Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

50 ԱԳԱՐԱԿ

Արաքս գետի ձախ ափին, շրջկենտրոնից 9 կմ հարավ֊արևմուտք: 3802 բն. (1972), հայեր, ռուսներ և ուկրաինացիներ։ Երկաթուղային կայարան (Կարճևան)։ Հիմնադրվել է 1949-ին։ Գունավոր մետալուրգիայի կենտրոն է (տես Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ), կա ասֆալտի գործարան։ Ա. ունի ցերեկային ու բաներիտ միջնակարգ, ութամյա և երաժշտական յոթնամյա դպրոցներ, պրոֆտեխնիկական ուսումնարան, կուլտուրայի պալատ, կինոթատրոն, գրադարան, հիվանդանոց և հյուրանոց։

ԱԳԱՐԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Աշտարակի շրջանում, Ամբերդ գետի ձախ ափին, Աշտարակից 6 կմ արևմուտք։ Ա֊ի տերիտորիայի մեծ մասը գտնվում է Արագած լեռան հվ. ստորոտին։ 1195 բն. (1970), հայեր։ 1919-ից Ա֊ում բնակություն են հաստատել Վանի և Բիթլիսի վիլայեթներից գաղթած հայեր։ 1930-ին կազմակերպվել է կոլտնտեսություն։ Հիմնական ճյուղերն են հացահատիկային և ընդավոր կուլտուրաների մշակությունը և ծխախոտագործությունը։ Զբաղվում են նաև պտղաբուծությամբ։ Ա֊ի շրջակայքում հայտնաբերված են ուրարտական բնակատեղիներ։ Կա նաև V–VI դդ. կիսակործան եկեղեցի։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։


ԱԳԱՐԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, Արագածի ստորոտին, շրջկենտրոնից 27 կմ հարավ֊արևելք։ 629 բն. (1970), հայեր։ 1920-ից Ա֊ում բնակություն են հաստատել Սասուն և Տարոն գավառներից գաղթած հայեր։ 1931-ին կազմակերպվել է կոլտնտեսություն։ Ցանքատարածություններում գերակշռում են հացահատիկային և ընդավոր կուլտուրաները։ Մշակվում են նաև ծխախոտ, կարտոֆիլ և բոստանային կուլտուրաներ։ Ա. ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Շրջակայքում կան հին եկեղեցու ավերակներ։


ԱԳԱՐԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղափանի շրջանում, Բարգուշատի լեռնաշղթայի ստորոտին, շրջկենտրոնից 18 կմ արևելք։ 250 բն. (1970), հայեր։ Կոլտնտեսության (ընդգրկում է նաև Խդրանց գյուղը) ցանքատարածություններում գերակշռում են հացահատիկային և ընդավոր կուլտուրաները։ Զբաղվում են նաև ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։ Ունի ութամյա դպրոց, մանկապարտեզ, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։


ԱԳԱՐԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Ստեփանավանի շրջանում, Ձորագետի ձախ վտակ Մենձորի ափին, շրջկենտրոնից 11 կմ արևելք։ 1325 բն. (1970), հայեր։ Հիմնադրվել է 1811-ին։ Կարտոֆիլագործական֊կաթնաանասնապահական սովետական տնտեսություն է։ Մշակում են նաև հացահատիկային և ընդավոր կուլտուրաներ։ Հիմնականում բուծում են կովկասյան գորշ տավարի ցեղը։ Ունի հացի գործարան, ՀԷԿ, կենցաղսպասարկման տաղավար, կուլտուրայի տուն, գրադարան, հիվանդանոց, դեղատուն, միջնակարգ դպրոց։


ԱԳԱՐԱԿ (նախկին՝ Կավակլուկ), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, երկաթուղային կայարան։ Շրջկենտրոնից՝ 33 կմ հս֊արմ.։ 1692 բն. (1968), հայեր։ Զբաղվում են ծխախոտի ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ա. ունի միջնակարգ և 2 տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան, կինոթատրոն։ Ա. հիմնադրել են Համշենից գաղթած հայերը 1907-ին։


ԱԳԱՐԱԿ, Ագրակ, գյուղ Կարսի մարզում, Տեկոր գետի ափին։ XIX դ. վերջերին ուներ 34 տուն՝ 260 հայ բնակիչներով, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Հայտնի է V և VII դդ. երկու եկեղեցիներով։ Հյուսիսային եկեղեցին (V դ.) թաղածածկ դահլիճ է արևելքից արևմուտք ձգված համաչափություններով։ Երկայնական պատերին հպված կամարներին հենվել է կիսաշրջանաձև թաղը։ Պահպանվել են հյուսիսային և հարավային պատերը, արևելյան կողմում՝ եռաստիճան որմնախարիսխը և պայտաձև աբսիդը։ Բազիլիկի շուրջը ցրված բեկորների մեջ կան IV–V դդ. քառակող կոթողներ։ Նրա մոտ է Ա֊ի մյուս եկեղեցին (VII դ.), որը քառաբսիդ, գմբեթավոր կառուցվածք է՝ արևելյան կողմում զույգ, շեղադիր ավանդատներով։ Միմյանց անմիջականորեն հպված աբսիդների հատման կետերում տեղավորված ութանիստ ուժեղ որմնասյուների վրա բարձրանում են գմբեթակիր կամարները, որոնցով կազմված գմբեթատակ քառակուսին արտաքուստ ութանիստ թմբուկի ներքին շրջագծային հիմքին է փոխանցվում չորս մեծ և ութ փոքր տրոմպների միջոցով։ Գմբեթի կիսագունդը ներքուստ մշակված է ութ դեկորատիվ ճառագայթներով։ Աբսիդներին համապատասխանող արտաքին հնգանիստ ծավալները անմիջականորեն հպված են միմյանց։ Հուշարձանն ունի բազմաթիվ բարձրաքանդակներ (խաղողի որթագալար, վիշապի գլուխ ևն) և X–XI դդ. արձանագրություններ։ Ա֊ում պահպանվել են XV–XVII դդ. ձիարձաններ և կենցաղային մոտիվներով քանդակազարդ գերեզմանաքարեր։ Ս. Մնացականյան


ԱԳԱՐԱԿ, Ագրակ, գյուղ Սեբաստիայի (Սվազի) վիլայեթում, Ազիզիե գավառում։ Թուրքերը աղավաղված ձևով կոչում էին Էքրեք։ XX դ. սկզբներին ուներ 220 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Ա֊ում կային վարժարան, երկու եկեղեցի (Ս. Թորոս և Ս. Աստվածածին), երեք գերեզմանոց, երկուսը հին էին և աչքի էին ընկնում 1–2 մ բարձրությամբ տապանաքարերով, որոնց վրա քանդակված էին արձանագրություններ և խաչեր։ Ա֊ի հայերը տեղահանվել են 1915-ին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են օտար երկրներ։


ԱԳԱՐԱԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղի գավառում։ XX դ. սկզբին ուներ 50 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան։ Ա. ավերել ու ամայացրել են թուրքերը առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Բնակիչների մի մասը զոհվել է, մյուսը գաղթել օտար երկրներ։


ԱԳԱՐԱԿԱՁՈՐ (մինչև 1946՝ Այար), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում։ Շրջկենտրոնից 2,5 կմ հվ.։ 1007 բն. (1970), հայեր։ Ա֊ի հվ֊արմ. մասով անցնում է Արփա գետը։ Կոլտնտեսության ցանքատարածություններում գերակշռում են հացահատիկային և ընդավոր կուլտուրաները։ Զբաղվում են նաև այգեգործությամբ, ծխախոտագործությամբ։ Գյուղն ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ա. հիշատակում է դեռևս Եղիշեն (V դ.)։ Ա֊ի հվ֊արլ. մասում կանգուն է XIII դ. Արփա գետի վրա կառուցված կամուրջը։ XVII–XVIII դդ. այստեղով է անցել Ռուսաստանից Ջուլֆայի վրայով Պարսկաստան տանող ճանապարհը։


ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ, արդյունաբերական ձեռնարկություն Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանի Ագարակ քաղաքատիպ ավանում։ Շահագործման է հանձնվել 1963-ին, տեղական հումքի բազայի վրա։ Արտադրում է պղնձի և մոլիբդենի կոնցենտրատ։ Միավորում է հարստացուցիչ ֆաբրիկան և հանքերը։ Ա. պ. կ֊ի արտադրանքի ընդլայնմանը մեծապես նպաստեց Գյումուշ–Քաջարան–Ագարակ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցումը։