Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԳԻՏԱՑԻԱ 51

ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում։ Հանրապետության խոշոր հանքավայրերից է։ Առաջին անգամ նկարագրել է Հ. Աբիխը (1853)։ Մշակվել է 1857–58, 1863–69, 1905–13-ին։ Արդյունահանվել է միայն փոքր քանակությամբ պղինձ։ Երկրաբանական մանրազնին ուսումնասիրությունն սկսվել է 1930-ից։ Հանքայնացումը կապված է Մեղրու պլուտոնի հիդրոթերմալ փոփոխված սիենիտագրանիտների հետ և տեղադրված է մերձմիջօրեական ուղղության երկու բեկվածքների միջև։ Հանքային միներալները՝ խալկոպիրիտը, մոլիբդենիտը և պիրիտը ապարներում արտահայտված են մանր ցանի, իսկ քվարցի երակիկներում՝ ներփակումների ձևով։ Երբեմն հանդիպում են սֆալերիտ, գալենիտ, մագնետիտ, խունացած հանքանյութ, արսենոպիրիտ, ինչպես նաև խալկոզին, բոռնիտ, ազուրիտ, հազվադեպ՝ կուպրիտ, խրիզոկոլա և բնածին պղինձ։ Ա. պ. հ֊ի հումքով է աշխատում Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ս. Մկրտչյան


ԱԳԴԱՐԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, Գումիստա գետի աջ ափին։ Շրջկենտրոնից՝ 20 կմ հս.։ 463 բն. (1968), հայեր, աբխազներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Ունի հայկ. տարրական դպրոց։ Հայերը եկել են 1886-ին, Օրդուի շրջանից։


ԱԳԻՆՍԿՈՅԵ, քաղաքատիպ ավան, ՌՍՖՍՀ Չիտայի մարզի Ագինսկոյեի Բուրյաթական ազգային օկրուգի վարչական կենտրոնը։ Հիմնադրվել է 1811-ին։ 7,9 հզ. բն. (1970)։ Ա֊ում կա յուղի գործարան, մանկավարժական ուսումնարան։


ԱԳԻՆՍԿՈՅԵԻ ԲՈՒՐՅԱԹԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՕԿՐՈՒԳ, ՌՍՖՍՀ Չիտայի մարզում։ Կազմվել է 1937-ի սեպտեմբերի 26-ին։ Տարածությունը 20,6 հզ. կմ² է, բնակչությունը՝ 67 հզ. (1972), բուրյաթներ, ռուսներ, էվենկներ։ Ունի 3 շրջան, կենտրոնը՝ Ագինսկոյե։ Մակերևույթը հիմնականում լեռնային է։ Արմ. կեսը գրավում են Չերսկու, Դաուրյան և Բորշչովոչնի լշ֊ները. վերջինից հվ. ալիքային հարթավայր է։ Գլխավոր գետերն են Օնոնը և Օլենգույը։ Կլիման ցամաքային է, ձմեռը՝ խստաշունչ, սակավաձյուն։ Հունվ. միջին ջերմաստիճանը –28°C է, հուլիսինը՝ 19° C, տարեկան տեղումները՝ 300 մմ։ Հողերը թույլ պոդզոլացված են, սևահողային և շագանակագույն, բուսականությունը՝ տափաստանային, անտառատափաստանային և լեռնատայգային։ Տերիտորիայի համարյա մեկ երրորդը ծածկված է անտառով։ Տնտեսության հիմնական ճյուղը արոտային մսաբրդատու անասնապահությունն է. զարգացած են նաև ձիաբուծությունը և ուղտաբուծությունը։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, բանջարեղեն և կարտոֆիլ։ Կան գունավոր մետաղների հանքավայրեր, հանքային աղբյուրներ, լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններ։


«ԱԳԻՏԱՏՈՐ» («Агитатор»), ՍՄԿԿ Կենտկոմի երկշաբաթյա հանդես։ Հրատարակվում է Մոսկվայում, 1923-ից, ռուսերեն։ Մինչև 1947-ը հաջորդաբար լույս է տեսել «Պամյատկա ագիտատորա» և «Սպուտնիկ ագիտատորա» անուններով, ապա դադարեցվել է։ 1956-ի սեպտեմբերից վերահրատարակվել է «Ագիտատոր» անունով։ «Ա.» տպագրում է ՍՄԿԿ կյանքին, միջազգային դրությանը, ազգային ազատագրական, բանվորական ու կոմունիստական շարժմանը վերաբերող հոդվածներ։ Մերկացնում է բուրժուական գաղափարախոսությունը, աշխատավորներին դաստիարակում սովետական հայրենասիրոթյան, ժողովուրդների բարեկամության ու պրոլետ․ ինտերնացիոնալիզմի ոգով։


«ԱԳԻՏԱՏՈՐ ԵՎ ՊՐՈՊԱԳԱՆԴԻՍՏ», ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի երկշաբաթյա հանդես։ Հրատարակվում է Երևանում, 1933-ի սեպտեմբերից։ Կրել է տարբեր անուններ. «Պրոպագանդիստ» (ամսագիր, 1935), «Ագիտատորի բլոկնոտ» (երկշաբաթյա հանդես, 1936–65), «Ագիտատորի և պրոպագանդիստի բլոկնոտ» (1965–71)։ 1971-ից լույս է տեսնում «Ա. և պ.» խորագրով։ «Ա. և պ.» տպագրում է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և միջազգային կյանքին վերաբերող հոդվածներ, ընդհանրացնում Հայաստանի կոմունիստական կուսակցական կազմակերպությունների ագիտացիոն աշխատանքի փորձը։


ԱԳԻՏԱՑԻԱ (<լատ. agitatio–դրդել, մղել, շարժել, շարժման հրահրել), մասսաների գիտակցության ու տրամադրության վրա ներգործող, որոշակի գաղափարների ու կոչերի միջոցով նրանց հասարակական֊քաղաքական կարևոր խնդիրների լուծմանը մասնակից դարձնող քաղաքական գործունեություն։ Դասակարգերի ու կուսակցությունների

Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1 (page 51 crop).jpg