Տոհմի հիմնադիրը Գրիգորի և Զորիկի որդի, գրիչ և ծաղկող Հովհաննես (Յոհան Շոռոթեցի, ծ․թ․անհտ․ - 1679) քահանան էր։ Հայտնի են Շոռոթում նրա ընդօրինակած երկու Ավետարանը (1653, Մատենադարան ձեռ․ № 2494, 1663, ձեռ․ № 9242) և Հայսմավուրքը (1662-63, ձեռ․ № 7363)։ Գրիչ և մանրանկարիչ էր Հովհաննեսի և Սողոմեի ավագ որդին՝ Մարգար դպիրը, որը 1679-ին Շոռոթում ընդօրինակել է ժող․ (ձեռ․ № 4418)։ Հովհաննեսի կրտսեր որդին էր բանաստեղծ, երաժիշտ և նկարիչ Նաղաշ Հովնաթանը, որը երկար ժամանակ համարվել է տոհմի հիմնադիրը։ Մարգարի որդին՝ տիրացու Հայրապետը, 1765-ին Ագուլիսում ընդօրինակել է Նաղաշ Հովնաթանի Տաղարանը (ձեռ․ № 4426)։ Ենթադրվում է, որ Տաղարանի որոշ պատկերներ ընդօրինակվել են Նաղաշ Հովնաթանի բնօրինակից։ Նաղաշ Հովնաթանի Նաղաշ Հակոբ (1685/90 - 1757) որդին եղել է աշուղ, մանրանկարիչ և գեղանկարիչ։ Նկարազարդել է «Քաղուածք Յավետարանաց»-ը (1720, ձեռ․ № 8645)։ Հեղինակ է հաստոցային նկարների (նրան են վերագրվում «Սանդուխտ կույսը», 1727, «Թադեոս առաքյալը», 1727, «Ղազարոսի հարությունը», 1729, բոլորը՝ ՀԱՊ, Երևան)։ Մյուս որդին՝ Հարությունը (Հարություն Շոռոթեցի, ծ․ և մ․թթ․ անհտ․), առավել հակված է եղել դեպի դեկորատիվ գեղանկարչությունը (ձևավորել է Գրիգոր Տաթևացու «Քարոզգիրքը», 1731, ձեռ․ № 2162)։ Նաղաշ Հակոբ և Հարություն Շոռոթեցի Հովնաթանյան եղբայրները միասին Էջմիածնում պատկերազարդել են մի Հայսմավուրք (1725-30, ձեռ․ № 1533, այս և վերը նշված բոլոր ձեռագրերը՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում), որտեղ թողել են նաև իրենց ստորագրությունները, որմնազարդել Ապրակունիսի Ս․Կարապետ վանքը (1740), Էջմիածնի վանքի Ղազարապատ հյուրանոցը (1741), Վեհարանը, եկեղեցիներ Աստապատում և Ազնաբերդում։ Նաղաշ Հակոբի որդին էր Հովնաթան Հովնաթանյանը։
Տոհմի հաջորդ սերնդի շնորհալի ներկայացուցիչն է Հովնաթանի որդի Մկրտումը (1779, Թիֆլիս - 1845/46, Թիֆլիս), որը դիմանկարիչ էր, ուներ արվեստանոց, աշակերտներ։ Պահպանվել են Թիֆլիսի Նորաշեն եկեղեցու որմնանկարները (1834-35), կաթողիկոս Եփրեմի, Ս․Գուրգենբեկյանի դիմանկարները (ՀԱՊ), հայ թագավորների դիմանկարների շարքը (ՀԱՊ և Էջմիածնի վանքի Վեհարան)։ Այս, ինչպես և Թիֆլիսի Նորաշեն եկեղեցու նկարազարդումներում առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր։
Մկրտումի որդիներն էին Հակոբ Հովնաթանյանը և Աղաթոնը (1816, Թիֆլիս - 1893, Պետերբուրգ), որը 1843-ին ավարտել է Պետերբուրգի գեղ․ ակադ-ը, սովորել Կ․Բրյուլլովի արվեստանոցում։ Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետ․ վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան։ Հայտնի է որպես դիմանկարիչ։ Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ եղբոր՝ Հակոբ Հովնաթանյանի՝ գեն․ Զասի (1836), Մ․Ս․Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա․Ի․Շառլեմանի «Հիշողություններ պաժերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի․Կելլերի «Ա․Մ․Գորչակովի դիմանկարը» (1869), Մ․Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ․Բաշիլովի կատարած գծանկարը (1870) ևն։
Խարսխված լինելով հայկ․ միջնադարյան արվեստի վրա, հարևան ժողովուրդների մշակույթներից յուրացնելով իրենց ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյաններն սկզբնավորել են հայկ․ կերպարվեստի մի շարք սկզբունքներ, ժանրեր, կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար։
Գրկ․ Չոպանյան Ա․, Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովնաթանյան նկարիչը, Փարիզ, 1910։ Ակինյան Ն․, Հովնաթան Նաղաշ և Նաղաշ Հովնաթանյանք և իրենց բանաստեղծական և նկարչական աշխատությունք, Վնն․, 1911։ Հովսեփյան Գ․, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պր․ 4, Անթիլիաս, 1951։ Ղազարյան Մ․, Հայ կերպարվեստը XVII-XVIII դարերում, Ե․, 1974։ Լեվոնյան Գ․, Հովնաթանյան նաղաշները հայ նկարչության պատմության մեջ, ԽԱ, 1938, № 1, 2, 4։ Գեվորգյան Ա․, Հովնաթանյան տոհմի նորահայտ մանրանկարիչներ, ՊԲՀ, 1982, № 2։ Նույնի, Մի լրացում Հովնաթանյան տոհմածառին, ՊԲՀ, 1996, № 1-2։ Казарян М․, Художники Овнатаняны, М․, 1968․
ՀՈՎՆԱՆ (Հովհաննիսյան) Գուրգեն Ներսեսի (ծ․ 20․10․1910, Շուշի), գրականագետ, գրող։ Բանասիր․ գիտ․ դ-ր (1963), պրոֆ․ (1964)։ ԽՍՀՄ հայրենական պատերազմի մասնակից։ Ավարտել է Մոսկվայի մանկավարժ․ ինստ-ի բանասիր․ ֆակ-ը (1933)։ 1954-64-ին՝ ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրակ․ ինստ-ի տնօրեն, 1978-85-ին՝ ԳԱԱ արվ․ ինստ-ի կապերի բաժնի վարիչ։ Աշխատությունները հիմնականում վերաբերում են ժողովուրդների գրակ-մշակութ․ կապերի պատմությանը («Մաքսիմ Գորկին և հայ կուլտուրան», 1940, «Ն․Վ․ Գոգոլը և հայ գրականությունը», 1952, «Ռուս-հայ գրական կապերը XIX-XX դարերում», գիրք 1-2, 1960-61, «Լուի Արագոնը Հայաստանի և հայ մշակույթի մասին», 1985 ևն)։ Գրել է նաև «Ավետիք Իսահակյան» (1976) հուշապատումը, արձակ բանաստեղծություններ, նովելներ։
ՀՈՎՆԱՆ ԽՈՒԹԵՑԻ (ծ․թ․անհտ․ - 852), Արաբական խալիֆայության դեմ հայերի ազատագրական պատերազմի առաջնորդ։ 851-ին Հ․Խ-ու գլխավորած ապստամբները Խութ գավառում հաղթել են խալիֆայի զորքին և սպանել զորապետ Յուսուփին։ Այնուհետև արաբ․ զորավար Բուղան գերել է Հ․Խ-ուն և, չկարողանալով նրան հարկադրել հավատուրացության, գլխատել։ Ենթադրվում է, որ նրա կերպարն է մտել «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մեջ՝ ի դեմս Ձենով Օհանի։ Հ․Խ-ու գեղ․ կերպարն արտացոլվել է Ծերենցի «Երկունք Թ դարու» վեպում։
Գրկ․ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմություն Արծրունյաց տան, Ե․, 1985։
ՀՈՎՆԱՆ ՄՇԵՑԻ (ծ․ և մ․ թթ․ անհտ․), XVIII դարի 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման գործիչ։ Մշո Ս․Կարապետ վանքի վանահայր Հ․Մ․ 1760-ական թթ․ սկզբին նամակագր․ կապ է հաստատել