Jump to content

Էջ:Հայկական Համառոտ Հանրագիտարան․ Հ տառով հոդվածները.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


42°C, Արարատյան դաշտ)։ Անսառնամանիք ժամանակաշրջանի տևողությունը ցածրադիր գոտում 253, բարձրադիրում՝ 60 օր է։ Լեռն․ ռելիեֆով և վայրի բարձրությամբ են պայմանավորված գոլորշունակության խիստ տատանումը 600 մմ-ից (Արագած լ-զանգված) 1250 մմ (Արարատյան դաշտ) և ամպամածությունը։ Առավել ամպամածություն դիտվում է ձմռանը (հս․ շրջաններ), առավել պարզ եղանակ՝ ամռանը (Արարատյան դաշտ ու Սևանի ավազան)։

ՀՀ-ում ըստ բարձրության հերթափոխվում են չոր մերձարևադարձային, չոր խիստ ցամաքային, չոր ցամաքային, չափավոր ցամաքային, տաք չափավոր խոնավ, բարեխառն չափավոր խոնավ, բարեխառն խոնավ, չափավոր ցուրտ խոնավ, բարձրլեռն․ ցուրտ, դաժան լեռնային կլիմայի տիպերը (տես ՀՀ կլիմայի տիպերը քարտեզը)։

Ջրագրությունը։ ՀՀ գետերը պատկանում են Արաքսի (ՀՀ տարածքի 76,4 %-ը) և Կուրի (23,6 %-ը) ավազաններին։ Հանրապետությունում կա 9480 գետ և գետակ, որից 9100-ը՝ մինչև 10 կմ, 318-ը՝ 10-25 կմ, 57-ը՝ 26_100 կմ, 5-ը (Արաքս, Ախուրյան, Դեբեդ, Հրազդան, Որոտան)՝ մինչև 200 կմ երկարությամբ։ Գետային ցանցի միջին խտությունը 0,31 կմ/կմ 2 է։ Ջրագր․ ցանցն առավել խիտ է ծալքաբեկորային լեռների շրջանում, նոսր՝ հրաբխ․ բարձրավանդակում։ Գետերի սնումը խառն է՝ ստորգետնյա, հալոցքային և անձրևային։ Սնման ամենակարևոր բաղադրիչը ստորգետնյա ջրերն են (30_50 %)։ Գետերի ջրերի տարեկան միջին ծախսը մոտ 220 մ 3/վրկ է։ Առավել ջրառատ են Ձորագետ, Աղստև, Մարմարիկ, Վարդենիս, Արգիճի, Որոտան, Ողջի գետերի վերին հոսանքները։ Մեծամորից բացի մյուս գետերի ռեժիմը սեզոնային ու անհավասարաչափ է։ Հորդացումներ լինում են ապրիլ-հունիսին և աշնանը։ Գետերի մեծ մասը լեռնային բնույթի է։ Որոշ գետեր հովտի տարբեր մասերում ունեն հարթավայրային բնույթ (Դեբեդ, Աղստև, Ազատ ևն)։ Գետաջրերը հիդրոկարբոնատային են (թույլ ու միջին հանքայնացմամբ)։ Սևանա լճի և Մեծամոր գետի ջրերի աղիությունը համապատասխանաբար 700_725 մգ/լ և 500_520 մգ/լ է։ Գետաջրերի մեջ լուծված նյութերի տարեկան հոսքը 1,3 մլն տ է (0,4 մլն տ՝ Կուրի, 0,9 մլն տ Արաքսի ավազանում), կախութային նյութերինը՝ 2 մլն տ (0,8 մլն տ՝ Կուրի, 1,2 մլն տ Արաքսի ավազանում)։

ՀՀ խոշոր գետը Արաքսն է, որը հոսում է հանրապետության հետ Թուրքիայի (150 կմ) ու Իրանի (40 կմ) սահմաններով։ Արաքսի ավազանին են պատկանում Ախուրյան, Քասաղ, Հրազդան, Ազատ, Վեդի, Արփա, Որոտան, Ողջի, Մեղրի, Ծավ, Մալև, Շվանիձոր և այլ գետեր՝ իրենց համակարգերով։ Արաքսի ավազանում տեղական, բայց ուրույն նշանակություն ունեն Սևանա լիճը և դրա մեջ թափվող գետերն ու գետակները, որոնցից առավել ջրառատ են Արգիճին, Մասրիկը, Գավառագետը, Վարդենիսը։ Կուրի ավազանին են պատկանում Դեբեդը (Փամբակ ու Ձորագետ կազմարարներով), Աղստևը, Հախումը, Տավուշը, Խնձորուտը, Ոսկեպարը ևն։

ՀՀ տարածքի ավելի քան կեսին բնորոշ են սելավները, որոնք առաջանում են գարնանը, ամռանն ու աշնանը, երբ մթն․ տեղումները թափվում են տեղատարափ անձրևների ձևով։ Առավել սելավաբեր են Սևանա լճի արլ․ ավազանի, Փամբակ, Դեբեդ, Ողջի ու Մեղրի գետերի ավազանները, Մաստարայի, Գետառի, Ջրվեժի, Չորսելավի, Ողջաբերդի սելավները։

ՀՀ և Կովկասի ամենախոշոր լիճը Սևանն է։ Մնացած լճերը՝ Քարի, Լեսինգ, Ամբերդ (Արագածում), Ակնա, Զեյնալ, Արնոտ ևն (Գեղամա լ-շղթայում), Գազանա, Կապուտան ևն (Զանգեզուրի լեռներում), Ալ, Սև ևն (Սյունիքի բարձրավանդակում) փոքր են և մեծ մասամբ գտնվում են բարձրլեռն․ գոտում, որտեղ բարձր լ-գագաթների վրա (Աժդահակ, Արմաղան ևն) կան նաև խառնարանային լճեր։ ՀՀ հս-արմ․ մասում, Աշոցքի սարահարթում է Արփի լիճը, Տավուշի մարզում, մոտ 1350 մ բարձր․ վրա՝ Պարզ լիճը, Արարատյան գոգավորությունում՝ Մեծամորը։ ՀՀ ընդերքը հարուստ է անուշահամ արտեզյան ջրերի ավազաններով։ Կա տարբեր որակով ու քիմ․ կազմով հանք․ ջրերի (Ջերմուկ, Արզնի, Բջնի,