րեի) [1864, գ․ Ահարոնք (Սասունի Խուլփ գավառակում) - 13․4․1904, գ․ Գելիեգուզան (Սասունի գավառում)], հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։ Սովորել է Տարոնի Ղզլաղաճ գյուղի, Մշո Ս․ Կարապետ վանքի դպրոցներում և Մշո Կեդրոնական վարժարանում (1880-83)։ Եղել է ուսուցիչ, մոտիկից ծանոթացել Սասունի ու Տարոնի հայերի վիճակին, քարոզել հայ ազատագր․ պայքարի գաղափարը։ 1891-94-ին Սասունի ինքնապաշտպան․ մարտերի ղեկավարներից, աչքի է ընկել Տալվորիկի կռվում (1893)։ 1894-ի գարնանը մեկնել է Կովկաս՝ կամավորներ հավաքագրելու և զենք հայթայթելու։ 1895-ին եղել է նաև Ռումինիայում և 50 հայ երիտասարդների հետ (նրանց թվում՝ Անդրանիկն ու Աղբյուր Սերոբը) վերադարձել Հայաստան։ 1896-ին Բասենի Իշխու գյուղում ձերբակալվել է, տարվել Կարինի բանտ, ազատվել է ընդհանուր ներմամբ։ Վերադարձել է հայրենի Ղզլաղաճ գյուղը և ձեռնամուխ եղել ընդհանուր ապստամբության կազմակերպման աշխատանքներին։ 1903-04-ին մասնակցել է Սասունի ինքնապաշտպան․ կռիվներին (տես Սասունի ապստամբություններ 1894, 1904)։ Երբ 1904-ի ապրիլի 13-ին թուրք․ գերակշիռ ուժերը հարձակվել են Գելիեգուզանի ուղղությամբ, Հ․ ընկերներով փորձել է փակել թուրքերի ճանապարհը․ զոհվել է այդ մարտերում։ Օգնության հասած Անդրանիկի զինվորները Հ-ին և մյուս զոհվածներին թաղել են Գելիեգուզանում։
Գրկ․ Սասունի Կ․, Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մեջ, Բեյրութ, 1964։
ՀՐԱՆՏ ԱՐՄԵՆ (Քյություկյան Հրանդ Գրիգորի) [1․1․1895, Թալաս (Թուրքիայում) - 1973, Դետրոյտ, ԱՄՆ], պատմաբան, իրավաբան, մշակութային գործիչ։ Նախնական կրթությունն ստացել է Այնթապի նախակրթարանում։ 1911-ին տեղափոխվել է Դետրոյտ։ 1931-ին ավարտել է Դետրոյտի համալսարանի իրավաբ․ ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության դոկտորի աստիճան։ Հայագիտության համար հատկապես արժեքավոր են Հ․Ա-ի «Մեծն Տիգրան» (1940, անգլ․, հայ․ հրտ․ 1947) և «Մարզպանը և սպարապետը» (1952) ստվարածավալ աշխատությունները։ Վերջինս առիթ է տվել բանավեճերի, որի առթիվ Հ․Ա․ գրել է «Քննադատները ջղայնացած են» (1952) ուսումնասիրությունը։ 1969-ին հրատարակել է «Հայկական Գերագույն ատյան։ Վասակ Սյունի (Ամբաստանյալ)» գործը։
Երկ․ Խորենացի, Եղիշե և հ․ Ներսես Ակինյան, Երուսաղեմ, 1951։ Պատմություն Խորենացիի քննադատության, Երուսաղեմ, 1954։ Պապ Արշակունի, Երուսաղեմ, 1958։ Փառանձեմ թագուհի, Վնտ․, 1962։ Անկում Արտաշեսյան հարստության, Բեյրութ, 1967։
ՀՐԱՆՈՒՆԿ, գորտնուկ, յուղածաղիկ (Ranunculus), հրանունկազգիների ընտանիքի միամյա, բազմամյա, ցամաքային կամ ջրային խոտաբույսերի ցեղ։
Տերևները կտրտված են, բլթակավոր, ծաղիկները՝ երկսեռ, սովորաբար՝ դեղին կամ կարմրավուն։ Պտուղը բազմաընկուզիկ է։
ՀՀ-ում հանդիպում է Հ-ի 28 տեսակ (սողացող, կովկասյան, լեռնային, նրբագեղ, բազմարմատ, սրապտուղ, դաշտային, կողածաղիկ ևն), որոնք տարածված են ամենուրեք, առավել հաճախ՝ խոնավ վայրերում, ճահիճներում, գետահովիտներում։ Մեծ մասը լեռնային կերահանդակների ու գյուղատնտ․ ցանքատարածությունների թունավոր մոլախոտեր են։ Ռադեի, Շովիցի, սրաբլթակ, Կոչիի և այլ տեսակներն էնդեմիկ կամ