Հայաստանի Հողային օրենսգրքով (1991) հանրապետության տարածքում սահմանվել են․ ա․ ՀՀ քաղաքացիների, բ․ կոլեկտիվ, գ․ պետ․ սեփականության ձևերը։
Հողային օրենսգիրքը կարգավորում է նաև հողային հարաբերությունները ՀՀ տարածքում՝ ապահովելով հողերի գիտականորեն հիմնավորված արդյունավետ օգտագործումն ու պահպանումը, բնական միջավայրի և պատմամշակութային հողերի պահպանումն ու բարելավումը, սեփականության բազմաձևության հիման վրա տնտեսավարման բոլոր ձևերի իրավահավասար զարգացման համար պայմանների ստեղծումը, քաղաքացիների, ձեռնարկությունների և կազմակերպությունների իրավունքների պահպանությունը, հողային հարաբերությունների բնագավառում օրինականության ամրապնդումը։
ՀՀ հողային ֆոնդն ըստ նպատակային օգտագործման բաժանվում է․ 1․ գյուղատնտ․ նշանակության, 2․ բնակավայրերի (քաղաքներ, գյուղեր), 3․ արդ-յան, տրանսպորտի, կապի, պաշտպանության և այլ նշանակության, 4․ բնապահպան, առողջարարական, հանգստավայրերի, մարզ․ և պատմամշակութ․, 5․ անտառային ֆոնդի, 6․ ջրային ֆոնդի, 7․ պահեստային ֆոնդի հողեր։ Պետ․ ֆոնդի հողերը որպես սեփականություն տրամադրվում են․ ա․գյուղացիական և գյուղացիական կոլ․ տնտեսություն վարելու համար՝ մասնակի հատուցմամբ, բ․ որպես տնամերձ հողամաս, գ․ այգեգործության (ամառանոց) համար, դ․ քաղաքներում բնակելի տների շին-յան և դրա սպասարկման համար։ 1995-ին ՀՀ-ում կազմակերպված մոտ 313 հզ․ գյուղաց․ տնտեսություններին հատկացվել է 396918 հա սեփականաշնորհված գյուղատնտ․ հողատեսք (առանց արոտավայրերի), այդ թվում՝ 284 հզ․ հա վարելահող, 48,2 հզ․ հա բազմամյա տնկարկ։ Միջին հաշվով գյուղաց․ մեկ տնտեսությանը հատկացվել է 0,91 հա վարելահող և 0,15 հա բազմամյա տնկարկ։ 1244 գյուղաց․ կոլ․ տնտեսություններին, կոլ․ սեփականության իրավունքով, հատկացվել էր 40117 հա գյուղատնտ․ հողատեսք, այդ թվում՝ 29558 հա վարելահող և 351 հա բազմամյա տնկարկ։ Միջին հաշվով մեկ տնտեսությանն ընկնում էր 23,7 հա վարելահող և 0,28 հա բազմամյա տնկարկ։
Գրկ․ Մանանդյան Հ․, Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Երկ․, հ․ 4, Ե․, 1981։ Ադոնց Ն․, Պատմական ուսումնասիրություններ, Փարիզ, 1948։ Ավդալբեգյան Խ․Հ․, Հողային հարցը Արևելյան Հայաստանում (1801-1917 թթ․), Ե․, 1959։ Համբարյան Ա․Ս․, Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856-1914), Ե․, 1965։ Խոնդկարյան Մ․Ս․, Արևելյան Հայաստանի ագրարային հարաբերությունների պատմությունից, Ե․, 1974։
ՀՈՂԵՐԻ ԱՂԻԱՑՈՒՄ, հողում ջրալույծ հանքային աղերի կուտակման գործընթաց։ Բնորոշ է հիմնականում անապատային և կիսաանապատային գոտուն։ Հողի վերին շերտերի աղիացումը տեղի է ունենում, երբ աղ պարունակող ստորգետնյա ջրերը մոտ են հողի մակերևույթին, միջավայրի ջերմաստիճանը բարձր է, մթն․ տեղումները՝ սակավ։ Հողակլիմ․ այդպիսի պայմաններում ստորգետնյա ջրերը բարձրանում են վեր, գոլորշիանում, իսկ աղերը կուտակվում են հողի վերին շերտերում։ Հ․ա․ լինում է ուժեղ (0,7-1 %), միջին (0,5-0,7 %) և թույլ (0,3-0,1 %)։ 1 %-ից ավելի աղ պարունակող հողերը կոչվում են աղուտներ։ Ոռոգվող հողերում սխալ ագրոտեխնիկայի, ցամաքուրդա