և բառավերջում՝ շնչեղ խուլ (սըրփուշ< սրբել), խուլերը՝ ձայնեղ (ձէձուշ<ծեծել)։ Սահման․ եղանակի շարունակական ներկան ու անկատարը կազմվում են ըղձականի ձևերով և ունի, գունի բառ-մասնիկներով (բերիմ գունի)։
Գրկ․ Աճառյան Հ․, Քննություն Համշենի բարբառի, Ե․, 1947։ Ջահուկյան Գ․Բ․, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։
ՀԱՄՇԵՆՑԻՆԵՐ, տես Համամշեն։
ՀԱՄՍՏԵՐՆԵՐ (Cricetinae), համստերանմանների ընտանիքի կրծողների ենթաընտանիք։ ՀՀ-ում հանդիպում է 2 տեսակ․ մոխրագույն համստերիկի (Cricetulus migratorius) մարմինը մոխրագույն է, երկար․ 12,5 սմ։ Տարածված է բոլոր գոտիներում։ Հանդիպում է բնակավայրերում և բնության մեջ։ Ունի հետայտային պարկեր, որոնց միջոցով հատիկային կերերը տեղափոխում և կուտակում է բներում։ Վարում է միայնակ կյանք։ Ակտիվ է գիշերը։ Մեծ վնաս է հասցնում գյուղատնտեսությանը։ Տարածում է ժանտախտի, տուլարեմիայի հարուցիչներ։ Փոքրասիական համստերի (Mesocricetus brandti) մարմնի երկար․ մինչև 15 սմ է։ Աչքերը փոքր են, ականջները՝ երկար։ Տարածված է ՀՀ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի և այլ մարզերի մարգագետիններում, ցանքատարածություններում։ Ակտիվ է առավոտյան և մթնշաղին։ Սնվում է խոտաբույսերով, սերմերով, վնասում է ցանքսերը։
ՀԱՄՈՒՍ, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսյան (Սև) լեռների շրջանում, Թիլ Համդունի և Սարվանդիքարի միջև, բարձր ժայռի վրա։ Սմբատ Սպարապետը XI դ․ հիշատակում է «Պարոն Արեգ տէր Համուսայի»։ XII դ․ 1-ին կեսին Հ․ գրավել են բյուզանդացիները։ 1165-ի օգոստ․ Հ-ի հույն դուկը, բերդի ստորոտում գտնվող Սոսյաց անտառում խնջույքի հրավիրելով Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեին, դավադրաբար հեղձամահ է արել եռացրած ջրով լեցուն կաթսայում․ այդ առիթով հայկ․ զորքերը կոտորել են հույներին և ազատագրել Հ․։ 1259-ին Հ-ի բերդատեր է հիշվում Սմբատ Սպարապետի փեսան՝ իշխան Վահրամը։ 1266-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը պաշարել են Հ․, բայց գրավել չեն կարողացել։ 1269-ին ավերվել է երկրաշարժից։ Մինչև XX դ․ սկիզբը, Հ-ի շրջակայքի հայերը Սոսյաց անտառի աղբյուրի մոտ, ամեն տարի Զատկի տոնի 2-րդ օրը (մեռելոց) նշել են Ստեփանեի եղերական մահվան հիշատակը։
ՀԱՄՔԱՐՈՒԹՅՈՒՆ (պարսկ․ համքար-գործակից), հայ արհեստավորների ու առևտրականների միություն Ասիայի ու Եվրոպայի մի շարք երկրներում։ Անդրկովկասում և Արլ․ Հայաստանում կոչվել է Հ․, իսկ Թուրքիայում և Արմ․ Հայաստանում՝ էսնաֆություն (արաբ․ էսնաֆ-արհեստավոր)։ Հ․ առաջացել է ֆեոդալիզմի դարաշրջանում քաղաքների, արհեստավորների ու առևտրի զարգացման պայմաններում։
Սկսած X դարից, Հայաստանի մեծ քաղաքներում արհեստավորներն ու առևտրականները համախմբվում էին Հ-ներում։ Հ․ սովորաբար ընդգրկում էր միևնույն կամ տարբեր ազգերի ու կրոնի, բայց միատեսակ արհեստի ու առևտրի մարդկանց։ Յուրաքանչյուր Հ․ տեղավորված էր քաղաքի առանձին թաղամասում, որը հաճախ կրում էր տվյալ Հ-յան անվանումը։ Ամեն Հ․ ուներ իր դրոշակը, որը կրում էին տոների ու հանդիսությունների ժամանակ։ Հ-յան անդամներն ունեին որոշակի հավաքատեղիներ, որտեղ ընթանում էին տոնակատարությունները, հանդիսավորությամբ բարձրացվում նրանց կարգն ու կոչումը։ Հ․ ղեկավարում էր ավագ վարպետների ընտրած վարչությունը՝ վարպետաց վարպետի գլխավորությամբ։ Վարչության խորհրդակցություններում քննում էին Հ-ներին հուզող հարցեր, լուծում վեճերը, կազմակերպում հումքի գնումն ու բաշխումը, հետևում հարկերի հավաքմանը, օգնում կարիքավորներին։ Ավագ վարպետն ու նրա տեղակալները հետևում էին արտադրանքի որակին, ընդունում կամ հեռացնում աշակերտներ։ Հ․ ուներ գանձապահ և ցրիչ։ Հ-յան գլխ․ մարմինն ընդհանուր ժողովն էր, որը քննում ու լուծում էր նրա անդամների միջև ծագած վեճերը, գանգատները, հարթում ընտանեկան անախորժությունները, պատժում մեղավորներին (տուգանք, խանութը փակել ևն)։ Հ-ներում կային պաշտամունք․ տարբեր դրսևորումներ․ բրուտները պաշտում էին Հայր Աստծուն, երկաթագործները՝ Դավիթ մարգարեին, հացթուխները՝ Քրիստոսին, գինեգործները՝ Նոյին ևն։
1867-ի կանոնագրով Անդրկովկասում վարպետ էր համարվում այն արհեստավորը, որն ուներ խանութ, որտեղ աշխատում էր ենթավարպետի ու աշակերտի հետ։ Վարպետը կարող էր վաճառել արտադրանքը, ընդունել պատվերներ, պահել ենթավարպետ, աշակերտ, պարտավոր էր թաքցնել արհեստի գաղտնիքը ևն։ Ենթավարպետը համարվում էր Հ-յան լիիրավ անդամ, մասնակցում էր նրա բոլոր աշխատանքներին, իրավունք ուներ հեռանալ, սակայն իրավունք չուներ առանց վարպետի գիտության խանութ բացել։ Աշակերտներ կարող էին դառնալ 8_17 տարեկան տղաները՝ 5 տարի ժամանակով․ այնուհետև նրանց շնորհվում էր ենթավարպետի (հազվադեպ՝ վարպետի) կոչում։
Հ․ դասային կազմակերպություն էր։ Արհեստավորների ու առևտրականների վերին խավերը շահագործում էին ենթավարպետներին ու աշակերտներին՝ չնչին գումարով կամ անվճար (սովորեցնելու պատըրվակով)։ Ենթավարպետներն ու աշակերտները շահագործման ու կամայականությունների դեմ հաճախ կազմակերպում էին հրապարակային ցույցեր։ XIX դ․ հայ համքարականների խոշոր ելույթներ են տեղի ունեցել Կ․Պոլսում, Թիֆլիսում։ Հ-ներն սկսել են քայքայվել XIX դ․ կեսից, երբ արևմտաեվրոպ․ և ռուս․ արդ․ ապրանքները (համեմատաբար՝ էժան) թափանցել են Փոքր Ասիա և Անդրկովկաս։ XIX դ․ վերջին, չդիմանալով գործարանային արտադրության մրցակցությանը, Հ-յան արհեստավորներն ու առևտրականներն ունեզրկվել են և դարձել բանվորներ։ Հ-ների մի մասը կարողացել է արհեստանոցը վերափոխել կապիտալիստ․ մանուֆակտուրային ձեռնարկության։
Գրկ․ Առաքելյան Բ․Ն․, Քաղաքները և արհեստները Հայաստանում IX_XIII դդ․, հ․ 1_2, Ե․, 1958_64։ Աբրահամյան Վ․Ա․, Արհեստները Հայաստանում 4_18-րդ դդ․, Ե․, 1956։