Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/344

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՀԱՆՆԵՍ Բ ԳԱԲԵՂԵՆՑԻ (ծ․թ․ անհտ․ - 573), Հայոց կաթողիկոս 557-ից։ Գործուն պայքար է ծավալել նեստորականության և քաղկեդոնականության դեմ։ Թղթեր է հղել Սյունյաց եպիսկոպոսին ու Աղվանից կաթողիկոսին՝ հորդորելով պայքարել այդ ուղղությունների հետևորդների դեմ։ 571-ին հայ ապստամբների առաջնորդ Վարդան Մամիկոնյանի հետ գլխավորել է Կ․Պոլիս մեկնած հայոց պատվիրակությունը, կայսրից՝ ընդդեմ պարսիկների, օգնություն խնդրելու նպատակով։ 572-ին Կ․Պոլսում հիմնել է հայոց առանձին կրոն․ համայնք։

Գրկ․ Տեր-Մինասյան Ե․Գ․, Պատմաբանասիրական հետազոտություններ, Ե․, 1971։


ՀՈՎՀԱՆՆԵՍ Բ ԹԼԿՈՒՐԱՆՑԻ (ծ․թ․ անհտ․ - 1525), Կիլիկիայի հայոց կաթողիկոս 1489-ից։ Սսի անապահով վիճակի պատճառով մեծ մասամբ եղել է Հալեպում։ Նրան են վերագրվում Հալեպի եկեղեց․ մի շարք կառույցներ։ Զբաղվել է Երուսաղեմի պատրիարքության պարտքերի գործով, որի համար կոչվել է նաև «կաթողիկոս Երուսաղեմի»։ Հետազոտողները (Մ․Չամչյան, Ղ․Ալիշան, Կ․Կոստանյան, Բ․ Կյուլեսերյան և ուր․) նրան ավանդաբար նույնացրել են բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցու հետ, սակայն նոր ուսումնասիրողները (Ն․Ակինյան, Ա․Մնացականյան, Է․Պիվազյան) այդ կարծիքը ժխտում են։


ՀՈՎՀԱՆՆԵՍ Գ ՕՁՆԵՑԻ, Հովհան Իմաստասեր [ծ․թ․ անհտ․ գ․ Օձուն (Գուգարքի Տաշիր գավառում) - 728], փիլիսոփա, Հայոց կաթողիկոս 717-ից։ Կրթությունը ստացել է Այրարատի Արագածոտն գավառում։ Արաբ․ խալիֆայության տիրապետության պայմաններում ձգտել է ամրապնդել Հայոց եկեղեցու դիրքերը։ 719-ին մեկնել է Դամասկոս, Օմար խալիֆային խոստացել ապահովել հայերի հնազանդությունը, որով Հայոց եկեղեցին ու հոգևորականությանն ազատել է որոշ հարկերից, ապահովել քրիստ․ կրոնի ազատությունը Հայաստանում։ Միաժամանակ ձեռք է բերել ազատություն Խրամում ու Նախճավանում հայ իշխանների ողջակիզումից (705) հետո աքսորվածների համար, որոնք և վերստացել են իրենց ժառանգ․ հողատիր․ իրավունքները։ 720-ին Դվինի ժողովում ընդունել է պավլիկյանների դեմ ուղղված կանոն։ Գրել է «Ընդդեմ Պաւղիկեանց» աշխատությունը։ Հայերի և ասորիների միաբնակ եկեղեցիների միջև տարաձայնություններին վերջ տալու, հակառակորդ եկեղեց․ ուսմունքների (հատկապես՝ քաղկեդոնականության) դեմ միասնաբար պայքարելու նպատակով, Մանազկերտ քաղաքում 726-ին հրավիրել է եկեղեց․ ժողով, որը կանոնական օրենսդրությամբ վավերացրել է երկու եկեղեցիների միասնությունը։ Հայոց եկեղեցու անկախության, քաղկեդոնականության դեմ պայքարելու համար, առաջին անգամ հայ իրականության մեջ կազմել է «Կանոնագիրք Հայոց»։

Ըստ Հ․ Գ Օ-ու, աշխարհն աստվածային էության դրսևորումն է։ Բնության հիմքում ընկած են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդն ու կրակը։ Ծանոթ լինելով անտիկ փիլիսոփայությանը՝ հատկապես Արիստոտելին, վերջինիս տրամաբանությունը օգտագործել է կրոն․ դրույթների հիմնավորման համար։ Հ․ Գ Օ․ իմացությունը դիտում է որպես պրոցես, որը սկսվում է չիմացությունից և հասնում գիտության։ Քննադատելով իմացության մեջ զգայականի դերի նսեմացումը՝ գտնում է, որ չպետք է դիմել նաև մյուս ծայրահեղությանը, որովհետև միայն զգայությամբ ճշմարտության հասնել անկարելի է։ Զգայության միջոցով ճանաչվում է եզակին իր քանակ-որակ․ հատկանիշներով, իսկ ընդհանուր գիտելիքը ձեռք է բերվում բանականությամբ։ Ամեն մի մարմին կազմալուծվում է վրա հասնող մահվան պատճառով։ Ուրեմն մահը մարմնի քայքայումն է, իսկ սա էլ, իր հերթին, պայմանավորված է նրանում տեղի ունեցող փոփոխություններով, այսինքն՝ շարժմամբ։ Թեև նյութն Աստծու արարչության արդյունք է, բայց արարումից հետո փոփոխվում է իր ներքին օրինաչափություններով։ Իբրև քրիստ․ բարոյականության արտահայտիչ, Հ․ Գ Օ․ չարի ու բարու հարցը լուծել է նրանց բացարձակ հակադրության դիրքերից։ Հ․ Գ Օ-ու անունով պահպանվել են ճառեր, դավանաբան․, պաշտամունք․, ծիս․ և այլ բնույթի կրոն․ գրվածքներ։

Երկ․ Մատենագրութիւնք, Վնտ․, 1833։

Գրկ․ Հովհաննես Դրասխանակերտցի, Պատմութիւն Հայոց, Թ․, 1912։ Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե․, 1961։ Լեո, Երկ․ ժող․, հ․ 2, Ե․, 1967։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳՐԻՉ, XI դարի գրիչ։ 1069-ին Նարեկավանքում Անանիա Վարագացու համար ընդօրինակել է Մեսրոպ Մաշտոցի ձեռքով գրված մի Ավետարան (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարան, ձեռ․ № 10434)։ Մեսրոպ Մաշտոցի Ավետարանն ընդօրինակելու միակ վկայությունն է։ Ձեռագիրը, որից ընդօրինակել է Հ․Գ․, ժամանակին պատկանել է Նարեկավանքի առաջնորդ Անանիա Նարեկացուն, ապա՝ Գրիգոր Նարեկացուն։


ՀՈՎՀԱՆՆԵՍ Դ ՈՎԱՅԵՑԻ (ծ․թ․անհտ․ - 855), Հայոց կաթողիկոս 833-ին և 841-ից։ Կաթողիկոս դառնալու տարում գահազրկվել է Հայոց իշխան Բագրատ Բագրատունու կողմից և մտել Այրիվանք, ուր մնացել է 8 տարի։ 841-ին՝ նախա