Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/383

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ․ այն ավերել են պարսիկները․ Սահակ Պարթևը կառուցել է նորը։ VII դ․ Կոմիտաս կաթողիկոսն այդ վկայարանի տեղում կանգնեցրել է Հ․տ․։ XVII դ․ Հ․տ․ եղել է կիսավեր։ 1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արմ․ մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արլ․ և հվ․ սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հ․տ-ի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստ․ տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հ․տ-ի տարածքում եղել է հեթանոս․ տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստ․ և վաղ քրիստ․ շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։

Հ․տ․ պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեց․ կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դ․)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ․ անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հ․տ․ կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած․ միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ։ Հ․տ-ի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղ․ կերպարի հիմն․ միջոցն է։ Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարած․ լուծում․ ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն։ Հ․տ․ իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10,1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը։ Հ․տ-ին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը։ Գեղ․ կերպարը վեհ է, հանդիսավոր, խոհական ու ոգեշունչ։

Բացառիկ է Հ․տ-ի նշանակությունը հայ ճարտ-յան համար։ Այն դարերով մշակված գեղ․ մտքի բյուրեղացումն է ճարտ․ ձևի մեջ, Հռիփսիմեատիպ կառույցների ամենավառ օրինակը։

Գրկ․ Еремян А.Б., Храм Рипсиме, Е․, 1955․


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ԻԳԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ, հիմնվել է 1850-ին, Երևանում, Կովկասի Ս․ Նինայի անվան կանանց բարեգործական ընկերության Երևանի վարչության միջոցներով։ Սկզբում կոչվել է Հռիփսիմյան օրիորդաց վարժարան, 1884-ին դարձել օրիորդաց պրոգիմնազիա, 1898-ին՝ իգ․ գիմնազիա։ Ենթարկվել է պետ․ դպրոց․ իշխանություններին և գործել պետ․ ծրագրերով։ Ուսուցումը՝ ռուս․։ Դասավանդվել են կրոն, հայ․, ռուս․, պարսկ․, թվաբանություն, աշխարհագրություն, ձեռագործ։ 1866-ին բացվել է նախապատրաստ․ դասարան, ավելացել են նոր առարկաներ՝ կենսաբանություն, բուսաբանություն, ընդհանուր և ռուսաց պատմություն, ֆրանս․, գեղագիտություն, նկարչություն, երաժշտություն ևն։ 1904-ին բացվել է նաև ութերորդ լրացուցիչ դասարան՝ ռուսաց լեզվի և մաթեմատիկայի բաժանմունքներով։ 1917-ին Հ․ի․գ-ում սովորել է 526 աշակերտ, որից հայեր՝ 352։ 1918-ին ազգայնացվել է, դարձել հայկ․ օրիորդաց գիմնազիա, դասավանդումը՝ հայերեն, կարևորվել են հայագիտ․ առարկաները։ 1921-ից վերակառուցվել է երկրորդ աստիճանի երկսեռ դպրոցի, 1925-ից կրել Ա․Մյասնիկյանի անունը։


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, հիմնվել է 1838-ին, Զմյուռնիայում։ Մինչև 1849-ը կոչվել է Սարգսյան, 1849-ից՝ Հռիփսիմյան (բարերարի անունով)։ 1884-ին կառուցվել է նոր շենք։ Վարժարանը պահվել է հայ համայնքի նվիրատվություններով և Սյունյաց, Հոգատար, Հռիփսիմյան կրթասիրաց, Ուսումնասեր և այլ ընկերությունների օժանդակությամբ։ Մինչև 1877-ը ուսուցումը ձրի է եղել, այնուհետև վարձ են վճարել միայն ունևորները։ Սովորողները ստացել են յոթնամյա կրթություն։ Դասավանդվել են հայոց լեզու և պատմություն, գեղագրություն, դիցաբանություն, երկրաչափություն, բնագիտություն, գծագրություն, աշխարհագրություն, ֆրանս․, անգլ․, թվաբանություն և այլ առարկաներ։ 1840-ին սովորել է 100, 1850-ին՝ 170, 1870-ական թթ․՝ 240, հետագայում՝ 300-400 աշակերտ։ Վարժարանն ունեցել է մանկապարտեզ (1888-ից), աղջիկների և տղաների որբանոց, գիշերօթիկ բաժիններ։ Փակվել է 1922-ին։


ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՎԱՐԺԱՐԱՆ, օրիորդաց դպրոց։ Հիմնվել է 1870-ին, Կարինում, Ս․Աստվածածին եկեղեցու տարածքում, Հարություն եպիսկոպոսի նախաձեռնությամբ։ Նախապես կոչվել է Թարգմանչաց վարժարան, այնուհետև՝ Հ․վ․։ Դպրոցը պահվել է ուսման վարձով, եկեղեցու, Հռիփսիմյան օրիորդաց միության և Կարնեցիներու ուսումնական միության նվիրատվություններով։ Սկզբում եղել է նախակրթարան, 1912-ից գործել է միջն․