րարների ժողովում վերահաստատվել է կաթողիկոս․ գահին։ 850-ական թթ․ Հայաստանում ստեղծված ծանր պայմաններում ջանացել է ոգևորել բնակչությանը, ուրացությունից հետ պահել որոշ նախարարների։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՄԱՍԿԱՑԻ (մոտ 675, Դամասկոս - 750), բյուզանդական աստվածաբան, իմաստասեր, բանաստեղծ, հունալեզու հայրաբանության համակարգող և եզրափակող, պատկերապաշտական ուղղության հոգևոր առաջնորդ։ Ապրել և ստեղծագործել է Բյուզանդ․ կայսրության սահմաններից դուրս՝ խալիֆայության տարածքում։ Եղել է Դամասկոսի խալիֆի պալատական գիտնականը (սկզբնաղբյուրները պահպանել են նրա արաբ․ անունը կամ մականունը՝ Մանսուր), այնուհետև դարձել է վանական և մինչև իր կյանքի վերջն ապրել Երուսաղեմի մոտ գտնվող Ս․Սաբայի մենաստանում։ Հ․Դ-ու աստվածաբան-իմաստասիր․ հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արիստոտելի, նորպլատոնականների, մասնավորապես Դավիթ Անհաղթի փիլ-տրամաբան․ ուսմունքները և Արևելյան եկեղեցու հայրերի կրոնաիմաստասիր․ վարդապետությունները։ Իր ստեղծագործություններում կարողացել է զուգակցել անտիկ և քրիստ․ մտածելակերպի բնորոշ գծերը։ Դրա արտահայտությունն է նրա հանրագիտարանային աշխատությունը՝ «Գիտելիքի աղբյուրը»։ Թեև իմաստասիրության էության, սահմանումների հարցում հետևել է Դավիթ Անհաղթին, սակայն, ի տարբերություն վերջինիս, իմաստասիրությունը ծառայեցրել է կրոն․ սկզբունքների հիմնավորմանը, այսինքն՝ հիմք դրել մտածողության սխոլաստիկ․ մեթոդին։ Պատկերամարտության դեմ մղված պայքարում մշակել է նյութի աստվածաբանությունը և պաշտամունքի իմաստասիրությունը։ Հ․ Դ-ու «Դիալեկտիկա» («Տրամաբանություն») աշխատությունը թարգմանվել և օգտագործվել է որպես տրամաբանության ձեռնարկ նաև միջնադարյան Հայաստանում։ X դ․ Բագարատ Մամիկոնյանը կատարել է դրա համառոտ թարգմանությունը, իսկ XIII դ․ Սիմեոն Պղնձավանեցին թարգմանել է ամբողջ աշխատությունը վրաց-ից։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՐԴԵԼ, Ժան Դարդել (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIV դարի ֆրանսիացի ժամանակագիր, հոգևորական։ 1377-ին Երուսաղեմ մեկնելիս, Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի սուլթանության զորքի կողմից գերված Լևոն Զ Լուսինյանին, որի խնդրանքով, Երուսաղեմից վերադառնալիս, մնացել է նրա մոտ՝ որպես խոստովանահայր։ Հ․Դ-ի ջանքերով Լևոն Զ ազատվել է (1382) գերությունից, որի համար Ուրբանոս VI պապը Հ․Դ-ին ձեռնադրել է եպիսկոպոս։ Հեղինակ է ժամանակագրության (հին ֆրանս-ով, որը հետագայում թարգմանվել է գրաբար․ ենթադրվում է, որ այն Հ․Դ․ գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ), ուր համառոտ շարադրել է Կիլիկիայի հայկ․ պետության պատմությունն սկզբից մինչև 1341-ը, իսկ այնուհետև ավելի մանրամասն՝ մինչև Լևոն Զ-ի գերեվարությունը (1375) և դրան հաջորդած անցքերը։
Երկ․ Ժամանակագրութիւն Հայոց, ՍՊԲ, 1891։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴՐԱՍԽԱՆԱԿԵՐՏՑԻ (845-850-ի միջև, գ․ Դրասխանակերտ, Այրարատ - մոտ 929), պատմագիր, Հայոց կաթողիկոս 897-ից։ Կրթությունն ստացել է Սևանա կղզու վանքում, իր ազգական Մաշտոց կաթողիկոսի մոտ (որին և հաջորդել է հետագայում)։ Հայաստանի վրա Ատրպատականի ամիրա Յուսուփի արշավանքը կանխելու նպատակով, Հայոց թագավոր Սմբատ Ա-ի հրահանգով 908-ին մեկնել է Ատրպատական՝ Յուսուփի հետ բանակցելու, սակայն ձերբակալվել ու նետվել է բանտ։ Բանտից փախել ու անցել է Աղվանք, Վրաստան, ապա վերադարձել է Հայաստան ու հաստատվել Տարոնում։ Սմբատ Ա-ի մահից հետո, 914-ին բյուզ․ պատրիարք Նիկողայոսը բարեկամական նամակով Հ․Դ-ուն առաջարկել է Հայաստանի, Վրաստանի ու Աղվանքի միասնության ծրագիր։ Հ․Դ․ չի մեկնել Կ․Պոլիս (որտեղ բանակցությունների համար Աշոտ Երկաթ թագավորի հետ հրավիրված էր նաև ինքը)։ Դվինում հաստատված Հ․Դ․, խույս տալով արաբ զորապետ Նըսըրի հալածանքներից, անցել է Սևանա կղզի, ապա՝ Բյուրական և Բագարան։ Երբ Նըսըրը գրավել է կաթողիկոսանիստ Դվինը, Հ․Դ․ ընդունել է Վասպուրականի Գագիկ թագավորի հրավերը և 927-ին մեկնել Վասպուրական։
Հ․Դ-ուց պահպանվել են «Շարք կաթողիկոսացն Հայոց» (Հայոց կաթողիկոսների ցանկը՝ սկզբից մինչև իր օրերը, կենսագր․ համառոտ տվյալներով) և «Պատմութիւն Հայոց» աշխատությունները։ Վերջինս ընդգրկում է Հայաստանի պատմությունը՝ նախն․ ժամանակներից մինչև 924-ը։ Մինչև IX դ․ կեսի մասին տեղեկությունները վերցված են այլ պատմիչներից (կան տվյալներ, որոնք ուրիշ աղբյուրներում չեն հանդիպում)։ Հատկապես արժեքավոր է երկի՝ IX դ․ 2-րդ կեսից հետո ընկած ժամանակաշըրջանն ընդգրկող մասը, որը նա գրել է անցքերին մոտիկից հաղորդակից, հաճախ՝ մասնակից լինելով։ Հանգամանորեն պատմում է Սմբատ Ա-ի ու Աշոտ Երկաթի թագավորության շրջանում կատարված դեպքերի, Յուսուփի արշավանքների, դրանց քաղ․ և տնտ․ ծանր հետևանքների, Սմբատ Ա-ի նահատակման, ժողովրդի ծանր վիճակի, Աշոտ Երկաթի ջանքերով երկրի ազատագրման և հարակից անցքերի մասին։ Ուշագրավ տեղեկություններ կան X դ․ սկզբին Այրարատում ծավալված գյուղաց․ շարժումների, ինչպես նաև վրացի ու աղվան ժողովուրդների մասին։ Հ․Դ․ նրանց հորդորում է միաբանվել, դրվատում հայրենասեր գործիչներին, դատապարտում երկպա