Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հս-արլ․ մասը կցել կայսրությանը։ 972-ին, դաշինք կնքելով Հռոմ․ սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հս․ Միջագետքը, 974-975-ին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։

Արաբ․ խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հզ-անոց բանակով շարժվել է ընդառաջ, երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՏԿԵՐԱՀԱՆ [Հովհաննես Էմիրի (Հովսեփի), մոտ 1695, Կեսարիա - 21․2․1758, Ալբանո (Իտալիայում)], նկարիչ, կրոն․ գործիչ։ Նկարչությամբ զբաղվել է 13-14-տարեկանից։ 1720-ից ստորագրել է «Յովհաննէս Պատկերահան»։ 1716-40-ին նյութ․ ապահովության համար եղել է Հռոմի պապի զինվորը, ապրել Հռոմում, համագործակցել Վենետիկի Ս․Ղազար վանքի Մխիթարյան միաբանության հետ։ Մխիթար Սեբաստացու և այլոց պատվերներով կատարել է մի շարք նկարներ («Աստվածամոր ծնունդը», 1719, «Գրիգոր Լուսավորիչ», 1720, «Ս․Անտոն Անապատական», 1741, «Ս․Բենեդիկտիոս», 1742, «Խաչելություն», 1742, բոլորը՝ Ս․Ղազար վանքում, «Ցավագին Տիրամայրը», Մարիա Մաջորե վանք, Ալբանո), որոնք օժտված են ռոմանտիկ․ շնչով, կոմպոզիցիայի, հեռանկարի ու գծանկարի խոր զգացողությամբ՝ կատարված նկարչ․ որոշակի սահմանափակումներով։ Պահպանվել են Հ․Պ-ի ինքնակենսագրությունը, նամակները (Ս․Ղազար վանքի դիվան), կտակը և շիրիմը (Մարիա Մաջորե վանք, Ալբանո)։

Գրկ․ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974։ Ճեմճեմյան Ա․, Հովհաննես Պատկերահան, «Բազմավեպ», 1986, № 1-4։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ ՔԹՌԵՇԵՆՑ (մոտ 1610-ական թթ․, Նոր Ջուղա - 1660-ական թթ․), տպագրիչ, մշակութային գործիչ։ Սովորել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի դպրոցում, աշակերտել Խաչատուր Կեսարացուն։ Աշխատել է վերջինիս՝ 1636-ին հիմնադրած տպարանում, մասնակցել Նոր Ջուղայում լույս տեսած առաջին հայ․ գրքերի՝ Սաղմոսարանի (1638) և «Հարանց վանքի» (1641) տպագրությանը։ 1639-ին Խաչատուր Կեսարացին նրան ուղարկել է Իտալիա։ Հռոմի վարպետներին Հ․Ջ․Ք․ պատրաստել է տվել հայ․ տպատառեր, պատկերների տպատախտակներ, ձեռք բերել տպագր․ սարքեր և Լիվոռնոյում 1644-ին լույս ընծայել Սաղմոսարան։ Տպարանը տեղափոխել է Նոր Ջուղա, որտեղ 1647-ին տպագրել է «Պարզատումար» (նորջուղայեցիների և հնդկահայերի օգտագործած տոմարացույցը)։ Տեղեկություններ կան, որ առաջինն է սկսել տպագրել Աստվածաշունչը, որը, սակայն, անավարտ է մնացել։ 1660-ական թթ․ 2-րդ կեսին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Ջուղայի առաջնորդ, որտեղ և նահատակվել է մի հայ աղջկա փրկելիս։ Հ․Ջ․Ք-ի տպատառերի և տպատախտակների մի մասը պահպանվել է (գտնվում են Նոր Ջուղայի հայկ․ թանգարանում)։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԱՀՆԵՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XIV դարի վերջի և XV դարի գրիչ, մանրանկարիչ, հոգևոր ու մշակութային գործիչ։ Սանահնի վանքում աշակերտել է «քաջ րաբունապետ» Ղազար և «երաժշտապետ» Հովհաննես վարդապետներին։ Առաջին ձեռագիրը ընդօրինակել է 1399-ին։ Ուսումը կատարելագործելու նպատակով 1411-ին մեկնել է Երուսաղեմ, այնտեղ ընդօրինակել մի Մանրուսմունք։ Վերադառնալով Սանահին՝ ձեռնադրվել է վարդապետ։ Վերջին անգամ հիշատակվում է ծեր տարիքում, 1462-ին, իր գրած մատյանի հիշատակարանում։ Հ․Ս-ու գրած կամ նկարազարդած շուրջ 10 ձեռագրից հինգը պահվում է Մատենադարանում (ձեռ․ №№ 1537, 1587, 2130, 4435, 8979)։ Պահպանվել են նկարչի՝ տարբեր տարիքում արված ինքնանկարները (ձեռ․ № 1587, էջ 131 բ, ձեռ․ № 8979, էջ 218 բ)։ Քաջ ծանոթ լինելով հայ մանրանկարչության ավանդույթներին՝ ստեղծել է բազմաթիվ տերուն․ պատկերներ, որոնք աչքի են ընկնում հորինվածքների ներդաշնակ համամասնությամբ, կերպարների հստակ մշակմամբ, հարուստ գունաշարով։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՆԴՂԿԱՎԱՆԵՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XI դարի կեսի գրիչ և մանրանկարիչ։ Ստեղծագործել է Արշարունյաց գավառի Սանդղկա վանքում (Երասխաձոր, Կաղզվանի մոտ)։ Հ․Ս-ու մեզ հայտնի երեք ձեռագրերն էլ պահվում են Մատենադարանում։ 1053-ի Ավետարանը (ձեռ․ № 3793) գրվել ու նկարազարդվել է Սանդղկա վանքում։ Երկրորդի՝ «Մողնու Ավետարան»-ի (ձեռ․ № 7736) ընդօրինակման թվականը և տեղն անհայտ են։ Այն ճոխ նկարազարդված է տերունական նկարներով, գլխազարդերով և զարդագրերով, իսկ առաջինը՝ նաև լուսանցազարդերով։ Հայ գրչության արվեստում փաստորեն առաջին անգամ լուսանցազարդի, գլխազարդերի և զարդագրերի հանդիպում ենք այս ձեռագրերում, որտեղ գիրը, նկարը և գրանյութն արտակարգ ներդաշնակության մեջ են։ Երկուսն էլ մագաղաթե, երկաթագիր Ավետարաններ են։ Երրորդ ձեռագրի (հայտնի է «Բեգունց Ավետարան» անունով, ձեռ․ № 10099) միայն լուսանցազարդերն է ծաղկել Հ․Ս․, 1060-ին։

Գրկ․ Մաթեվոսյան Ա․, Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը»), ԲՄ, № 10, 1971։ Իզմայլովա Տ․Ա․, Հովհաննես Սանդղկավանեցի (ալբոմ), Ե․, 1986։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ, Հովհաննես Իմաստասեր (մոտ 1045, Արցախի Փառիսոս գավառ - 1129, Հաղպատ), մատենագիր, գիտնական, փիլիսոփա,