Ինքնորոշում միավորում (քրիստոնեավարներ) [ԻՄ (Ք)]․ հիմնադրվել է 1966-ին։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 3 պատգամավոր։
Հայոց համազգային շարժում (ՀՀՇ)․ հիմնադրվել է 1989-ին։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 65 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում։
Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)․ հիմնադրվել է 1990-ին։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 5 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում։ 1999-ին ընտրված ԱԺ-ում ունի 36 պատգամավոր՝ «Միասնություն» խմբակցության կազմում։
Հայաստանի ռամկավար ազատական կուսակցություն (ՀՌԱԿ)․ հիմնադրվել է 1990-ին։ ՌԱԿ-ի հետևորդն է։
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՀՔԴՄ)․ հիմնադրվել է 1991-ին։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 3 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում։
Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ)․ հիմնադրվել է 1993-ին։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 5 պատգամավոր, 1999-ին՝ 6 պատգամավոր։
Ռամկավար ազատական (լիբերալ դեմոկրատական) կուսակցություն [ՌԱ (ԼԴ)Կ]․ հիմնադրվել է 1994-ին։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 3 պատգամավոր՝ «Հանրապետություն» խմբակցության կազմում։
Սահմանադրական իրավունք միություն (ՍԻՄ)․ հիմնադրվել է 1989-ին։ 1999-ի ԱԺ ընտրություններին մասնակցել է «Իրավունք և միաբանություն» դաշինքի կազմում, ԱԺ-ում ունի 7 պատգամավոր։
Հայաստանի ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ)․ հիմնադրվել է 1998-ին։ 1999-ին ընտրված ԱԺ-ում ունի 21 պատգամավոր՝ «Միասնություն» խմբակցության կազմում։
«Շամիրամ» կանանց հասարակական-քաղաքական կազմակերպություն․ հիմնադրվել է 1995-ին։ 1995-ին ընտրված ԱԺ-ում ուներ 8 պատգամավոր։
«Օրինաց երկիր» կուսակցություն․ հիմնադրվել է 1998-ին։ 1999-ին ընտրված ԱԺ-ում ունի 3 պատգամավոր։ Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիա․ հիմնադրվել է 1992-ին։ 1999-ին միավորում էր հանրապետ․ 25 կոմիտեներ։
5․ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲՆԱԿԱՆ
ՊԱՇԱՐՆԵՐԸ
Երկրաբանական կառուցվածքը։ ՀՀ տարածքը գտնվում է Միջերկրածովյան ծալքավոր գոտու Տավրոս-Կովկասյան հատվածի կենտր․ մասում և ընդգրկում է Փոքր Կովկասի ծալքավոր լ-շղթաներն ու Հայկ․ հրաբխ․ բարձրավանդակի հս-արլ․ մասը։
Տարածքի երկրբ․ հիմքը կազմող կառուցվածքային համալիրը բաղկացած է հնագույն մինչռիֆյան (2,7_1,65 մլրդ տարի), ռիֆյան (1,65_0,69 մլրդ տարի) ապարներից։ Դրանք առանձին ելքերով մերկանում են Ծաղկունյաց ու Փամբակի լ-շղթաներում, Հախում գետի հովտում և կազմված են փայլարային ու ամֆիբոլային թերթաքարերից, մագմատիտներից ու գնեյսներից։
Կառուցվածքային մյուս համալիրի միայն վերին հատվածի (միջին և վերին դևոն, ստորին կարբոն, պերմ, տրիաս) բնական ելքերն են մերկանում Ուրծի և Վայքի լ-շղթաներում։ Դրանք բիտումացած կրաքարերից, քվարցիտային ավազաքարերից, կավային ու ածխաբեր թերթաքարերից կազմված մոտ 3 հզ․ մ հաստությամբ շերտեր են։
Հետևյալ կառուցվածքային համալիրում նստվածքակուտակումն սկսվել է ստորին յուրայի վերջում և շարունակվել միջին, վերին յուրայում ու ստորին կավճում։ Կուտակումն ընթացել է Վիրահայոց, Սյունիքի ու Կապանի գոտիներում։ Նստվածքները բաղկացած են հրաբխ․ ու հրաբխաբեկոր․ ապարներից։ Համալիրի հաստությունը մոտ 4 հզ․ մ է։
Կառուցվածքային հաջորդ համալիրը տարածված է հանրապետության գրեթե ողջ տարածքում և կազմված է վերին կավճի ու պալեոգենի նստվածքներից, որոնք կուտակվել են միմյանց զուգահեռ բեկվածքային իջվածքներում (տրոգներում) և դրանց ընդարձակման հետևանքով առաջացած Բազում_Զանգեզուրի ու Երևան_ Օրդուբադի գոգածալքային ճկվածքներում։ Վերին կավճի նստվածքները հիմնականում ցամաքածին-կարբոնատային են՝ հրաբխ․ ապարների քիչ խառնուրդով։ Պալեոգենի նստվածքները կազմված են հիմնային, միջին թթվության, թթու հրաբխ․ ու հրաբխաբեկոր․ ապարներից, մասամբ՝ ցամաքածին կարբոնատային տարրերի խառնուրդով։ Համալիրի հաստությունն ավելի քան 5 հզ․ մ է։
ՀՀ տարածքի ամենաերիտասարդ կառուցվածքային համալիրի ապարների կուտակումն ընթանում է ցայսօր շարունակվող լեռնակազմ․ փուլում։ Պալեոգենի վերջում, նեոգենի սկզբում հանրապետության տարածքում տեղի են ունեցել նորագույն տեկտոն․ շարժումներ, որոնցով ավարտվել է գեոսինկլինալային զարգացման փուլը և սկսվել ու շարունակվում է լեռնակազմ․ փուլը։ Գոգավորություններում կուտակվել են միոցենի և պլիոցենի մոտ 2 հզ․ մ հաստությամբ լճալագունային նստվածքներ (ավազաքարեր, կավեր, կերակրի աղ, գիպս ևն)։ Լեռն․ շրջաններում միոցենի, պլիոցենի և չորրորդականի ընթացքում կուտակվել է հրաբխ․ և հրաբխաբեկոր․ ապարների մոտ 2,5 հզ․ մ հաստությամբ շերտ։ Հանրապետության տարածքի ընդերքում գերակշռում են թթու և հիմնային կազմի ներծին մագմայական խորքային ապարները (գնեյս, գրանիտ, դիորիտ, մոնցոնիտ, գաբրո ևն), որոնք մերկանում են մինչքեմբրիի, յուրայի և պալեոգենի շերտագոյացումներում։ Դրանցից ամենախոշորը Մեղրու ներժայթուքն է՝ մոտ 1000 կմ 2 մակերեսով։ Խորքային ապարների հատուկ տարբերակ են վերին կավճի գերհիմնային ապարները, որոնց ելքերը մերկանում են Սևան-Հագարուի, Բազում-Զանգեզուրի և Վեդու գոտիներում։ Գտնվելով Եվրասիական ու Աֆրիկաարաբ․ ցամաքային սալերի միջև՝ ՀՀ տարածքը կրում է դրանց տեղաշարժերի ազդեցությունը։
Ըստ ծալքավորության գլխ․ փուլերի առանձնացվում են բայկալյան, հերցինյան, կիմերյան և նոր ալպիական ծալքավոր