Jump to content

Էջ:Հայկական Հարց Հանրագիտարան (Armenian Question Encyclopedia).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ընթերցողին ներկայացվող այս հանրագիտարանը նվիրված է մի կնճռոտ խնդրի, որն ամբողջ դարաշրջան է կազմում Հայաստանի պատմության մեջ և խոր հետք է թողել հայ ժողովրդի հասարակական կեցության, գործունեության ու աշխարհընկալման վրա։

«Հայկական հարց» ասելով ժամանակակից գիտությունը ենթադրում է հայ ժողովրդի քաղաքական պատմության խնդիրների այն ամբողջականությունը, որոնք կապված են նրա պետականության վերականգնման և իր բնօրրանում ազգային համախըմբման ձգտման հետ։ Որպես միջազգային հարաբերությունների և դիվանագիտության առարկա Հայկական հարցը ձևավորվել է XIX դարի 2-րդ կեսին և կազմել Արևելյան հարցի, որը տևական ժամանակ եվրոպական դիվանագիտության ուշադրության կենտրոնում գտնվող միջազգային հակասությունների բարդ հանգույց էր, բաղկացուցիչ մասը։ Այդ առումով Հայկական հարցը նախ և առաջ արևմտահայերի վիճակի և ճակատագրի հարցն է, որոնք, գտնվելով Օսմանյան կայսրության տիրապետության տակ, ենթարկվել են սոցիալական ու քաղակական դաժան ճնշման, ազգային ու կրոնական հալածանքների։ Ըստ էության մնալով նույնը՝ Հայկական հարցը տարիների հետ կրել է փոփոխութուններ, իսկ XIX դարի վերջից և հատկապես առաջին համաշխարհային պատերազմից սկսած այն բնորոշվում է Արևմտյան Հայաստանում և Թուրքիայի մյուս հայաբնակ վայրերում թուրքական կառավարության կազմակերպած հայերի զանգվածային կոտորածներով ու տեղահանությամբ։ XX դարի առաջին ցեղասպանության ժամանակից ի վեր Հայկական հարցը գերազանցապես ընկալվում է ցեղասպանության և նրա հետևանքների տեսանկյունից։

Հետևանքներից կարևորը հայ արտաշխարհի՝ սփյուռքահայության կազմավորումն է, որի սերունդներն արդեն հանդես են գալիս ոչ թե սոսկ պատմական հիշողության կրողներ, այլև որպես պատմական արդարության վերականգնման համար պայքարի հիմնական շարժիչ ուժ։

Երբ Հայաստանի Հանրապետության (1918-1920) անկումով հայերը ոչ միայն կորցրին Արևմտյան և Արևելյան Հայաստանը մեկ միասնական պետության մեջ միավորելու հնարավորությունը, այլև զրկվեցին իրենց անդրկովկասյան տարածքների մի զգալի մասից (Նախիջևան, Ղարաբաղ և այլն), Հայկական հարցի արդի ընկալումն այլևս ենթադրում է պատմական արդարության վերականգնումն իր ամբողջ ծավալով։ Այս իմաստով այսօր Լեռնային Ղարաբաղում ծավալված ազգային-ազատագրական շարժումն ու սեփական պետականության ձևավորման գործընթացը հանդիսանում են Հայկական հարցի բաղկացուցիչ մասը։

Հայկական հարցի և հայերի ցեղասպանությանհետ կապված իրադարձությունները, իհարկե, իրենց լուսաբանումն են գտել հայրենի և արտասահմանյան պատմագրության մեջ։ Խնդրո առարկա հարցի նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է 1960ական թթ. կեսից, երբ հայ և համաշխարհային հանրությունը լայնորեն նշեց հայերի 1915 թ. ցեղասպանության 50-ամյակը։ 1960-80-ական թթ. Հայկական հարցը, հայ ժողովրդի պահանջատիրությունը դարձան միջազգային հասարակայնության քննարկման առարկա։ Աշխարհի տարբեր երկրների կառավարական, հասարակական-քաղաքական մի շարք կազմակերպություններ, միջազգային գիտական, հասարակական ու կրոնական միություններ ցուցաբերեցին հայ ժողովրդի իղձերի, խոր ըմբռնում։ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած Հայաստանի անկախութան մասին հռչակագրում պաշտպանություն հայտնվեց հայերի ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

Ձեռնարկելով ներկա հրատարակությունը՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունը նպատակադրվել է ստեղծել հանրագիտական մի տեղեկատու՝ Հայկական հարցի ծագման ու զարգացման, Թուրքիայում հայերի ցեղասպանության, նշված խնդիրներին առնչվող իրադարձությունների և անձանց մասին։ Հանրագիտարանում զետեղված են հոդվածներ Հայկական հարցին վերաբերող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի և դիվանագիտական այլ փաստաթղթերի, այդ հարցին նվիրված միջազգային բանակցությունների, խորհըրդաժողովների ու վեհաժողովների մասին, հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժման,հայդուկային-ֆիդայական պայքարի, հայերի ինքնապաշտպանական կռիվների, Հայկական հարցի և հայերի ցեղասպանության նկատմամբ մեծ տերությունների ու միջազգային հանրության դիրքորոշման մասին։ Հանրագիտարանում կենսագրական տեղեկություններ կան հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալների, տարբեր երկրների պետական, քաղաքական, հասարակական գործիչնե