Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Morgenthau’s Story, Garden City New York, 1918, p․ 342)։ Նա գտնում էր, որ իրենց պետք է հանձնել նաև ոչնչացված հայերի նույնիսկ արտասահմանյան բանկերում գտնվող ապահովագրական գումարները։ Օսմանյան կառավարողները, անշուշտ, հանցավոր նպատակների համար օգտագործում էին իրենց ժողովրդի հետամնացությունն ու կրոնական մոլեռանդությունը, բայց թուրք, ինչպես նաև քուրդ աշխատավորները, մեղավոր չէին հայկ․ կոտորածների կազմակերպման համար։ Ավելին, կան փաստեր, երբ նրանք օգնության ձեռք են մեկնել իրենց հարևան ու ծանոթ հայերին, պատսպարել նրանց երեխաներին։
Սուլթանական Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մշակման ու իրականացման հովանավորն ու ակտիվ գործակիցն էր կայզերական Գերմանիան։ Տխրահռչակ Վանգենհայմը եթե 1915-ի փետրվարին հաղորդում էր իր կառավարությանը՝ «չարգելակել հայերի դեմ ձեռնարկվող քայլերին», ապա հուլիսի 7-ին հեռագրեց կանցլեր Բետման Հոլվեգին, որ իրագործվում է «թուրքական պետության մեջ հայ ազգի ոչնչացման նպատակը» («Deutshlandund Armenien», 1914–1918․ Sammlung Diplomatischer Aktenstucke․ Herausgegeben und eingeleitet von Dr․ Johannes Lepsius, Potsdam, 1919, S․ 94)։ Ինչ վերաբերում է արմ․ տերություններին (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ), ապա նրանք փաստորեն վարում էին հայկ․ կոտորածների թողտվության ու խրախուսման քաղաքականություն։ Նույնիսկ Լլոյդ Ջորջը, մասնավորապես խոսելով անգլ․ քաղաքականության մասին, գրել է․ «Հայաստանը զոհաբերվեց մեր կողմից բարձրացված հաղթական զոհասեղանին․․․ Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հասցրեց 1895–1897 թվականների սարսափելի սպանդներին և 1915 թվականի ահավոր կոտորածին» (Ллойд Джордж, Правда о мирных договорах, т․ 2, 1957, S․ 390)։ Անգամ Ժորժ Կլեմանսոն ասել է, որ «եվրոպական դիվանագիտության վրա է ծանրանում հայկական արյունը» (ՀՍՍՀ ՊԿՊԱ, ֆ․ 57, ց․ 2, գ․ 709, թ․ 40)։ Միջազգային իմպերիալիզմը Մ․ ե–ի հանցավոր է։
Առաջին աշխարհամարտն սկսվեց ու վերջացավ որպես անարդարացի, զավթողական պատերազմ, ուստի և չպատժվեցին նրա հանցավորները, այդ թվում՝ թուրք. ջարդարարները։ Թեև դեռ 1915-ի մայիսի 13-ին Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունները Թուրքիային ներկայացրին հուշագիր՝ նախազգուշացնելով, որ նրա կառավարողները պատասխանատվություն կկրեն կատարած հանցագործությունների համար, բայց այն մնաց թղթի վրա։ Անկատար էր նաև «դաշնակիցների» 1919-ին կազմակերպած դատավարությունը Կ․ Պոլսում, և միայն հեռակա կարգով մահվան դատապարտվեցին մի քանի երիտթուրք․ գործիչներ, որոնք փախել ու թաքնվել էին Գերմանիայում ու այլ երկրներում։ Ճիշտ է, հայ. ժող․ վրիժառուների ձեռքով սպանվեցին Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաեդդին Շաքիրը, Սայիդ Հալիմը, Ջեմալ Ազիմը և ուրիշներ, բայց, դժբախտաբար, տեղի չունեցավ ժողովուրդների դատ, հանցագործները հրապարակայնորեն չպատժվեցին, և պատմական անարդարությունն էլ չուղղվեց։ Դա ես ոգեշնչեց արյունախում Հիտլերին, որը, հետագայում իր հրոսակախմբերին մղելով հրեշավոր սպանությունների, ասաց․ «Այսօր է՛լ ով է խոսում հայերի բնաջնջման մասին» (Guttmann Joseph, The Beginnings of Genocide, N․ Y․, 1948, p․ 18)։ Սովետական Միության հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում (1941–45) և աշխարհում ուժերի հարաբերակցության փոփոխությունը հօգուտ սոցիալիզմի ու դեմոկրատիայի հասցրին նաև Նյուրնբերգյան դատավարությանը, և մահվան դատապարտվեցին հիտլերյան հանցագործները։
Առաջադեմ մարդկությունը միշտ դատապարտել է գենոցիդը, այդ թվում հայերի զանգվածային կոտորածը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ որպես «Մեծ եղեռն», «Մեծ ոճիր», «Նորագույն պատմության ամենասև էջ», որի նմանը մինչ այդ չէր տեսել մարդկությունը։ Կոմունիստները վճռականորեն մերկացրել են այդ պատերազմի իմպերիալիստական բնույթը և նրա հանցավորների գազանությունները ժողովուրդների դեմ։ Բոլշևիկյան կուսակցության առաջնորդ Վ․ Ի․ Լենինը նշել է, որ պատերազմի կոնֆլիկտներից մեկը հյուսվեց «Հայաստանի ու Կոստանդնուպոլսի» շուրջը (Երկ․, հ․ 21, էջ 257)։ Դա խիստ աղետաբեր եղավ հայ ժողովրդի համար։ Լենինի, ինչպես նաև Վ․ Կոլարովի, Յա․ Գանեցկու և ուրիշների ստորագրությամբ 1915-ին ընդունվեց Ցիմերվալդի սոցիալիստական կոնֆերանսի մանիֆեստը, որտեղ խոր ցավակցություն է հայտնվում պատերազմի զոհերի առթիվ, դատապարտվում իմպերիալիստների ոճրագործությունները ժողովուրդների դեմ, դաժան հալածանքները լեհերի, հայերի, հրեաների հանդեպ և մասնավորապես նշվում․ «Ամբողջ ժողովուրդների և երկրների, ինչպիսիք են Բելգիան, Լեհաստանը, Բալկանյան պետությունները, Հայաստանը, սպառնում է փոխհատուցումների (կոմպենսացիաների) խաղում առևտրի առարկա դառնալու բախտը և ենթարկվելու անեքսիայի՝ ամբողջովին կամ մաս–մաս» («Циммервальдская и Кинтальская конференции․ Официальные документы», Л․–М․, 1924, с․ 27)։ Կինտալի կոնֆերանսում նույնպես նշվեց, որ Հայաստանի ողբերգության օրինակով վերստին ակնբախ է դառնում իմպերիալիստական պետությունների նենգամտությունը՝ կեղեքելու ու զոհելու փոքրաթիվ ժողովուրդներին (նույն տեղում, էջ 53–54)։ Ականավոր բոլշևիկ Ս․ Մ․ Կիրովը հանդես եկավ հոդվածաշարով, որտեղ անարգանքի սյունին գամեց թուրք. բռնակալներին և մերկացրեց հայերի գլխովին ոչնչացման նրանց հրեշավոր ծրագիրը, շեշտելով, որ չի կարելի մոռանալ «միլիոնավոր մարդկանց ահավոր տանջանքների պատկերը» և պետք է օգնության ձեռք մեկնել «տառապող ժողովրդին», հայ գաղթականությանը («Терек», № 5417, 14․02․1916)։ Ս․ Շահումյանը, Ս․ Սպանդարյանը, Ա․ Մյասնիկյանը, Ս․ Կասյանը, Ա․ Մռավյանը և բազմաթիվ հայ բոլշևիկներ խստորեն խարազանեցին օսմանյան կառավարողների հայասպան քաղաքականությունը, իմպերիալիստական պետությունների նենգամիտ ծրագրերը, ինչպես նաև դաշնակցական գործիչների արկածախնդրությունը։ Մերկացնելով բոլշևիկների հասցեին եղած զրպարտությունները՝ Ս․ Շահումյանը 1916-ին գրել է․ «Մենք ուղղում ենք մեր խոսքը հայ բանվորությանը, հայ գյուղացիներին և հայ ժողովրդական ինտելիգենցիային։ Դուք միշտ լսել եք մեր հակառակորդներից, թե սոցիալ–դեմոկրատները ազգություն չեն ճանաչում, հայ ազգի մասին չեն ուզում մտածել, թե հայ ժողովրդի մեծ ցավերը նրանց սրտին օտար են․․․ Այդ բոլորը սուտ է կամ սխալ է» (Շահումյան Ստ․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3, 1978, էջ 47)։ Հիրավի, հենց սկզբից հայ կոմունիստներն ապրել ու գործել են իրենց ժողովրդի ցավերով ու հոգսերով և մարտնչել նրա սոցիալական ու ազգային ազատագրության համար։ Նրանք էին, որ դեռ 1903-ին, դատապարտելով օսմանյան բռնատիրությունը, իրենց համերաշխությունը հայտնեցին «բազմաչարչար տաճկահայ ժողովրդի ազատարար գործին» («Պրոլետարիատի կռիվը», 1903, № 2–3) և ցույց տվին նրա լուծման ճիշտ ուղին, մշտապես իրենց բողոքի ձայնը բարձրացրին թուրք. բարբարոսության դեմ և հնարավոր օգնություն կազմակերպեցին հայ գաղթականներին։ Ավելի ուշ, 1917-ին, նրանց ակտիվ մասնակցությամբ Սովետական Ռուսաստանի կառավարությունը՝ Վ․ Ի․ Լենինի ստորագրությամբ ընդունեց Դեկրետ «Թուրքահայաստանի» մասին, որով արևմտահայությանը տրվում էր ազատ ինքնորոշման իրավունք։ Այն չիրականացավ, և դրա հանցավորներն էին թուրք. զավթիչները, արևմտյան իմպերիալիստները և Անդրկովկասի հակահեղափոխականները։
Հայերի գենոցիդի դեմ վճռական բողոքի խոսք ասացին միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչները։ Կ․ Լիբկնեխտը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում կազմակերպված հրեշավոր սպանդը, շեշտեց, որ դրա հանցավորները գերմանա–թուրք․ կառավարողներն են, որոնց ձեռքերը թաթախվել են «հայերի արյան մեջ» (Либкнехт К․, Мой процесс по документам, П., 1918, с․ 54)։ Նույն ոգով հանդես եկան Մ․ Կաշենը, Է․ Լոնգեն (Կ․ Մարքսի թոռը) և ուրիշներ։ Բողոքի հուժկու ելույթներ ունեցան նշանավոր գրողներ ու գիտնականներ Մ․ Գորկին, Վ․ Բրյուսովը, Յա․ Ռայնիսը, Ա․ Ֆրանսը, Ռ․ Ռոլանը, Է․ Վերհարնը, Ջ․ Ռիդը, Յո․ Մարկվարտը, Յո․ Լեփսիուսը, Ժ․ դը Մորգանը, Ա․ Մեյեն, Ֆ․ Նանսենը, Հ․ Գիբբոնսը, Ա․ Բարբին, Ա․ Վեգները, ինչպես նաև Ջ․ Բրայսը, Ա․ Թոյնբին, Հ․ Մորգենթաուն, Ֆ․ էլ–Ղոսեյնը և շատ ուրիշներ։ Հետագայում էլ երբեք չլռեց առաջադեմ մարդկության խղճի ու մտքի ձայնը Մ․ ե–ի առթիվ։ ՍՄԿԿ Կենտկոմի կենտրոնական օրգան