«Էլմի» (գիտություն) շքանշանի։
Հ․ հիմնականում դիմանկարիչ էր։ Նրա պատվիրատուները Թիֆլիսի մոքալաքները (տոհմիկ քաղաքացիներ), գիմնազիստները, վաճառականները, աստիճանավորներն ու նրանց կանայք էին։ Պահպանելով բնորդի արտաքին վավերական գծերը՝ նկարիչը զգալի տեղ է հատկացրել պատկերվողի տարազին, նրա գունային և դեկորատիվ հնչեղությանը։ Ձգտել է ծավալների մոդելավորման, նյութականության, պատկերվողի հոգեբ․ գծերի շեշտադրման։ Հ-ի արվ-ը, ամփոփելով տոհմի գեղանկարչ․ նորամուծությունները, տեղի գեղագիտ․ պահանջները միահյուսել է Արլ-ի (հատկապես Իրանի) գեղ․ ըմբռնումներին, որակապես նոր աստիճանի բարձրացրել գեղանկարչության ազգ․ մտածողությունը։ Կանանց դիմանկարներին բնորոշ են դեմքի երկարավուն, ձվաձև գծանկարը, նշաձև թախծոտ աչքերը։ Պատկերվողի դեմքն ու ձեռքերը, գրաֆիկ․ խիստ ուրվագծով շեշտված ֆիգուրների եզրագծերը կերպավորված են պլաստիկ․ արտահայտչականությամբ։ Տղամարդկանց դիմանկարները հիմնականում կառուցված են սևի, ճերմակի, կանաչի և կարմրի նրբագեղ համադրումներով։ Սոց․ տարբեր խավերի տիպ․ առանձնահատկությունների հոգեբ․ վերհանումը Հ-ի դիմանկարների կարևոր առանձնահատկություններից է։ Մարտիրոս Օրբելյանի, Թովմաս Թովմասյանի, Դե Կորմիկի դիմանկարների գունային կառուցվածքն ու ձևերի ամուր ներդաշնակությունը համահնչուն են
Հ-ի լավագույն ստեղծագործություններից մեկին՝ Ներսես Աշտարակեցու դիմանկարին։ Իրան․ շրջանի գործերում (դրանց թիվն անցնում է 10-ից) փոփոխություն են կրել դիմանկարի կառուցման հովնաթանյանական սկզբունքները։ Նկարները դարձել են որոշակիորեն հանդիսային, էկլեկտիկ։
Հ-ի արվ․ խոր հետք է թողել ժամանակի գեղանկարչության զարգացման վրա։ Դրա վկայություններն են այն բազմաթիվ դիմանկարները, որոնք գրակ․ մեջ հայտնի են «Հովնաթանյան դպրոց» կամ «XIX դ․ 1-ին կեսի Թիֆլիսյան դպրոց» անվամբ։ Հ-ի աշխատանքներն աչքի են ընկնում պրոֆեսիոնալ վարպետությամբ, հմայիչ երփնագրով, կերպարային մտածողության կատարելությամբ, խոր մարդասիրությամբ։
Հովնաթանյան ընտանիքի վերջին տաղանդավոր նկարիչ Հ․ նոր որակ է հաղորդել XVII-XVIII դդ․ ձևավորված հայ նոր գեղանկարչությանը, ուղենիշ եղել ազգ․ արվ․ զարգացման ընթացքում։
Հ-ի աշխատանքների զգալի մասը գտնվում է ՀԱՊ-ում, Վրաստանի արվ․ թանգարանում (Թբիլիսի), Արլ-ի ժողովուրդների արվ․ պետ․ թանգարանում (Մոսկվա), մասնավոր հավաքածուներում։ Հ․ թաղված է Թեհրանի Ս․Գևորգ եկեղեցու բակում։
Գրկ․ Մարտիկյան Ե․, Հայկական կերպարվեստի պատմություն, գիրք 1, Ե․, 1971։ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974։ Նույնի, Художники Овнатаняны, М․, 1968․
ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ Հովնաթան Հակոբի [1730-ական թթ․, գ․ Շոռոթ (Սյունիքի Երնջակ գավառում) - 1801/1802, Թիֆլիս], նկարիչ։ Աշակերտել է հորը՝ Նաղաշ Հակոբին (տես նաև Հովնաթանյան ընտանիք)։ 1760-ական թթ․ կատարել է Էջմիածնի վանքի պատվերները։ 1776-ին Վրաց Հերակլ II թագավորը Հ-ին հրավիրել է Թիֆլիս՝ որպես պալատ․ նկարիչ։ Միաժամանակ շարունակել է Էջմիածնի տաճարի նկարազարդման ու ձևավորման աշխատանքը, որն ավարտել է 1786-ին։ Ձևավորել է նաև Երևանի խանի պալատը, նկարներ ստեղծել Պարսկաստանում։ Հ-ի դիմանկարները որակապես նոր աստիճանի են բարձրացրել այսպես կոչված «ղաջարների ոճը»։ Պատմ․ գործիչների դիմանկարներով հայ արվեստում ստեղծել է հանդիսային դիմանկարի առաջին օրինակները։ Իր թեմատիկ պատկերներում (Էջմիածնի տաճարի «Ավետընկալ Մարիամ», «Մոգերի երկրպագությունը», «Խորհրդավոր ընթրիք» ևն) առաջին անգամ հայ իրականության մեջ ստեղծել է դասական սկզբունքներով լուծված հորինվածքներ, ի հայտ բերել հոգեբ․ գծերի արտահայտման ձգտում։ Մի շարք աշխատանքներում («Աստվածամոր փառքը») ակնառու է նկարչի ստեղծագործ․ ազատության, ավանդ․ թեմայի ինքնատիպ լուծման հակումը։ Հ-ի արվեստում տեղական գեղ․ հիմքի վրա բեկվել են արմ․ և ուշ իրան․ արվ-ների ազդեցությունները։ Հ-ի ստեղծագործությունը եզրափակում է XVII դ-ում սկիզբ առած հայ նոր արվ․ զարգացման կարևոր փուլը։
Գրկ․ Չոպանյան Ա․, Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910։ Հովսեփյան Գ․, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի ու մշակույթի պատմության, պր․ 5, Անթիլիաս, 1951։
ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ Ռուբեն Հայկազի (1․1․1940, Երևան - 5․2․1999, Երևան), գեղանկարիչ։ Ավարտել է ԵԳԹԻ գեղանկարչ․ բաժինը (1964)։ Թեմատիկ հորինվածքի, դիմանկարի և բնանկարի ժանրերում Հ․ ստեղծել է գեղանկարչորեն հյութեղ ռիթմաշարով դինամիկ, իրապաշտ․ երկեր («Պատուհան» շարքը, 1965-79, «Կեսօր», 1973)։ Նկարչի «Իմ քաղաքի շինարարները» կտավը (1976) արժանացել է ՀԼԿԵՄ մրցանակի։ Հ-ի կանացի կերպարները բնորոշվում են մաքրության, արթնացումի, ցայգալույսի փոխաբերությամբ («Հարդարվելիս» շարքը, 1980-89)։ 1988-ի երկրաշարժի յուրօրինակ խտացումն են «Ողբ» (1992), «Խորհրդավոր ընթրիք» (1995), «Ավետում» (1997) նկարները։ Անհատ․ ցուցահանդես է ունեցել Լոս Անջելեսում (1997)։
ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ, XVII-XIX դարերում նկարիչների ընտանիք։