Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/371

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անդամ (1824)։ Ղ․Հովնանյանի եղբայրը։ Լույս են տեսել Հ-ի «Պատմութիւն տիեզերական ժողովոց եկեղեցւոյ․․․» (1847), «Աշխարհագրութիւն ուսումնական, բնական, քաղաքական» (1835), «Հրահանգ աստեղագիտական ի վերայ գիսաւոր աստեղաց» (1841), «Առաջնորդ դաստիարակութեան» (1862) ուսումնասիրությունները։ Հ-ի «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման և ազգային լեզուաց վրայ․․․» (1857) աշխատությունն ունի ընդհանուր լեզվաբ․ բնույթ։ Ըստ Հ-ի՝ նախապես եղել է մեկ լեզու, իսկ առանձին լեզուների առաջացումը կապված է Բաբելոնյան աշտարակաշինության հետ։ Նա լեզուն դիտել է որպես հաս․ երևույթ և նշել, որ լեզվի պատմությամբ կարելի է ուսումնասիրել մարդկային հասարակության պատմությունը։ Հաստատել է հնդեվրոպ․ լեզուների ցեղակցությունը՝ դրանց շարքում դասելով հայ-ը։ Հ․ հայ իրականության մեջ պատմահամեմատ․ լեզվաբանության առաջին հետևորդն է։

Գրկ․ Ակնարկ մը Վիեննական Մխիթարյան միաբանության գրական գործունեության վրա, Վնն․, 1912։ Աղայան Է․Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 1, Ե․, 1958։


ՀՈՎՆԱՆՅԱՆ Սիմոն Պետրոսի (13․2․1909, Երևան - 15․4․1975, Երևան), ճարտարագետ-հիդրոշինարար։ Տեխ․ գիտ․ թեկնածու (1947), պրոֆ․ (1960)։ ՀԽՍՀ գիտ․ և տեխ․ վաստ․ գործիչ (1967), ՀԽՍՀ վաստ․ շինարար (1957)։ 1931-ին ավարտել է ՀԽՍՀ շին․ ինստ-ը։ 1938-ից դասախոսել է ԵՊԻ-ում, 1956-58-ին՝ շինֆակ-ի դեկան, 1957-75-ին՝ ավտոմոբիլային ճանապարհների ու կամուրջների ամբիոնի վարիչ։ Աշխատանքները վերաբերում են կառույցների ստատիկայի տարբեր հարցերի և կամրջաշինությանը։

Հ-ի նախագծով և ղեկավարությամբ է կառուցվել Երևանի Հաղթանակի կամուրջը։


ՀՈՎՆԱՆՅԱՆ Սուրեն Վարդանի (3․1․1927, Կրասնոդար - 21․9․1975, Երևան), պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ-ր (1969), պրոֆ․ (1972)։ Ավարտել է Երևանի Խ․Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ․ ինստ-ի պատմության ֆակ-ը (1949)։ 1954-59-ին դասախոսել է Երևանի հեռակա մանկավարժ․ ինստ-ում։ 1959-69-ին աշխատել է ՀՀ ԳԱ պատմության ինստ-ում, 1969-75-ին՝ դասախոսել Վանաձորի մանկավարժ․ ինստ-ում։ Հ-ի հիմն․ ուսումնասիրությունը վերաբերում է հայ-բուլղ․ կապերի և բուլղարահայ գաղութի պատմությանը։

Երկ․ Армяно-болгарские исторические связи и армянские колонии в Болгарии во второй половине XIX века, Е․, 1968․


ՀՈՎՆԱՆՅԱՆ ԴՊՐՈՑ, Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոց, հիմնվել է 1877-ին, Թիֆլիսում, բարերար Անանյանի (Հովնանյանի) նախաձեռնությամբ և միջոցներով։ Նախապես կոչվել է Հայ օրիորդաց Անանյան դպրոց։ Ընդունվել են բացառապես չքավոր ընտանիքների աղջիկներ և որբեր։ Ենթարկվել է հայ հոգևոր իշխանությանը, ղեկավարել է հոգաբարձ․ խորհուրդը։ Դասավանդվել են կրոն, հայ եկեղեցու պատմություն, հայ․, ռուս․ և Ռուսաստանի պատմություն ու աշխարհագրություն (դասավանդվել են ռուս․)։ 1884-ին եղել է հինգդասյան միջն․ դպրոց։ 1885-ին փակվել է, վերաբացվել 1886-ին՝ որպես երկդասյան տարրական դպրոց։ 1887-ից Անանյանի խնդրանքով դպրոցը կոչել են Մարիամյան-Հովնանյան դպրոց (կնոջ և իր անունով)։ 1888-ին ունեցել է 246 աշակերտ։ 1896-ին կրկին փակվել է, վերաբացվել 1900-ին, 1908-1909 ուս․ տարվանից՝ միջնակարգ։ Գործել է մինչև 1920-ը։ Տեսուչներ են եղել Տ․Ռաշմաճյանը, Ս․Մալխասյանը, Տ․Տեր-Միրաքյանը։ Դասավանդել են Մ․Աբեղյանը, Մ․Եկմալյանը, Դ․Դեմիրճյանը, Ի․Հարությունյանը, Խ․Կանայանը, Ե․Սարգսյանը և ուր․։


ՀՈՎՍԵՊՈՍ ՓԼԱՎԻՈՍ Հովսեփ բեն Մատաթիա (37/38 - 100-ից հետո), հրեա մատենագիր։ Մասնակցել է 66-73-ին Հռոմի դեմ բռնկած հրեական ապստամբությանը, Գալիլեայում ղեկավարել է Յոտապատա բերդի պաշտպանությունը, գերվել հռոմեացիներից։ Հռոմում ընդունել է իրեն հովանավորող Վեսպասիանոս կայսրի Փլավիոս ազգանունը։ Հուն․ գրել է «Հրեական պատերազմի մասին» (7 գիրք, ընդգրկում է մ․թ․ա․ 175 - մ․թ․ 73-ի ժամանակաշրջանը), «Հրեական հնախոսություն» (20 գիրք, շարադրել է հրեաների պատմությունն աշխարհի ստեղծումից մինչև մ․թ․ 66-ը), «Կենսագրություն» (նկարագրում է 66-ից մինչև II դ․ սկզբի իրադարձությունները) ևն երկեր։ Հ․Փ․ իր նկարագրած շատ իրադարձությունների ականատեսն է ու մասնակիցը, օգտագործել է նաև հավաստի այլ աղբյուրներ։

Հ․Փ-ի երկերում արժեքավոր տեղեկություններ կան Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի, Տրդատ Ա-ի ժամանակաշրջանի վերաբերյալ։ Հայաստանի և հայերի վերաբերյալ նրա տեղեկությունները ճշմարիտ են և արժանահավատ, հակասում կամ ճշտում են հունահռոմ․ հեղինակների աչառու տեղեկությունները։ Հ․Փ-ի երկերից օգտվել է Մովսես Խորենացին։

Երկ․ Օտար աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, 9։ Հին հունական աղբյուրներ, 1, Ե․, 1976։


ՀՈՎՍԵՓ, Հովսեփ-Եպափրոդիտոս (ծ․թ․անհտ․ - 778), Պավլիկյան շարժման առաջնորդ 748-ից։ Հալա