Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

(հրվիժակների առաջացումը Արեգակի վրա ևն)։

Ըստ դրսևորման առանձնահատկությունների և արտավիժած նյութերի տարբերում են պլատֆորմային, գեոսինկլինալային և լեռնածին (օրոգեն) Հ․, ըստ տևողության և հրաբխ․ կենտրոնների ձևերի ու տեղաբաշխման՝ բազմածին, միածին, ճեղքային, բազմաելք, մակաբույծ Հ․, ըստ տեղի՝ օվկիանոսային, մայրցամաք․, կղզային, ստորջրյա Հ․, ըստ դրսևորման ժամանակի՝ հնագույն, երիտասարդ, նորագույն, ժամանակակից Հ․, ըստ արտավիժված նյութերի գերակշռող կազմի՝ բազալտային, անդեզիտային, ռիոլիտային և այլ Հ․, ըստ երևույթների բնույթի՝ արտավիժումային, ներժայթքային, արտաժայթքային, արտապայթունային Հ․ ևն։

Հայկ․ լեռնաշխարհի տարածքին առավել բնորոշ են գեոսինկլինալային (յուրայի, կավճի, էոցենի դարաշրջաններում) և լեոնածին (օլիգոցենի, պլիոցենի և չորրորդական դարաշրջաններում) Հ․։ ՀՀ տարածքի զգալի մասը (Աշոցքի, Լոռու, Եղվարդի, Կոտայքի, Ջերմուկի, Եռաբլրի սարահարթեր, Ջավախքի լեռներ) ծածկված է պլիոցեն-չորրորդականի Հ-յան նյութերով, որոնք պարունակում են շինանյութերի (բազալտ, տուֆ, ավազ, խարամ, պեմզա ևն) հարուստ պաշարներ։


ՀՐԱԲՈՒԽՆԵՐ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում (կամ ժայթքել են) լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։

Ըստ արտավիժած նյութերի կուտակումների առանձնանում են կենտր․ (կոնաձև կամ վահանանման, գագաթային մասերում՝ խառնարաններով) և ճեղքային (առաջացնում են ձգված, տարած․ լավային հոսքեր, ծածկոցներ) Հ․։ Ըստ կառուցվածքի բնույթի գործունեության հարաբերականության, հաճախականության, տևողության, արտավիժված նյութերի կուտակումների, կազմի, ժայթքման առանձնահատկությունների դասակարգվում են․ գործող Հ․ (մշտական կամ պարբ․ ակտիվության), հանգած Հ․ (գործել են ոչ վաղ երկրբ․ անցյալում, վերջին 3 մլն տարվա ընթացքում), հնահրաբուխներ (գործել են վաղ երկրբ․ անցյալում), բազմածին Հ․ (բազմաթիվ ընդմիջումներով գործում կամ գործել են երկար ժամանակ), միածին Հ․ (գործել են կարճ ժամանակահատվածում), բարդ Հ․ (մի քանի գագաթներով և խառնարաններով), մակաբույծ Հ․ (բազմածին Հ-ի լանջերին տեղաբաշխված միածին Հ․) ևն։


Հայկ․ լեռնաշխարհում կան նշված բոլոր տեսակների ավելի քան 1000 Հ․։ Դրանցից գործող են Նեմրութ և Թոնդրակ բազմածին բարդ Հ․, որոնց խառնարաններում շարունակվում են ծծմբային գազերի ու տաք գոլորշու արտավիժումները։ Պայմանականորեն գործող են համարվում նաև Մասիսը և Վայոցսարը։ 189-ին և 341-ին Մասիսի և VII դ․ Վայոցսարի գործելու մասին կան գրավոր հիշատակություններ (Հակոբ Մծբնացի, Ստեփանոս Օրբելյան)։ Բազմածին, կենտր․ և շերտավոր Հ․ են Մասիսը, Արագածը, Սիփանը, Նեմրութը, Իշխանասարը, Արայի լեռը։ Բազմածին ճեղքային Հ․ են Ջավախքի և Գեղամա հրաբխ․ լեռները։ ՀՀ բազմածին կենտր․ և ճեղքային Հ-ի լանջերին ամենուր տարածված են միածին, կենտր․ խարամային Հ․։


ՀՐԱԶԴԱՆ, Իլդարունի, Զանգու, գետ ՀՀ-ում, Արաքսի ձախ վտակը։ Երկար․ 141 կմ է, ավազանը՝ 2560 կմ 2 (առանց Սևանա լճի)։ Սկիզբ է առնում Սևանա լճից։ Վերին և միջին հոսանքում լեռնային բնույթի է, ստորին հոսանքում՝ հարթավայրային։ Գետի ընդհանուր անկումը 1097 մ է (1,8 մ/կմ )։ Բնական պայմաններում ջրի տարեկան միջին ծախսը 2 մ 3/վ էր, գետաբերանի մոտ՝ 17,9 մ 3/վ։ Սևան-Հրազդան կասկադի կառուցումից հետո, լճի ջրի դարավոր պաշարների օգտագործման հաշվին, գետի տարեկան միջին ծախսը մեծացել, ակունքում կազմել է 44,5 մ 3/վ։ Սևանա լճի մակարդակի իջեցումը կանխելու նպատակով պակասեցվել է (մինչև 16 մ 3/վ) Սևանա լճից էներգետիկ նպատակներով ջրի բացթողումը։ Հ-ից են սնվում Արզնի-Շամիրամ, Ստորին Հրազդանի, Նորքի, Արտաշատի, Էջմիածնի ոռոգիչ ջրանցքները, Երևանյան լիճը։ Գլխ․ վտակներն են Մարմարիկը, Ծաղկաձորը, Գետառը։ Ափերին են Սևան, Հրազդան, Չարենցավան, Աբովյան, Երևան ք-ները, Արզնի առողջարանը։ Ափերը բնակեցվել են քարի դարից սկսած։ Ուրարտ․ ժամանակներում և միջնադարում կառուցվել են ուրարտ․ Թեյշեբաինի և Պահլավունիների ամրոցները, Ս․ Աստվածածին եկեղեցին (XI դ․, Բջնի)։ Գետից սկիզբ են առել Ռուսայի, Դալմայի, Մամռի ջրանցքները։ Կամուրջներից հնագույնը Կարմիր կամուրջն է (1679, Երևան)։ Հ-ի վրա են կառուցվել Հաղթանակի (1945), Հրազդանի Մեծ (1956), Նուռնուսի (1981), Դավիթաշենի (2000) կամուրջները։


ՀՐԱԶԴԱՆ (մինչև 1959-ը՝ Ներքին Ախտա), 1959-ից՝ շրջանային, 1962-ից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95-ին՝ Հրազդանի շրջանի վարչ․ կենտրոնը, 1995-ից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։ Գտնվում է Հրազդան գետի ափին, Երևանից 40 կմ հս-արլ․։ Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթղ․ կայարան։ Հ-ի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գ-երը։ Տարած․ 20 կմ 2։

Եղել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի կազմում։ Տարածքում հայտնաբերվել են մ․թ․ա․ II_I հազարամյակների դամբարաններ։ Պահպանվել է XIII դ․ կարավանատուն։ Արդ․ կենտրոն, էներգետիկ․ կարևոր հանգույց է, գործում են Հրազդանի պշէկը, Աթարբեկյանի հէկը։ Արդ․ կարևոր ձեռնարկություններն են «Հրազդանմեքենա» ՓԲԸ, «Հաց» արտադրաառևտր․ միավորումը, տնաշին․, ցե