ԱՄ-ի հիմքի վրա։ Ներառում է Երևանի «Գոհար», «Էլբրուս», «Ռադիոնախագիծ», Գորիսի «Գեմա», Մարտունու «Անի» և «Սիգմա», Աբովյանի «Հատիս», Հադրութի (ԼՂՀ) «Գտիչ», Տավուշի «Ուտիք» բաժնետիր․ ընկերությունները և Երևանի «Տեխնոմարկետ» դուստր ձեռնարկությունը։ Համատեղ ձեռնարկություններ է հիմնադրել Իրանի Իսլամական Հանրապետության, Հարավսլավիայի, Ուկրաինայի համապատասխան ընկերությունների հետ։ Արտադրում է շինինդուստրիայի միջոցներ, գյուղատնտեսության փոքր մեքենայացման գործիքներ, բժշկ․ և կենցաղ․ սարքեր, պաշտպան․ նշանակության հատուկ տեխնիկա ևն (1999)։
ՀՐԱՀԱՆ Հրանտ [Նազարյան Հրանտ Խաչիկի, 29․2․1892, ք․ Ադաբազար (Թուրքիայում) - 16․4․1988, Երևան], գրող, թարգմանիչ։ Սովորել է ծննդավայրի Ռուբինյան վարժարանում և Ազգ․ կեդրոն․ լիցեյում։ Եղել է ՀՕԿ-ի բուլղ․ մասնաճյուղի անդամ։ 1946-ին ներգաղթել է Հայաստան։
Գրել է «Հերոսի մը նամականին» (1931), «Համբուրե զիս» (1933, պիես), «Արցունք և ժպիտ» (1949, պատմվածքներ), «Բալկանների լանջերում» (1951, վիպակ՝ Բուլղարիայում պարտիզան․ շարժման մասնակից հայ երիտասարդների մասին)։ Հ-ի ստեղծագործությունները հիմնականում պատկերում են Մեծ եղեռնի սարսափները, որոնք անձամբ ապրել է հեղինակը՝ «Իմ կյանքի վեպը» (հ․ 1-2, 1955-58), վերափոխված տարբերակը՝ «Խոսում են անմահները» (1970) և այլ գործեր։ Հ․ թարգմանել է Ք․ Բոտևի, Ի․ Պետրովի ստեղծագործություններից։
ՀՐԱՀԱՏ, պարթևների արքաներ։ Հիշատակության արժանի են․
Հ․III (ծ․ թ․անհտ․ - մ․թ․ա․ 58/57), պարթևների արքա մ․թ․ա․ 70/69-ից։ Սանատրուկ I-ի որդին։ Մ․թ․ա․ 67-ի վերջին կամ 66-ի սկզբին ապաստան է տվել Տիգրան Բ-ի դեմ ապստամբած նրա որդուն՝ Տիգրան Կրտսերին և ամուսնացրել իր դստեր հետ, փորձել նրան օգտագործել Հայաստանի դեմ պայքարում։ Մ․թ․ա․ 66-ի գարնանը Հ․ III Տիգրան Կրտսերին զորք է տրամադրել՝ Հայաստան ներխուժելու և գահը գրավելու համար։ Սակայն Արտաշատի մոտ Տիգրան Բ ջախջախել է որդու և Հ․ III-ի զորքերին։ Տիգրան Կրտսերը փախել է Հայաստան մտած հռոմ․ զորավար Գնեոս Պոմպեոսի մոտ։ Չնայած այդ անհաջողությանը՝ Հ․ III, օգտվելով Հայաստանի համար ստեղծված ծանր վիճակից, գրավել է Ատրպատականը և Միգդոնիան, Պոմպեոսից պահանջել Հայոց գահը հանձնել իր փեսա Տիգրան Կրտսերին։ Պոմպեոսը, որը պայմանագիր էր կնքել Տիգրան Բ-ի հետ (տես Արտաշատի պայմանագիր մ․թ․ա․ 66), մերժել է Հ․ III-ի պահանջը, գերել Տիգրան Կրտսերին, խոչընդոտել Հ․ III-ին գրավելու Հայաստանի Կորդուք գավառը։
Կառավարման վերջին շրջանում մերձեցել է Հայաստանի հետ՝ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ Հռոմի։ Սպանել են որդիները՝ Միհրդատ III և Որոդես II։
Հ․IV (ծ․ թ․ անհտ․ - մ․թ․ա․ 2), պարթևների արքա մ․թ․ա․ 38/37-ից։ Որոդես II-ի որդին։ Գահ է բարձացել հոր հրաժարականից հետո, ապա սպանել նրան և գահի հավակնորդ իր եղբայրներին։ Հ․ IV-ի օրոք հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն անհաջող արշավանք (մ․թ․ա․ 36) է ձեռնարկել Ատրպատական։ Մ․թ․ա․ 31-ին դաշինք է կնքել գերի տարված հայոց արքա Արտավազդ Բ-ի որդու՝ Պարթևաստանում ապաստանած Արտաշես Բ-ի հետ, օժանդակել նրան՝ վերագրավելու Մեծ Հայքի գահը։ Խուսափելով Հռոմի հետ պատերազմից՝ մ․թ․ա․ 20-ին պայմանագիր է կնքել հռոմ․ կայսր Օգոստոսի հետ, վերադարձրել դեռևս մ․թ․ա․ 53-ին Խառանի ճակատամարտում գրաված հռոմ․ դրոշները և ռազմագերիներին։
Սպանվել է դավադրաբար։
Գրկ․ Бокщанин А․Г․, Парфия и Рим, ч․ 1–2․ М․, 1960; Debevoise N․C․, A Political History of Parthia, Chicago, 1938․
ՀՐԱՀԱՏ, հայազգի բյուզանդական զորավար։ Տես Արատիոս։
ՀՐԱՁԳԱՅԻՆ ՍՊՈՐՏ, ընդգրկում է գնդակային և ստենդային հրաձգությունը։
Հրաձգություն գնդակային, XIX դ․ 2-րդ կեսից ընդգրկվել է օլիմպ․ խաղերի ծրագրում (բացառությամբ՝ 1904, 1928)։
ՀՀ-ում գնդակային հրաձգությամբ զբաղվել են 1920-ից։ 1930-ին հայ հրաձիգները մասնակցել են անդրկովկասյան մրցումներին։ Առավելապես ճանաչված են Կ․ Բոստանջյանը, Գ․ Զոհրաբյանը, Զ․ Սիմոնյանը, Հ․ Պետիկյանը և ուր․։
Հրաձգություն ստենդային, 1900-ից ընդգրկվել է օլիմպ․ խաղերի ծրագրում (բացառությամբ՝ 1904, 1936)։
ՀՀ-ում ստենդային հրաձգությամբ զբաղվել են 1939-40-ական թթ․ (ոչ կանոնավոր), 1956-ից անցկացվում են մշտական պաշտոն․ մրցումներ։ Առավելապես ճանաչված են Դ․ Թուղիկյանը, Վ․ Այվազյանը, Ռ․ Սահակյանը, Մ․ Կատրանջյանը և ուր․։
ՀՐԱՅՐ, Դժոխք, Ուրվական (Ղազարյան Արմենակ Մամբ