թյանը, սակայն 1921-ի հուլիսի 22-ին Հայաստանի կոմկուսի ԿԿ իր բողոքը հայտնեց համաձայնության կապակցությամբ և բացառեց ՀՀԴ հետ որևէ բանակցություններ վարելը։ Բողոքից հետո ՌԿ(բ)Կ ԿԿ մերժեց համաձայնագրի նախագիծը։ 1923-ի նոյեմբ․ խորհրդ․ իշխանությունների պահանջով Երևանում գումարված նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարի որոշմամբ ՀՀԴ լուծարքի ենթարկվեց ԽՍՀՄ-ում, իսկ 1933-ին ՀՀԴ XII ընդհանուր ժողովը պաշտոնապես լուծարեց իր ընդհատակյա կազմակերպությունը Հայաստանում։
9-րդ ընդհանուր ժողովից հետո ՀՀԴ հետևողականորեն իրականացնում էր Մեծ եղեռնի երիտթուրք․ պատասխանատուների ահաբեկման «Նեմեսիս» վրիժառուական գործողությունը։
1924_25-ին Փարիզում կայացած ՀՀԴ X ընդհանուր ժողովը որոշեց պահպանել ԽՍՀՄ հանդեպ որդեգրած «լոյալ ընդդիմադրի» քաղաքականությունը, սփյուռքում հետևողականորեն տանել հայապահպան կազմակերպչական աշխատանք։ ՀՀԴ հովանավորությամբ ստեղծվեցին բարեգործական, մշակութային, կրթական, մարզական, երիտասարդ․ և այլ կազմակերպություններ։
Երկրորդ համաշխ․ պատերազմի նախօրյակին ՀՀԴ XIII ընդհանուր ժողովը (Կահիրե, 1938) որոշեց, որ պատերազմի բռնկման պարագայում «Դաշնակցությունը իր պայքարին մեջ ելակետ պետք է ունենա բացառաբար հայ ժողովրդի ֆիզիկական փրկության հարցը և ըստ այնմ ալ վարե իր քաղաքականությունը՝ զայն չկաշկանդելով Հայ դատին վերաբերող առաջադիմություններով» («Դրոշակ», 1986, 12 նոյեմբ․, էջ 30)։ Որոշ դաշնակցական ղեկավարներ դեպի Արլ․ հիտլերյան զորքերի առաջխաղացման մեջ տեսան ԽՍՀՄ-ի քայքայման և Հայաստանի անկախության վերականգնըման հնարավորություն։ Պատերազմի ընթացքում ՀՀԴ բյուրոն վարեց դաշնակիցներին ի նպաստ քաղաքականություն, որոշ գործիչներ համագործակցեցին հիտլերականների հետ, սակայն ՀՀԴ տրամադրության տակ եղած որևէ հայկ․ զորամաս չմասնակցեց ռազմ․ գործողություններին։ Պատերազմի վերջին փուլում ՀՀԴ պաշտպանեց Կարսի և Արդահանի շրջանները ՀԽՍՀ-ին կցելու ԽՍՀՄ պահանջը։ XIV ընդհանուր ժողովին (1947) ներկայացրած իր զեկուցման մեջ բյուրոն նշեց, որ Հայ դատը կարող է լուծվել միայն ԽՍՀՄ-ի հետ համագործակցությամբ։ Սակայն շուտով ծավալված «սառը պատերազմի» տարիներին ՀՀԴ փոխեց իր դիրքորոշումը՝ որդեգրելով հակախորհրդ․ կողմնորոշում։
1959-ին կայացած ՀՀԴ XVII ընդհանուր ժողովը եզրակացրեց, որ անցած տասնամյակում կուս-յան վարած հակախորհըրդային քաղաքականությունը չի հասել սպասված արդյունքին, իսկ 1967-ին XIX ընդհանուր ժողովը որոշեց ԽՍՀՄ քննադատությունը սահմանափակել միայն հայ իրականության և Հայ դատի հետ կապված խնդիրների շուրջ։ 1970-ական թթ․ Արլ-ում տեղի ունեցած քաղ․ իրադարձությունները միավորեցին սփյուռքի հաս-քաղ․ շրջանները՝ հանուն հայ համայնքների անվտանգության միասնական ճակատով հանդես գալու համար։
ՀՀԴ և հատկապես նրա Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը նպաստեց Հայկ․ հարցի քննարկմանը Եվրոխորհրդարանում (1987-ի հունիս), հայերի ցեղասպանության հարցի քննարկմանը ԱՄՆ-ի Սենատում։
Հաշվի առնելով անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումը, Հայաստանում կատարվող արմատական փոփոխությունները՝ ժողովրդավարության և հրապարակայնության զարգացումը, բազմակուս․ համակարգի ձևավորումը, Ղարաբաղյան ազգ․ ազատագր․ շարժումը, ՀՀԴ XXIV ընդհանուր ժողովը (1988) առաջ քաշեց «Դեպի երկիր» կարգախոսը, որով պատրաստակամություն հայտնեց իր բոլոր կարողություններն ի սպաս դնել Հայաստանի բարգավաճմանը։ 1988-ի հոկտ․ ՀՀԴ, հնչակյան և ռամկավար ազատական կուս-ների հետ, հանդես եկավ հայտարարությամբ՝ միանգամայն արդարացի ճանաչելով Արցախի հայ բնակչության պահանջը Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ։ 1990-ի օգոստ․ 8-ին ՀՀԴ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում։ 1994-ի դեկտ․ 28-ին ՀՀ նախագահի հրամանագրով կասեցվել է ՀՀԴ գործունեությունը Հայաստանում՝ հանրապետությունում գործող քաղ․ կուսակցությունների մասին օրենքը խախտելու մեղադրանքով։ ՀՀ Գերագույն դատարանը հաստատել է ՀՀ նախագահի հրամանագիրը, որը, սակայն, չեղյալ է հայտարարվել 1998-ին ՀՀ նոր նախագահի կողմից։ 1999-ին ընտրված ԱԺ-ում ՀՀԴ ունի խմբակցություն՝ կազմված 8 պատգամավորից։
1890-ի հիմնադիր ժողովից մինչև 1999-ը տեղի է ունեցել ՀՀԴ 27 ընդհանուր ժողով։
ՀՀԴ կանոնադրությամբ ՀՀԴ բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը գումարվում է չորս տարին մեկ անգամ։ Ընդհանուր ժողովն իրավասու է ՀՀԴ-ին վերաբերող ցանկացած հարց քննարկել և այդ մասին որոշում կայացնել։ Նրա որոշումներն անառարկելի ու պարտադիր են ՀՀԴ բոլոր ժողովների, մարմինների և անդամների համար։ Ընդհանուր ժողովն իրավասու է ձայների երկու երրորդի մեծամասնությամբ ծրագրային կամ կանոնադր․ փոփոխություններ կատարելու։ ՀՀԴ գերագույն գործադիր մարմինը՝ բյուրոն, ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, ընդհանուր ժողովի կողմից։ Բյուրոն մեկնաբանում է ՀՀԴ ծրագիրը, կազմակերպական կանոնները և ընդհանուր ժողովի որոշումները, հսկում նրանց գործադրումը, ղեկավարում կուս-յան ընդհանուր քաղաքականությունը, վերահսկում կուս․ մամուլի ընթացքը։ ՀՀԴ ավելի օպերատիվ գործելու համար միաժամանակ ունեցել է երկու (և նույնիսկ երեք) բյուրոներ։ Միաբյուրո կարգը վերջնականապես հաստատվել է 1919-ին։ ՀՀԴ տարածքային առումով բաժանվում է շրջանների։ 500-ից ավելի անդամ ունեցող շրջանները ընտրում են իրենց կենտր․ կոմիտեները, որոնք ինքնուրույնաբար վարում են տեղական գործերը, տնօրինում իրենց