Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/351

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿ ԽԼԱԹԵՑԻ (ծ․թ․ անհտ․ - 1438), միջնադարյան գուսան։ Մանկուց նվիրվել է երաժշտությանը։ Ունեցել է հազվագյուտ ձայն, կատարել աշխարհիկ և հոգևոր երգեր։ Հաղթել է գուսան․ հրապարակային մրցույթներում։ Սպանվել է երիտասարդ հասակում՝ կրոնափոխությունը մերժելու պատճառով։

Գրկ․ Հայոց նոր վկաներ, աշխատությամբ Հ․ Մանանդյանի և Հ․Աճառյանի, Վաղ-պատ, 1903։ Թահմիզյան Ն․, Քննական տեսություն հայոց հին և միջնադարյան երաժշտության պատմության, ԼՀԳ, 1971, № 9։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԾՈՓԵՑԻ [1340, գյուղաքաղաք Զարիշատ (Քաջբերունիք գավառում) - 1410, Հավուց թառ], մանկավարժ, գրիչ, եկեղեցական գործիչ։ Կրթվել է Մեծոփավանքում և Տաթևի համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո ստացել է վարդապետ․ աստիճան, վերադարձել հայրենի գավառ, ձեռնամուխ եղել Մեծոփավանքի վերաշինությանը, ստանձնել վանքի դպրոցի ղեկավարությունը։ Հ․Մ․ ընդօրինակել է փիլ․ բովանդակությամբ մի ձեռագիր (Մատենադարան, ձեռ․ № 5931)։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՐՔՈՒԶ, Հովհաննես Ջուղայեցի, Սպահանեցի (1643, Նոր Ջուղա - 1715, Նոր Ջուղա), փիլիսոփա-աստվածաբան, տրամաբան, քերական, նկարիչ։ 1661-ին ձեռնադրվել է քահանա, 1669-ին՝ վարդապետ։ Հայ․ ու պարսկ․ զուգահեռաբար գրել է ութ մեծածավալ և այլ աշխատություններ, պարսկ․ և արաբ․ թարգմանել Ավետարանն ու այլ գործեր։

Հ․Մ․ աշխարհի սկզբնապատճառ համարել է Աստծուն։ Ճանաչողությունը, ըստ նրա, սկսվում է զգայությունից և ընթանում դեպի աստվածային էության իմացությունը։ Աստծու գոյությունը նա փորձում է ապացուցել նախ բնական փաստերով և ապա միայն Աստվածաշնչի ու եկեղեցու հայրերի հեղինակությամբ։ Հ․Մ․ անդրադարձել է այդ ժամանակ տարածված լյութերական շարժմանը, նրա մեջ տեսել ազգ․ ինքնագիտակցության ու ազգ-ազատագր․ պայքարի տարրեր։ Բացահայտել է աշխարհիկ ու հոգևոր իշխանությունների և նրանց վարած քաղաքականության միջև սերտ կապը, քննադատել իշխան․ կամայականություններն ու անօրինակությունները, առաջ քաշել մարդու անձեռնմըխելիության պահանջը։ Շարունակելով Արիստոտելի, Դավիթ Անհաղթի, Սիմեոն Ջուղայեցու և ուր․ տրամաբան․ ուսմունքների գաղափարները՝ քննարկել է տրամաբանության առարկայի, ուսումնասիրության մեթոդի, մյուս գիտությունների համար նրա նշանակության, ինչպես նաև մտահանգումների տեսության հետ կապված մի շարք հարցեր, առաջադրել նոր և ուրույն գաղափարներ։ «Համառօտ քերականութիւն և տրամաբանութիւն, որ է Քերթութիւն բառի և կրթութիւն բանի» (հրտ․ 1711) աշխատության մեջ իր քերակ․ սկզբունքներով նույնպես հետևել է Սիմեոն Ջուղայեցուն՝ առարկան բաժանելով «նյութի» (տառ, վանկ, բառ) և «տեսակավորության» (բան)։ Ըստ նրա՝ բաղաձայնները երեք տեսակ են՝ «լերկ», «թավ» և «միջակ»։ Խոսքի մասերը քննելիս՝ ելնում է նրանց շարահյուս․ արժեքից և բաժանում երկու խմբի՝ անուն և բայ (սրանք կարող են «ենթակայանալ» և «ստորոգիլ»)։ Անդրադարձել է հոլովմանն ու խոնարհմանը, դերանուններին, ինչպես նաև շարահյուսության, կետադրության, ուղղագրության հարցերին։

Հ․Մ․ հայտնի է նաև որպես նկարիչ։ Ղեկավարել է Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի Հովսեփ Հարեմաթացի եկեղեցու ձևավորումը։ Նրան են վերագրվում «Քրիստոսի կյանքը», «Գրիգոր Լուսավորչի կյանքը», «Լուսավորչական եկեղեցու յոթ խորհուրդները» նկարաշարերը։ Հ․Մ․ ժամանակի ճանաչված դիմանկարիչներից էր։ Իր ինքնանկարն արվեստագետը զետեղել է նույն եկեղեցու խորանի աջ կողմի «Չննջող ակն» հորինվածքում։ Պատկերներ է ստեղծել նաև Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համար («Տաճարի ընծայումը», «Տասներկու տարեկան Հիսուսը քարոզելիս» ևն)։ Նրա աշխատանքներին բնորոշ են դիմագծերի անհատականացված բնութագրումներ, հոգեբ․ շեշտադրումներ, բնանկարի ռեալիստ․ ըմբռնումներ։ Ելնելով նկարչ․ իր գործունեությունից՝ Հ․Մ․ զարգացրել է նաև գեղագիտ․ հետաքրքիր գաղափարներ։

Երկ․ Գիրք Համառօտ․․․, Նոր Ջուղա, 1688։ Դաւանութիւն կամ Կրթութիւն հաւատոյ, Նոր Ջուղա, 1688։ Գիրք որ կոչի Սրբազնագործութիւն, Մադրաս, 1812։

Գրկ․ Խաչատուր Ջուղայեցի, Պատմութիւն Պարսից, Վաղ-պատ, 1905, էջ 153-218։ Ջահուկյան Գ․, Գրաբարի քերականության պատմություն, Ե․, 1974, էջ 150-159։ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974, էջ 32-50։ Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի, հ․ 1-2, Ե․, 1965-70։


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՐՔՈՒԶ (ծ․թ․ անհտ․ - 1432, Տփղիս), XIV դարի վերջի և XV դարի 1-ին կեսի գրիչ, գրչության ուսուցիչ, Անիի եպիսկոպոս, հոգևոր և մշակութային գործիչ։ Աշխատել է Անիում (մինչև 1410-ական թթ․), Սանահինում, Վրաստանի սահմանամերձ Թմոք (Թմոգվի) ամրոցում։ Մեզ են հասել Հ․Ո-ի ընդօրինակած երեք մատյաններ, որոնք գրչության արվ․ փայլուն նմուշներ են․ պահվում են Վիեննայի Մխիթարյանների մատենադարանում (ձեռ․ № 55), Մատենադարանում (ձեռ․ № 1587, 1423 թ․), Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց վանքում (ձեռ․ № 1534, 1426 թ․)։ Հ․Ո-ի աշխատանքներն աչքի են ընկնում ոչ միայն կանոնավոր ու հստակ գրով, այլև կարմրագիր ու ոսկեգիր տողերի և տառերի կիրառմամբ, բոլորգրի և երկաթագրի սկզբնատողերի համադրմամբ, ձեռագիր էջի մակերեսի ներդաշնակ ու կուռ կազմակերպմամբ։

Գրկ․ Մաթեվոսյան Կ․, Անիի եպիսկոպոս Հովհաննես Ոսկեփորիկ գրիչը, «Էջմիածին», 1985, № 8։


ՀՈՎՀԱՆՆԵՍ I ՉՄՇԿԻԿ (մոտ 925 - 10․1․976), բյուզանդական հայազգի կայսր 969-ից։ Կուրկուասների ընտանիքից։ 949-ին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արլ․ զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969-ին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971-ին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի