Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեծապես ազդել են Թորոս Ռոսլինի արվ․ ոճի ձևավորման վրա, որն իր անանուն սաների հետ ծաղկած Ավետարանների (1256թ․ և 1268թ․, Մատենադարան, ձեռ․ № 10450 և 10675, 1262թ․, Բալթիմորի Ուոլթերս պատկերասրահ, ձեռ․ № 539, 1260թ․, 1262թ․, 1265թ․, Երուսաղեմի Ս․Հակոբյանց վանքի հավաքածու, ձեռ․ № 251, 2660, 1956) մանրանկարներում բոլորովին նոր որակ է հաղորդել Կիլիկյան գրքարվեստին, ներմուծել նոր ավանդույթներ։ Այս Ավետարանների, նաև 1266-ին Սսում պատկերազարդված Մաշտոցի (Երուսաղեմի Ս․Հակոբյանց վանքի հավաքածու, ձեռ․ № 2027) և ստորագրություն չունեցող, բայց Թորոս Ռոսլինին վերագրվող հատորների (1250-ի կամ 1251-ի Լևոն արքայազնի ձեռագրի, 1266-ի Հեթում Ա արքայի մատյանի, Մատենադարան, ձեռ․ № 8321, 5458, XIII դ․ 70-ական թթ․ «Վասակ Իշխանի Ավետարանի», Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ․ № 32․18) մի քանի հարյուրի հասնող մանրանկարները եզակի երևույթ են այդ ժամանակի քրիստ․ գրքարվեստի պատմության մեջ և ներկայացնում են հայ մանրանկարչության ռոսլինյան ինքնուրույն դպրոցի պատկերը։

Ենթադրվում է, որ մասամբ Հռոմկլայում է ստեղծվել XIII դ․ 80-ական թթ․ մինչև 1320 թ․ նկարազարդված «Ութ մանրանկարիչների Ավետարանը» (Մատենադարան, ձեռ․ № 7651), որը հայ գրքարվեստի սքանչելի նմուշներից է։

Հռոմկլայում գրված և ծաղկված մատյանները հոյակապ համաստեղություն են, որտեղ կարելի է առանձնացնել մանրանկարչության այդ դպրոցին բնորոշ միանգամայն ինքնատիպ առանձնահատկություններ։ Տես նաև Կիլիկիայի մանրանկարչության դպրոց։

Գրկ․ Ազարյան Լ․, Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ․, Ե․, 1964։ Չուգասզյան Լ․, «Խաչելության» թեման Թորոս Ռոսլինի արվեստում, ՀԱ, 1988, № 1-12։ Նույնի, Творчество Тороса Рослина и византийская монументальная живопись, ԲԵՀ, 1989, № 3; Измайлова Т․А․, Истоки армянской миниатюрной живописи Киликии XII в․ и Черная гора, ԲԵՀ, 1988, № 3; Der-Nersessian S․, Armenian Manuscripts in the Freer Gallery of Art, W․, 1963; Նույնի, Armenian Manuscripts in the Walters Art Gallery, Baltimore, 1974; Armenian Miniatures of the 13th and 14th Centuries from Matenadaran Collection, Yerevan, Text by E․ Korkhmazian, I․ Drampian, G․ Hakopian, Leningrad, 1984․


ՀՌՈՓԱՆՈՍ, V դարի հույն գրիչ։ 405-ին Սամոսատում, Մեսրոպ Մաշտոցի հանձնարարությամբ, փորձարկել է հայոց նորաստեղծ գրերը՝ բառերի, նախադասությունների մեջ։ Գրել է առաջին հայատառ ձեռագիրը, որն սկսվում է «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» բառերով, պարունակում է Սողոմոնի առակները՝ Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտներ Հովհան Եկեղացու և Հովսեփ Պաղնացու թարգմանությամբ։ Հ․ օգնել է Մեսրոպ Մաշտոցին՝ մշակելու հայ նորաստեղծ տառերը գրելու արվեստը՝ գրչության արվեստը։

Գրկ․ Կորյուն, Վարք Մաշտոցի, Ե․, 1981։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե․, 1981։


ՀՐԱԲԽԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն հրաբուխների ու հրաբխականության մասին։ Ուսումնասիրում է հրաբուխների առաջացման պատճառները, դրանց տեղաբաշխման օրինաչափությունները, գործունեության և կառուցվածքային առանձնահատկությունները, հրաբխ․ նյութերի (լավաներ, գազեր ևն) կազմը, տեղադրման պայմանները, հրաբխականության դերը երկրի կառուցվածքի ու զարգացման պատմության մեջ ևն։ Հ-յան խնդիրներն են հրաբխ․ արտավիժումների կանխատեսումը, դրանց բնույթի վերահսկումը (ավերածություններից խուսափելու համար) և հրաբխ․ էներգիայի պաշարներից օգտվելու եղանակների մշակումը։

Հայկ․ աղբյուրներում հրաբխագիտ․ առաջին տեղեկությունները հանդիպում են Հակոբ Մծբնացու հիշատակություններում և Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում։ Հայկ․ լեռնաշխարհի վերաբերյալ հրաբխագիտ․ տվյալներ կան Հ․ Աբիխի «Հայկական լեռնաշխարհի երկրաբանությունը» երկհատոր աշխատության մեջ։ ՀՀ-ում 1927-50-ին հրաբխագիտ․ առաջին ուսումնասիրությունները կատարել են ԽՍՀՄ ԳԱ հատուկ արշավախմբերի մասնակիցներ Ֆ․ Լևինսոն-Լեսինգը, Ա․ Զավարիցկին, Ա․ Լեբեդևը, Վ․ Պետրովը, Լ․ Կվաշան և ուր․։

1959-ին Երևանում կայացած համամիութ․ առաջին հրաբխագիտ․ խորհըրդակցության որոշմամբ, 1963-ին ՀՀ ԳԱԱ երկրբ․ գիտ-ների ինստ-ում ստեղծվել է հրաբխագիտության բաժին (1976-ից՝ հրաբխագիտության լաբորատորիա)։ Հանրապետության տարածքի հրաբխագիտ․ ուսումնասիրությունները կատարվել են ՀՀ ԳԱԱ երկրբ․ գիտ-ների ինստ-ում և ՀՀ բնապահպանության նախարարությունում։ Մանրամասն հետազոտվել և տեղեկություններ են տրվել Հայաստանի տարածքին բնորոշ միածին հրաբուխների վերաբերյալ, քարտեզագրվել են ՀՀ տարածքի հրաբխ․ առաջացումները, կազմվել է նորագույն հրաբուխների քարտացուցակ, ըստ խմբերի, տեսակների, հասակների նկարագրվել ու ստորաբաժանվել են ավելի քան 550 հրաբխ․ կենտրոն։ Հանրապետության տարածքի հրաբխայնությանը վերաբերող ուսումնասիրություններն ամփոփված են «Հայկական ՍՍՀ երկրաբանությունը» 3-րդ և 4-րդ հատորներում (ռուս․, 1966, 1970)։

Գրկ․ Ширинян К.Г., Вулканеские туфы и туфолавы Армении, Е․, 1961; Карапетян К.И., Адамян А.А․, Новейший вулканизм некоторых районов Армянской ССР, Е․, 1973․


ՀՐԱԲԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, երկրակեղևի խոր հորիզոններից մագմայական զանգվածների և հաճախ դրանց ուղեկցող գազանման նյութերի դեպի երկրի մակերևույթ տեղափոխման հետ կապված երևույթների ու պրոցեսների ամբողջություն։ Ընդգրկում է երկրի խորքում ու մակերևույթին մագմայի գործունեությունը պայմանավորող և տիեզ․ երևույթները