ժեշտ է ստամոքսահյութի հետազոտություն։ Բուժումը՝ դյուրամարս սնունդ, աղաթթվի, պեպսինի, ենթաստամոքսային գեղձի պատրաստուկների ընդունում։
ԱԽԻԿԱՐ, Ակիր, տես Խիկար։
Նկարում` Վ. Գ. Ախիկյան։
ԱԽԻԿՅԱՆ Վրթանես Գալուստի (1872–1936), հայ նկարիչ։ ՀՍՍՀ արվեստի վաստակ. գործիչ (1935)։ Ծնվել է Վանում։ Գեղարվեստական կրթությունն ստացել է նախ Կ. Պոլսում, ապա՝ 1896-ից, Պետերբուրգում (1900–10-ին Գեղարվեստի ակադեմիայում)։ Աշակերտել է Պ. Կովալևսկուն, Ֆ. Ռուբոյին, Ն. Սամոկիշին, Ի. Ռեպինին։ 1912-ին վերադարձել է Վան։ 1915-ին գաղթել է Թիֆլիս։ 1921-ից բնակվել է ստեղծագործել է Երևանում։ Ա. նկարչություն է դասավանդել Վանի Կենտրոնական վարժարանում (1912–15), Թիֆլիսի Գայանյան դպրոցում (1915–18), Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումում (1921–29)։ Աշխատակցել է «Հասկեր», «Լուսաբեր», «Հոկտեմբերիկ», «Պատկոմ», «Մաճկալ», «Հայաստանի աշխատավորուհի» պարբերականներին։ 1902-ից մասնակցել է Պետերբուրգի, Մոսկվայի, Կիևի, Լոնդոնի, Թիֆլիսի, Լենինականի, Երևանի նկարչական ցուցահանդեսների։ Ա. հայ գեղանկարչության ռեալիստական դպրոցի ներկայացուցիչ է։ Լավագույն աշխատանքներից են՝ «Դեղձեր» (1925), «Արարատ» (1925), «Ավան գյուղը» (1928), «Ժողտան շինարարությունը» (1928), «Արզնու բազալտ կտրողները» (1933), «Կարմիր հեծելազորի գրոհը» (1933)։ Մահացել է փետր. 21-ին, Երևանում։
Գրկ. Արվեստի վաստակավոր գործիչ Վրթանես Ախիկյանի նկարների ցուցահանդես [կատալոգ], Ե., 1937։ Շիշմանյան Ռ., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958։
Նկարում` Վ. Գ. Ախիկյան։ 1. «Դեղձեր»։ 1925։ 2. «Ժողտան շինարարությունը»։ 1928։
ԱԽԻՋԱՆԵՆՑ ԱՂԱՋԱՐ ԴԻ ԽԱՉԻԿ (1690–1750), հայ ազատագրական շարժման և հայոց զորքի վերստեղծման ականավոր գործիչ, առաջին հայ գեներալը ռուսական բանակում (ռուսական աղբյուրներում հայտնի է Լազար Խրիստոֆորով անունով)։ Ծնվել է Նոր Ջուղայում, վաճառականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Խաչիկ աղան, եղել է Նոր Զուղայի հայ համայնքի ղեկավարներից։ Ա. Ա. իր սկզբնական կրթությունն ստացել է տեղի Ամենափրկիչ վանքի դպրոցում։ 1721–22-ին պարսկա–աֆղանական պատերազմի ժամանակ մասնակցել է Նոր Ջուղայի հայերի ինքնապաշտպանության ջոկատների կազմակերպմանը։ Հենց այդ ջոկատների շարքերում էլ նա ձեռք է բերել իր առաջին ռազմական գիտելիքներն ու փորձը։ Երբ Աֆղանստանի էմիր Միր–Մահմուդը գրավեց Նոր Ջուղան, Ա. Ա. 1722-ի աշնանն իր զինված ջոկատով անցավ Գիլանում գործող ռուսական զորքերի կողմը՝ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարին նպաստելու։ Ռուսներին համագործակցող հայերից կազմված ջոկատների ղեկավարներ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի և Այվազ Աբրահամովի հետ համաձայնության է եկել հայկ. ջոկատները միավորելու վերաբերյալ (տես Հայկական էսկադրոն)։ Հայկ. էսկադրոնի առաջին հրամանատարի՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի զոհվելուց հետո (1724) զորամասի ղեկավարությունը ստանձնել է Ա. Ա.: Նրա ջանքերի շնորհիվ Հայկ. էսկադրոնի մարտական ուժերի թիվը հասել է 700 հոգու, որոնց զինման, հանդերձավորման ու պարենավորման գործը հոգացել է մինչև 1728-ը։ Իր զորամասով ակտիվ մասնակցել է ռուսական զորքերի կասպիական արշավանքի (1722–35) բոլոր ճակատամարտերին։ Խիզախության, հավատարիմ ծառայության համար արժանացել է պարգևների։ Ռուսաստանի Զինվորական կոլեգիայի հատուկ միջնորդությամբ, Աննա կայսրուհու հրամանով, նրան փոխգնդապետի աստիճանից 1734-ին միանգամից շնորհվել է գեներալ–մայորի կոչում։ Ա. Ա. վայելել է զինվորների հարգանքը և ռուսական բարձրաստիճան հրամանատարության վստահությունը, եղել է ռուսական զորքերի հետ համագործակցող հայկ. ու հայ–վրացական բոլոր զորաբաժինների սպայական կազմի ճանաչված ղեկավարը։ Նա միացնող օղակ է եղել Կասպից ծովի ավազանում գտնվող ռուսական զինված ուժերի հրամանատարության և Հայաստանում մարտական գործողություններ ծավալած հայոց զորքերի միջև։ Երեք անգամ (1734, 1736, 1742) այցելել է Պետերբուրգ։ Մահացել է Ղզլար քաղաքում։
Գրկ. Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, т. 1, М., 1833; Бутков П. Г., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 годы, ч. 1, СПБ, 1869; Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898; Армянское войско в ХVIII веке. Из истории армяно-русского военного содружества (Исслед. н док.), Подготовил к изд. А. Н. Хачатурян, Е., 1968.
ԱԽԼԱԹ, քաղաք Բիթլիսի վիլայեթում, տես Խլաթ։
ԱԽԼԱԹՅԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, Որոտանի վտակ Այրի գետի աջ ափին, շրջկենտրոնից 12 կմ հարավ։ 529 բն. (1970), հայեր։ Կաթնա-անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի մշակությամբ, ծխախոտագործությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ա. բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Հայտնի է իր դոլմեններով, մենհիրներով և ուշ բրոնզի դարաշրջանի հարուստ դամբարաններով։
Նկարում` Ա. Ա. Ախմատովա։
ԱԽՄԱՏՈՎԱ Աննա Անդրեևնա (իսկական ազգանունը՝ Գորենկո, 1889–1966), ռուս սովետական բանաստեղծուհի։ Ծնվել է հունիսի 11(23)–ին, Օդեսայում։ Հարել է ակմեիստների գրական շարժմանը (տես Ակմեիզմ)։ Առաջին ժողովածուներին բնորոշ են անկումային տրամադրությունները, ընդգծված զգացմուքայնությունը («Երեկո», 1912, «Համրիչ», 1914, «Սպիտակ երամ», 1917)։ Ա. անմիջապես չըմբռնեց Հոկտեմբերյան հեղափոխության նշանակությունը, սակայն 1917-ին գրած «Ես նրանց հետ չեմ, ովքեր, լքել են հողը…», «Երբ ինքնասպանության թախծի մեջ», «Ես ձայն ունեի…» բանաստեղծություններում հանդես եկավ Ռուսաստանը լքող վտարանդիների դեմ։ Ա–ի ստեղծագործության մեջ նոր գծերի ձևավորումն ունեցել է հակասական ու դժվարին ընթացք։ Երկար ընդմիջումից հետո, 1940-ին Ա. հրատարակել է «Ուռենի» ժողովածուն, որն ընդգրկում է 1924–1940-ին գրած բանաստեղծությունները։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես է եկել բոցաշունչ բանաստեղծություններով («Երդում», «Արիություն», «Լուսինը զենիթում»)։ Ետ–