Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/96

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Դիլիջան, Լիճք ևն) ավելի քան 500 ելք։

Հողերը։ Հիմնականում պլիոցենում ու Չորրորդականում ձևավորված ՀՀ երիտասարդ հողային ծածկույթի բազմազանությունը պայմանավորված է ֆիզիկաաշխարհագր․ պայմանների բարդ համալիրով։ Ըստ բարձրության փոխվում են լանդշաֆտային պայմանները, հետևաբար նաև հողերի ծագումնաբան․ տիպերը։ Դրանով է պայմանավորված հողերի բարձունքային գոտիականությունը, որը տարբեր է ՀՀ հս․ ու հվ․ մասերում։ Հս․ համեմատաբար խոնավ կլիմայի պայմաններում բացակայում են կիսաանապատային գորշ և չոր տափաստանային շագանակագույն հողերը։ Հվ․ չոր կլիմայի պայմաններում մինչև 1100, 1300 մ բարձր-ների վրա տարածված են կիսաանապատային գորշ հողերը, որոնք հերթագայվում են լեռն․ շագանակագույն հողերի բավական լայն շերտով (մինչև 1500_1600 մ բարձր․ վրա)։

Կիսաանապատային գորշ հողերը զարգացել են չորային, շոգ կլիմայի և կիսաանապատային բուս․ ծածկույթի պայմաններում, կարբոնատներով ու խճով հարուստ ավազակավերի ու կավավազների վրա, 800_1250 մ բարձր-ներում՝ Արարատյան դաշտում, Արագած ու Գեղամա լ-զանգվածների նախալեռներում, Ուրծի, Երանոսի լ-շղթաներում, զբաղեցնում են ՀՀ տարածքի 5,8 %-ը։ Չոր տափաստանային գոտուն բնորոշ լեռնային շագանակագույն հողերը զարգանում են շոգ, սակավ խոնավապահովված կլիմայի պայմաններում, չոր տափաստանային գոտուն բնորոշ հացազգի տարախոտային խմբավորումների տակ, 1250_1700 մ բարձր․ վրա՝ Թալինի, Շամիրամի, Եղվարդի, Կոտայքի սարավանդներում, դրանց հարակից լանջերում, Արփա և Որոտան գետերի միջին հոսանքի ավազաններում, զբաղեցնում են ՀՀ տարածքի 9,2 %-ը։ Լեռնային սեվահողերը զարգանում են չափավոր տաք ու խոնավ կլիմայի պայմաններում, 900_2300 մ բարձր-ներում՝ Գորիսի, Տեղի, Եռաբլրի, Անգեղակոթ-Գոռհայքի, Հրազդանի, Ապարանի և Շիրակի սարավանդներում, Լոռու, Սևանի, Փամբակի գոգավորություններում, զբաղեցնում են ՀՀ տարածքի 27,5 %-ը։ Լեռնաանտառային հողերը զարգանում են չափավոր տաք ու խոնավ կլիմայի պայմաններում՝ Խնձորուտ, Տավուշ, Հախում, Աղստև, Դեբեդ գետերի ավազաններում, ինչպես նաև Միափորի, Իջևանի, Լեջան-Լալվարի, Գուգարքի, Բազումի, Փամբակի և Զանգեզուրի լ-շղթաներում՝ 500_2400 մ բարձր-ներում, զբաղեցնում են ՀՀ տարածքի 27,2 %-ը։ Լեռնամարգագետնային և մարգագետնատափաստանային հողերը զարգանում են բարձր խոնավության և ցածր ջերմաստիճանի պայմաններում, հիմնականում Լեջան-Լալվարի, Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի հրաբխ․ լ-զանգվածների, Զանգեզուրի ու Փամբակի լ-շղթաների 2200_3800 մ բարձր-ներում, զբաղեցնում են ՀՀ տարածքի 24 %-ը։

Գոտիական հողատիպերից բացի ֆիզիկաաշխարհագր․ որոշակի պայմանների ու մարդու տնտ․ գործունեության հետևանքով ոչ մեծ տարածքներով զարգանում են ոչ գոտիական ոռոգելի մարգագետնային գորշ (Արաքս գետի, Արմավիրի, Ստորին Հրազդանի ու Արտաշատի ջրանցքի միջև ընկած Արարատյան դաշտի մինչև 900 մ բարձր-յան տարածքը), մարգագետնասեվահողային (Լոռու գոգհովտում, Աշոցքի, Շիրակի ու Ապարանի սարավանդներում, Սևանի ավազանում), ճմակարբոնատային (փոքր զանգվածներով՝ Տավուշի մարզի և Սյունիքի մարզի հվ․ անտառային հողատիպերում),