Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատերազմյան շրջանում գրել է «Պոեմ առանց հերոսի» երկը, ուր քննադատել է իր գրական անցյալը։ Բանաստեղծական նորարարությամբ ու բարձր արվեստով է գրված «Ժամանակի վազքը» (1965) վերջին ժողովածուն։ Ա. կատարել է թարգմանություններ մերձբալթյան, հրեա, արևմտաեվրոպական և արևելյան հեղինակներից, հայ բանաստեղծներ Իսահակյանից, Տերյանից, Չարենցից։ Մահացել է մարտի 5-ին, Մոսկվայի մարզի Դոմոդեդովո գյուղում, թաղված է Լենինգրադում։

Գրկ. {լայն|Павловскнй А. И.}, Анна Ахматова, Л., 1966. Ե. Ալեքսանյան

Ախմետելի, Ալեքսանդր (Սանդրո) Վասիլիի (1886-1937), վրացի ռեժիսոր։ ՎՍՍՀ ժողովրդ. արտիստ (1933)։ Ծնվել է ապրիլի 1( 13)–ին, Անագա գյուղում (ՎՍՍՀ)։ Վրացական սովետական թատրոնի հիմնադիրներից, Կ. Մարջանիշվիլու աշակերտը։ 1926–35-ին եղել է Թբիլիսիի Ռուսթավելու անվ. թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Բեմադրել է Գլեբովի «Զագմուկ» (1926), Լավրենյովի «Բեկում» (1928), Շանշիաշվիլու «Անզոր» (1928), Շիլլերի «Ավազակներ» (1933), Սլավինի «Ինտերվենցիա» (1934) պիեսները։ Ա–ի արվեստին հատուկ էր հուզականությունը, դինամիզմը, զանգվածային տեսարանների բեմականացման վարպետությունը։ Հ. Աբելյանի, Վ. Փափազյանի, Ի. Ալիխանյանի, Ա. Բուրջալյանի հետ Ա. կապված էր ստեղծագործական բարեկամությամբ։

Երկ. კრებუღი, თბ., 1958;


Ախշարումով Դմիտրի Դմիտրիի (1823–1910), ուտոպիստ–սոցիալիստ, գրող, բժիշկ։ Ծագումով հայ, Դ. Ի. Ախշարամովի որդին։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի արեելագիտական ֆակուլտետը (1846)։ 1848-ին անդամագրվել է պետրաշևականների խմբակին և դարձել Ռուսաստանի ուտոպիստ–սոցիալիստական շարժման նշանավոր դեմքերից։ Ա. Շ. Ֆուրիեի գաղափարների հետևորդ էր, միաժամանակ, հեղափոխական–դեմոկրատ։ Կողմնակից էր ժողովրդի ստորին խավերին քաղաքական պայքարի մեջ ներգրավելուն։ 1849-ին բանտարկվել և դատապարտվել է գնդակահարության, սակայն վճիռը փոխվել է։ Ա. աստիճանազրկվել ու մյուս պետրաշևականների հետ աքսորվել է Կովկաս։ 1856-ին ազատվել է զինվորական ծառայությունից և իրավունք ստացել ապրելու Ռուսաստանի կենտրոնական քաղաքներում։ 1862-ին ավարտել է Բժշկա–վիրաբուժական ակադեմիան։ Հրատարակել է բազմաթիվ հոդվածներ ու գրքեր խոլերայի, ժանտախտի և այլ համաճարակային հիվանդությունների մասին։ Պոլտավայում հիմնել է բժիշկների միություն։ Գրել է բանաստեղծություններ, որոնցում արտահայտել է իր քաղաքական հայացքներն ու իղձերը («Հող, դժբախտ հող», 1849, «Լեռը բարձր Է, գագաթը հազիվ է նշմարվում», 1849 ևն)։

Երկ. Из моих воспоминаний (1849-51), СПБ, 1905; Записки петрашевца, М.-Л., 1930: Поэты-петрашевцы , 2 изд., Л., 1957.

Գրկ. Ներսիսյան Մ. Գ., Հայ առաջին ուտոպիստ–սոցիալիստը, «ԲԵՀ», 1967, № 2։ Մ. Ներսիսյան


Ախշարումով Դմիտրի Իվանի (1792–1837), ռուսական ռազմական գործիչ և պատմաբան, ծագումով հայ։ Գեներալ–մայոր (1820)։ Ծնվել է Աստրախանում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է 1-ին կադետական կորպուսը։ Մասնակցել է ռուս–ֆրանսիական (1806–07) և ռուս–թուրքական (1809–11) պատերազմներին, 1812-ի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին (1813–14)։ Աչքի է ընկել Սմոլենսկի, Բորոդինոյի, Մալոյարոսլավեցի և Լյուտցենի ճակատամարտերում։ Ա. 1812-ի Հայրենական պատերազմի առաջին պատմաբանն է։ 1813-ին Պետերբուրգում հրապարակել է «1812 թ. պատերազմի պատմական ակնարկ» գիրքը, որը լրացումներով ու փոփոխություններով վերահրատարակվել է 1819-ին։ 1826–37-ին Ա. կազմել է Ռուսական զինվորական օրենքների առաջին հավաքածուն (հրտ. 1838)։

Երկ. Описание войны 1812 г., СПБ, 1819.

Գրկ. Нерсисян М. Г., Отечественная война 1812 г. и народы Кавказа, Е., 1955. Մ. Ներսիսյան


Ախշտիր, գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, Մեծ Սոչիի Ադլերի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս–արեվելք։ 325 բն. (1968), հայեր, ռուսներ։ Կաթնաբանջարաբուծական սովետական տնտեսություն։ Ունի ակումբ, բուժկայան, կինո։ Հայերը եկել են 1890-ական թթ., Ջանիկից (Համշեն), Սամսունի շրջանից։


Ախոռ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի գավառում, Արածանիի ձախ ափին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 200 հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ա–ի բնակիչները 1915-ին տեղահանվեցին և քշվեցին Դեր–Էլ–Զորի անապատը, որտեղ մեծ մասը կոտորվեց, մի մասն էլ զոհ գնաց սովին։ Աղետից փրկվեցին ընդամենը 10 հոգի, որոնք բնակվեցին Հալեպում։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Գևորգ) և վարժարան։


Ախոռկներ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի գավառում։ 1850-ական թթ. ուներ 19 տուն՝ շուրջ 100 հայ բնակիչ, իսկ XX դ. սկզբին՝ մոտ 200 բնակիչ, որոնք հիմնականում զբաղվում էին այգեգործությամբ ու երկրագործությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Հովհաննես) և վարժարան։ Ա. հայաթափ է եղել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


Ախորժակ, սննդանյութ ընդունելու ցանկություն։ Ա–ի առկայությունը միշտ չէ, որ վկայում է սննդանյութի նկատմամբ օրգանիզմի ունեցած իրական պահանջը։ Քաղցած մարդը երբեմն կարող է Ա. չունենալ (անորեքսիա), օրինակ՝ ստամոքս–աղիքային համակարգի ախտահարումների, նյարդային և վարակիչ որոշ հիվանդությունների ժամանակ։ Պատահում է նաև Ա–ի հիվանդագին մեծացում (բուլիմիա)։ Ա–ի զգացողությունը չպետք է շփոթել քաղցի զգացողության հետ։ Վերջինս օրգանիզմին անհրաժեշտ նյութերի պակասի նշան է։ Ա. կարող է փակվել հուզմունքից (վախ, ուրախություն, ցավ) և բացվել սննդանյութի հաճելի հոտից, տեսքից, սպասքից ևն։


Ախպերս, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանա լճի հարավային ափին, Նարեկա վանքից մոտ 4 կմ հարավ։ XX դ. սկզբին ուներ 39 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղը ուներ եկեղեցի և ուսումնարան։ Ա. ամայացել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, իսկ մյուսը ապաստանել Արևելյան Հայաստանում։


Ախպերքան, գյուղ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 42 կմ հյուսիս–արևմուտք։ 181 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։


Ախվեիս, գյուղ նախկին Երևանի նահանգի Սուրմալուի գավառում, Իգդիրից հյուսիս–արևմուտք։ XIX դ. վերջին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա–ում կար ուսումնարան և եկեղեցի, շրջակայքում պահպանվել են բերդի և եկեղեցու ավերակներ։ 1920-ին Ա–ի բնակիչների մի մասը զոհվեց, մյուսը՝ ապաստանեց Սովետական Հայաստանում։


Ախվերդյան Գևորգ Ախվերդիի (1818 –1861), հայ բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ։ Սայաթ–Նովայի երգերի հայտնաբերողը, հրատարակիչն ու առաջին մեկնաբանը։ Ծնվել է հունիսի 5-ին, Թիֆլիսում, զինվորականի ընտանիքում։ Ավարտել է Լազարյան ճեմարանը (1834) և Սոսկվայի համալսարանի բժշկական բաժինը (1839)։ Եղել է զինվորական բժիշկ Կովկասում (1839–42), հետո՝ ռազմական մինիստր Չերնիշևի անձնական բժիշկը՝ Պետերբուրգում։ 1846-ից Թիֆլիսում փոխարքայի գրասենյակի պաշտոնյա էր, ապա՝ կարանտինամաքսային գործերի ավագ աստիճանավոր։ Ստացել է գեներալի կոչում։

Նկարում` Գ. Ա. Ախվերդյան

Անմիջական մասնագիտությանը զուգընթաց Ա. ծավալել է գրական–հասարակական բազմակողմանի գործունեություն, զբաղվել բանասիրությամբ, բարբառագիտությամբ, պատմության հարցերով։ Հայ բանասիրությունը Ա–ին է պարտական Գահնամակի հայտնաբերման համար։ Մասնակցել է Կովկասյան երկրամասի ոսկու արդյունահանման նախագծի մշակմանը, ղեկավարել Կովկասյան ուսումնական օկրուգի դասագրքեր հաստատող կոմիտեի հայոց լեզվի բաժինը։ Հանդես է եկել նաև համքարային կազմակերպությունների պաշտպանությամբ, գրել