Առաջին համաշխ․ պատերազմի տարիներին (1914_18) ՀՀԴ ակտիվորեն մասնակցեց հայկական կամավորական շարժման կազմակերպմանը, բազմաթիվ դաշնակցականներ զինվորագրվեցին, մարտական գործողությունները հմտորեն ղեկավարեցին Անդրանիկը (Ա․ Օզանյան), Դրոն (Դ․ Կանայան), Համազասպը (Հ․ Սրվանձտյան), Վարդանը (Վ․ Մեհրաբյան), Քեռին (Ա․ Գաֆավյան) և ՀՀԴ մարտական դպրոցն անցած այլ գործիչներ։ Մեծ եղեռնի ժամանակ շատերը մասնակցեցին հայ բնակչության ինքնապաշտպան․ մարտերին Արմ․ Հայաստանում և Կիլիկիայում, շատերն էլ ցեղասպանության զոհ դարձան։
Պատերազմի ժամանակ և հատկապես Ռուսաստանում Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո ՀՀԴ գործունեության հիմն․ ասպարեզը վերստին Անդրկովկասն էր։ Աջակցելով Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության քաղաքականությանը՝ դաշնակցությունը մասնակցեց Անդրկովկասում ստեղծված բանվորների, զինվորների և գյուղացիների խորհուրդների գործունեությանը․ նա ազդեցիկ դիրք ուներ Հայոց ազգային խորհրդում և նրա մասնաճյուղերում։
1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ՀՀԴ մասնակցեց Անդրկովկասում իշխանության նոր մարմինների՝ Անդրկովկասյան կոմիսարիատի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի ստեղծմանը, երկրամասը Խորհրդ․ Ռուսաստանից անջատելուն և ինքնուրույն Անդրկովկասյան Դեմոկրատ․ Ֆեդերատիվ Հանրապետության (ԱԴՖՀ) կազմավորմանը։ Ներքին տարաձայնությունների և արտաքին քաղ․ գործոնների ազդեցության հետևանքով ԱԴՖՀ շուտով (1918-ի մայիսի 26) տրոհվեց․ կազմավորվեցին Վրաստանի (մայիսի 26), Ադրբեջանի (մայիսի 27), Հայաստանի (մայիսի 28) ինքնուրույն հանրապետությունները։
Հանրապետության ստեղծմանը նախորդեցին Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսական ճակատամարտերը, որոնց ընթացքում հայ մարտիկները, այդ թվում և ՀՀԴ անդամները, պարտության մատնեցին Արլ․ Հայաստան ներխուժած թուրք․ մեծաքանակ զորքին, ինչով և պայմանավորվեց հայկ․ պետականության վերականգնումը։
Հայաստանի Հանրապետությունում (1918_20) հաստատվեց բազմակուս․ համակարգ։ ՀՀԴ նորաստեղծ պետության առաջատար քաղ․ ուժն էր․ նրա ներկայացուցիչները՝ Հ․ Քաջազնունին, Ա․ Խատիսյանը, Հ․ Օհանջանյանը, Ս․ Վրացյանը, հաջորդաբար գլխավորեցին հանրապետության կառավարությունը։
Կառավարության արտաքին քաղաքականության հիմն․ խնդիրը Հայկ․ հարցի լուծումն էր, կորցրած տարածքների հետբերումը։ Առաջին համաշխ․ պատերազմում Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը նոր իրադրություն ստեղծեց, ինչը փորձեց օգտագործել Հայաստանի կառավարությունը՝ կողմնորոշվելով դեպի արմ․ տերությունները։ 1918_ 1919-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքը նշանակալիորեն ընդարձակվեց։ Թուրք․ զորքերի հեռացումից հետո Հայաստանին վերադարձվեցին Ալեքսանդրապոլի նահանգը, Լոռու հվ․ մասը, Կարսի մարզը, Սուրմալուի և Նախիջևանի գավառները, վերականգնըվեցին 1914-ի սահմանները։
1919-ի մայիսի 28-ին կառավարությունը Հայաստանը հռչակեց միացյալ և անկախ հանրապետություն՝ դրանով հաստատելով հայ ժողովրդի պահանջատիրությունը Արմ․ Հայաստանի նկատմամբ։
Նույն թվականի սեպտ․ ՀՀԴ 9-րդ ընդհանուր ժողովի ընդունած նոր ծրագիրը հաստատագրել է «Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի» կերտումը, ինչը որպես վերջնանպատակ մնում է նաև 1982-ին, 1998-ին ընդունված ծրագրերում։
Դառնալով իշխող կուս․՝ ՀՀԴ քայլեր կատարեց երկրի տնտեսությունը վերականգնելու, հանրապետությունում կարգ ու կանոն հաստատելու, լուսավորության գործը կարգավորելու ուղղությամբ։ Սակայն հանրապետության ներքին ու արտաքին ծանր վիճակը հնարավորություն չտվեց զարգացնել ստեղծարար աշխատանքը, հաղթահարել երկրում մոլեգնող սովը, անիշխանականության դրսևորումները։ Դրությունն ավելի էր բարդանում դրսից՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հրահրվող թուրք-մահմեդ․ բնակչության խռովություններով։ 1920-ին իրադրությունը հանրապետությունում խիստ վատացավ։ Ակնհայտ դարձավ խորհրդ․ Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը։ 1920-ի աշնանը բռնկած թուրք-հայկ․ պատերազմի ժամանակ Հայաստանը մեկուսացվեց, նրան լքեցին արմ․ դաշնակիցները, օգնության չհասավ նորաստեղծ Ազգերի լիգան։ Իր ճնշումն ուժեղացրեց նաև Խորհրդ․ Ռուսաստանը։ Պատերազմում պարտվելով՝ Հայաստանը ստիպված ստորագրեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը (1920-ի դեկտ․ 2), որով տարածքային մեծ կորուստներ կրեց։ Միաժամանակ կառավարությունը հայտարարեց, որ հրաժարվում է իշխանությունից և այն հանձնում բոլշևիկներին։ Մինչ այդ, Խորհրդ․ Ադրբեջանում կազմավորված Հայաստանի ռազմահեղափոխ․ կոմիտեն՝ կարմիր բանակի զորամասերի հետ անցավ հանրապետության սահմանը և Հայաստանը հռչակեց խորհրդ․ հանրապետություն։
1921-ի Փետրվարյան հակախորհրդ․ ապստամբության պարտությունից հետո ՀՀԴ իր գործունեությունը հիմնականում շարունակեց արտասահմանում։ 1921-ի ապրիլին Բուխարեստում հրավիրված ՀՀԴ խորհրդաժողովը որոշեց, որ պատրաստ է հանուն Հայաստանի վերաշինության համագործակցել խորհրդ․ իշխանության հետ։ Նույն թվականի հուլիսին Ռիգայում կայացան բանակցություններ ՀՀԴ և ՌԿ(բ)Կ միջև։ Թեև ձեռք բերվեց համաձայնություն, ըստ որի, ՀՀԴ պարտավորվեց համակողմանի օգնել և աջակցել Խորհրդ․ Հայաստանի կառավարու