Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


և այլ առաջարկությունների նախնական քննարկման և դրանց վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություններ տալու համար։ ԱԺ իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է ԱԺ նախագահ և նրա երկու տեղակալներին։

Կառավարությունը։ ՀՀ բարձրագույն գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կազմված է վարչապետից և նախարարներից։ Կառավարության լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ և օրենքներով։ Կառուցվածքը և գործունեության կարգը սահմանում է հանրապետության նախագահը։

Կառավարությունը՝

ԱԺ հաստատմանն է ներկայացնում իր գործունեության ծրագիրը, պետ․ բյուջեի նախագիծը, ապահովում բյուջեի կատարումը։

Կառավարում է պետ․ սեփականությունը։

Ապահովում է ֆինանսատնտ․, վարկային և հարկային քաղաքականության իրականացումը, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոց․ ապահովության և բնության պահպանության բնագավառներում։

Ապահովում է հանրապետության պաշտպանության, ազգ․ անվտանգության և արտաքին քաղաքականության իրականացումը։

Միջոցներ է ձեռնարկում օրինականության ամրապնդման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների ապահովման, սեփականության և հաս․ կարգի պահպանման ուղղությամբ։

Սահմանադրական դատարանը (ՍԴ)։ Սահմանադրական վերահսկողության մարմինը ՀՀ ՍԴ է՝ բաղկացած 9 անդամից, որոնցից 5-ին նշանակում է Ազգ․ ժողովը, իսկ 4-ին՝ հանրապետության նախագահը։ ՍԴ որոշում է օրենքների, ԱԺ որոշումների, հանրապետության նախագահի հրամանագրերի, կառավարության որոշումների, միջազգ․ պայմանագրերում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը սահմանադրությանը, լուծում է հանրաքվեների, հանրապետության նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը, եզրակացություն է տալիս հանրապետության նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին, օրենքով նախատեսված դեպքերում որոշում է կայացնում այս կամ այն հասարակական-քաղաքական կազմակերպության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու մասին ևն։ ՍԴ որոշումները վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Դատական համակարգը։ ՀՀ արդարադատությունն իրականացնում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ և վճռաբեկ դատարանները։

Դատ․ մարմինների անկախության երաշխավորը հանրապետության նախագահն է, որը գլխավորում է արդարադատության խորհուրդը։ Արդարադատության խորհուրդը կազմում և հանրապետության նախագահի հաստատմանն է ներկայացնում դատավորների, դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ամենամյա ցուցակները ևն։ ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը գլխավորում է գլխ․ դատախազը։ Դատախազությունը գործում է դատախազության մասին օրենքի շրջանակներում։


3․ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ

ՀՀ զինված ուժերը կազմավորվում են ՀՀ «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ 18 տարին լրացած երիտասարդների զինակոչի միջոցով։

ՀՀ զինված ուժերի ղեկավարության մեջ մտնում են գերագույն գլխ․ հրամանատարը՝ ՀՀ նախագահը, և պաշտպանության նախարարը։

ՀՀ զինված ուժերի կադրերի պատրաստումն իրականացնում են․ ռազմ․ ինստ-ը, բարձրագույն բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, ռազմաօդային ուսումնարանը, Մոնթե Մելքոնյանի անվ․ ռազմամարզ․ ուսումնարանը, պաշտպանության նախարարության ակադեմիական դասընթացները, սպաների պատրաստման և վերապատրաստման ուսումնարանը։


4․ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ-ում 1999-ի դեկտ․ 31-ի դրությամբ գրանցված է 87 հաս-քաղ․ կազմակերպություն։ Դրանցից առավել ճանաչում ունեն և ՀՀ ԱԺ ընտրություններում հաղթել են․

Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՀԴ)․ հիմնադրվել է 1890-ին։ Խորհրդային իշխանության հաստատումից (1920) հետո, ՀՀԴ 1923-ին լուծարվել է։ 1990-ին ՀՀԴ բացահայտել է իր կազմակերպական ներկայությունը Հայաստանում։ 1999-ին ընտըրված ԱԺ-ում ունի 8 պատգամավոր։

Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)․ հիմնադրվել է 1920-ին, եղել է ԽՄԿԿ բաղկացուցիչ մասը, 1990-ին դուրս է եկել ԽՄԿԿ-ից։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 7 պատգամավոր, 1999-ին՝ 9 պատգամավոր։

Սոցիալ-դեմոկրատ․ հնչակյան կուսակցություն․ հիմնադրվել է 1887-ին։ Կոմինտերնի 1923-ի որոշմամբ Ռուսաստանի հնչակյան կազմակերպությունները 1924-ին ինքնալուծարվել են։ Հայաստանի անկախացումից հետո վերսկսել է իր գործունեությունը Հայաստանում։ 1995-ին

ընտրված ԱԺ-ում ուներ 2 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում։