Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՌԽՖՍՀ պետք է ճանաչի Հայաստանի Հանրապետությունը և չմիջամտի նրա ներքին գործերին, պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները միմյանց դեմ, և խորհրդային զորքերը հետ քաշվեն, ու վերականգնվի ստատուս քվոն մինչև նրանց Ղարաբաղ և Իջևան մտնելը։ Իսկ հայկական զորքերը իրենց հերթին չեն մտնի Ղարաբաղ, հայկական կառավարությունը թույլ կտա Նախիջևան մտած խորհրդային զորքերին ազատորեն անցնել Ադրբեջան, խորհրդային զորքերը չպետք է կենտրոնանան Հայաստանի սահմանների վրա և այլն։ Բանակցությունները տևեցին մինչև օգոստ. 10-ը, և այդ օրն էլ ստորագրվեց համաձայնագիրը։ Այն բաղկացած էր նախաբանից և 6 հոդվածներից։ Նախաբանում ասված էր, որ ՌԽՖՍՀ ճանաչում է Հայաստանի Հանրապետության անկախությունն ու լիակատար ինքնուրույնությունը։ 1-ին հոդվածով օգոստ. 10-ից դադարեցվում էին ռազմական գործողությունները ՌԽՖՍՀ և Հայաստանի միջև։ հայկական զորքերը Նախիջևանի հատվածում զբաղեցնում էին Շահթախթի-Խոկ-Ազնաբերդ-Սուլթանբեկ և այնուհետև հս. ու Բազարչայից արևմտյան գիծը, իսկ Ղազախի գավառում՝ մինչև հուլիսի 30-ը զբաղեցրած գիծը։ ՌԽՖՍՀ զորքերը զբաղեցնում էին վիճելի համարվող Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը, բացի հայկական զորքերի կողմից զբաղեցվող վերը նշած շերտի (հոդված 2)։ խորհրդային զորքերի կողմից վիճելի տարածքների գրավումը չպետք է կանխորոշեր դրանց նկատմամբ Հայաստանի կամ Ադրբեջանի իրավունքի հարցը։ Այդ տարածքների ժամանակավոր գրավումով ՌԽՖՍՀ նպատակ ուներ նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի խաղաղ լուծման համար, այն հիմունքներով, որոնք կհաստատվեին ՌԽՖԱՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվելիք հաշտության պայմանագրում (հոդված 3)։ Կողմերը պարտավորվում էին նաև զորքեր չկենտրոնացնել ինչպես վիճելի, նույնպես և սահմանակից տարածքներում (հոդված 4)։ Մինչև կողմերի միջև պայմանագրի ստորագրումը ՇահթախթիՋուլֆա երկաթգծի շահագործումը հանձնվում էր Հայաստանի երկաթուղային վարչությանը, պայմանով, սակայն, որ այն չօգտագործվի ռազմական նպատակներով (հոդված 5). ՌԽՖՍՀ երաշխավորում էր հայկական զորքերի ազատ անցումը Հայաստան, որոնք հայտնվել էին խորհրդային զորքերի զբաղեցրած գծից այն կողմ։ Համածայնագրից դժգոհ մնացին ինչպես Հայաստանի, այնպես էլ ՌԽՖՍՀ դաշնակիցները։ Շուտով Երեվան ժամանեցին Անդրկովկասում Անգլիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները և Հայաստանի կառավարությունից պահանջեցին բացատրություն, թե արդյոք համաձայնագրի ստորագրումը չի նշանակում, որ նա փոխել է իր քաղաքականությունը Արմ-ի նկատմամբ։ Հայաստանի կառավարությունը հավաստիացրեց նրանց, որ նախկինի նման մնում է հակաբոլշևիկյան դիրքերում։ Իսկ խորհրդային Ռուսաստանի դաշնակիցները՝ քեմալական Թուրքիան և Ադրբեջանը, դժգոհելով, առավել ուժեղացրին հակահայկական իրենց գործունեությունը։ Մոսկվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Բեքիր Սամին համառորեն պնդեց և ի վերջո ստացավ խորհրդային կառավարության համաձայնությունը Շահթախթին ու Սարիղամիշը գրավելու համար՝ կարմիր բանակի հետ անմիջական կապ ստեղծելու պատրվակով (տես Մոսկվայի ռուսթուրքական կոնֆերանսներ 1920, 1921)։ 1920-ի սեպտ. թուրք, զորքերը ներխուժեցին Հայաստան (տես Թուրքական արշավանք 1920) ։

է. Ձոհրաբյան

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԽՖՍՀ ՄԻՋԵՎ 1920, ստորագրվել է դեկտ. 2-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Բ. Լեգրանի գլխավորած ՌԽՖՍՀ պատվիրակության (տես Լեգրանի առաքելություն 1920) միջև երկարատև բանակցություններից հետո։ խորհրդային կողմի նպատակն էր խորհրդային իշխանություն հաստատել Հայաստանում խաղաղ ճանապարհով։ Համաձայնագրով Հայաստանը հայտարարվում էր անկախ սոցիալիստ, հանրապետություն, Հայաստանի Հանրապետության կառավարությունը հեռացվում էր իշխանությունից, ամբողջ իշխանությունն անցնում էր ժամանա կավոր ռազմահեղափոխական կոմիտեին, որի կազմի մեջ էին մտնում կոմկուսի 5 անդամներ և 2 ձախ դաշնակցական։ խորհրդային Ռուսաստանի կառավարությունը պարտավորվում էր անհրաժեշտ ռազմական ուժեր կենտրոնացնել խորհրդային Հայաստանի անկախությունը պաշտպանելու համար։ Մինչդեռ արդեն 1920-ի նոյեմբ. վերջին Հայաստանի հս. շրջաններում հայտարարվել էր խորհրդային իշխանություն, կոմունիստների գլխավորած Հայաստանի Հեղկոմը նոյեմբ. 29-ին հայտարարեց խորհրդային իշխանության հաղթանակը և դեկտ. 4-ին ժամանեց Երևան։ Հեղկոմը չհամաձայնվեց համաձայնագրի այն պայմանի հետ. ըստ որի ռազմահեղափոխական կոմիտեի կազմում ՀՀԴ կուսակցությունը պիտի իր ներկայացուցիչներն ունենար։

Գրականություն

Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշիաւնության հաղթանակը Հայաստանում. Փաստաթղթերի և նյութերի ժող., ե., 1960։

Կ. Խուդավերղյան

ՀԱՄԱՍՏԵՂ (Կելենյան Համբարձում) (1895, գ. Փերճենճ, (Խարբերդի նահանգում)1966, Նյու Յորք). գրող։ Ուսանել է ծննդավայրի դպրոցում, այնուհետև՝ Մեզիրեի կենտրոն, վարժարանում։ 1913-ին տեղափոխվել է ԱՄՆ։ Աշխատակցել է «Փյունիկ» ամսագրին և «Հայրենիք» օրաթերթին։ Հ-ի «Գյուղը» (1924) և «Անձրև» (1929) պատմվածքների ժող-ները «կարոտի գրականության» առաջին և ցայտուն նմուշներից են։ 1950-60-ական թթ. լույս են տեսել «Սպիտակ ձիավորը» (հ.1-2), «Քաջ Նազար և 13 պատմվածքներ», «Աղոթարան», «Այծետոմար և ուրիշ բանաստեղծություններ», «Պատմվածքներ և հեքիաթներ», «Առաջին սերը» ժողովածուները. «Հայաստանի լեռներու սրնգահարը» դրաման և այլ գրվածք