Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ԱԶԻԴՆԵՐ 115

Հրշեջ Ա.), նախազգուշական ևն։ Ազդանշանները հիմնականում հաղորդվում են էլեկտրական (տես Հեռուստաազդանշանում) և ռադիոտեխնիկական սարքերի (օր. ռադիոփարոսի, ռադիոզոնդի) օգնությամբ։ Հ. Բաբայան

«ԱԶԴԱՐԱՐ», ամսագիր, հայերեն առաջին պարբերականը։ Հրատարակվել է Մադրասում (Հնդկաստան), 1794–1796-ին։ Ընդամենը լույս է տեսել 18 համար։ Խմբագրել և իր հիմնած տպարանում գրաբարով, մասամբ էլ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով տպագրել է Հարություն Շմավոնյանը։ «Ա.» տարածվել է Մադրասում, Կ. Պոլսում, Նոր Նախիջևանում, Էջմիածնում և այլուր։ Նպատակն էր հաղորդել ընթացիկ ամսվա կարևոր անցքերը, տարբեր լրագրերում տպված տեղեկությունները։ Արտացոլել է հնդկահայ, մասնավորապես մադրասահայ կյանքը։ «Ա.»֊ում տպագրվել են կրոնա֊բարոյախոսական հոդվածներ և գրական ու պատմագիտական (ինքնուրույն և թարգմանական) նյութեր (Խաչատուր Ջուղայեցու «Պատմութիւն Պարսից», Հակոբ Սիմոնյանի (Այուբյանց) Դավրիժեցու «Պատմութիւն Հեիդարալի խանի» ևն)։ Հիշարժան են նաև Ռուսաստանի հայոց հոգևոր առաջնորդ Հովսեփ Արղությանի «Օրհնութեան թուղթ»֊ը, ուղերձներն ու նամակները, ուր նա զարգացրել է Ռուսաստանի օգնությամբ Հայաստանը Թուրքիայի և Պարսկաստանի լծից ազատագրելու գաղափարը։ Ամսագրում գրական ստեղծագործություններ են տպագրել Հայ Որդի Հայի, Ազգակից, Ուրախակից, Սատանի Չարխ, Բարեկամ ծածկանուններով հեղինակները։ Ուշագրավ է ազատագրության և լուսավորության մասին Հայ Որդի Հայի և Ազգակցի բանավեճը, որը հայ հրապարակախոսության աոաջին նմուշներից է։ «Ա.» գաղութահայերին հորդորում էր վերադառնալ հայրենիք։ «Ա.»֊ի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ 1970-ին, ի նշանավորումն «Ա.»֊ի լույս ընծայման 175-ամյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը 2 հատորով ամբողջությամբ վերատպել է «Ա.»։

Գրկ. Գալեմքյարյան Գ., Պատմութիւն հայ լրագրութեան, հ. 1, Վնն., 1893։ Լևոնյան Գ. Ջ., Հայոց պարբերական մամուլը, Ալեքսանդրապոլ, 1895։ Մխիթարյան Մ. Հ., Առաջին հայ պարբերականը, «ՊԲՀ», 1964, № 4։ Ավդալբեգյան Թ., Հայագիտական հետազոտություններ, Ե., 1969, էջ 233—42, 246—54։ Կարինյան Ա. Բ., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Ե., 1956։ Մ. Հակոբյան


«ԱԶԴԱՐԱՐ», երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել Մադրասում, 1846–47-ին։ Խմբագիրներն էին Ս. Հովհաննիսյանը և Փ. Մելիտոնյանը։ Թերթը հրատարակվել է վիմատիպով, ընդամենը՝ 17 համար։ Տպագրել է քաղաքական, գրական նյութեր և տեղեկություններ՝ հնդկահայ գաղութի կյանքից։


«ԱԶԴԱՐԱՐ ԲՅՈՒԶԱՆԴՅԱՆ», հասարակական, քաղաքական, առևտրական և բանասիրական շաբաթաթերթ։ Լույս է տեսել Կ. Պոլսում, 1840–41-ին։ Խմբագիր֊հրատարակիչն էր Խ. Ոսկանյանը։ Չորս համար լույս է տեսել հայերեն՝ աշխարհաբար, այնուհետև նույն անվամբ՝ հայատառ թուրքերեն։ Թերթի նշանաբանն էր. «Ազգի մը լուսավորությունը գիտութենեն ու կրթութենեն կուգա»։ Տպագրել է գիտության և արվեստի վերաբերյալ տեղեկություններ։ Առաջադիմական և լուսավորական գաղափարների տարածման համար «Ա. բ.» իր դեմ գրգռեց Պոլսի ամիրայական խավին։ Խմբագիրը, ընկրկելով այդ պայքարում, դադարեցրեց հայերեն «Ա. բ.»֊ի հրատարակությունը։


ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ, կախյալ երկրի տերիտորիան կամ նրա մի մասը, որտեղ իմպերիալիստական տերությունն ունի մենաշնորհային տնտեսական և քաղաքական ազդեցություն։ «Ա. ո.» հասկացությունը ծագել է XIX դ. երկրորդ կեսին՝ եվրոպական պետությունների միջև Աֆրիկան բաժանելու կապակցությամբ։ Իմպերիալիստական տերությունները (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Պորտուգալիա, ԱՄՆ, Ռուսաստան ևն) համաձայնագրերով փոխադարձաբար ճանաչում էին միմյանց իրավունքներն այս կամ այն տերիտորիայի նկատմամբ և որոշում իրենց Ա. ո֊ի սահմաններն Ասիայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո սովետական պետությունը չեղյալ հայտարարեց Ա. ո֊ների վերաբերյալ Ռուսաստանի ստորագրած պայմանագրերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ազգային֊ազատագրական շարժումների վերելքի շնորհիվ Ա. ո., որպես միջազգային իրավական հասկացություն, վերացել է։


ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ, ավտոմատ կարգավորման համակարգի (ԱԿՀ) որևէ տարրի վիճակի փոփոխություն առաջացնող գործոն։ Կարող է լինել էլեկտրական (լարում, հոսանք), հիդրոմեխանիկական (արագություն, ճնշում), ջերմային (ջերմաստիճան, ջերմության քանակ) և այլ մեծություն։ Տարբերում են ներքին Ա. (ԱԿՀ֊ի փակ շղթա կազմող օղակների փոխազդեցությունները) և արտաքին Ա.։ Արտաքին միջավայրի, բեռի Ա. լինում է վրդովող, որը փոքրացնում է ԱԿՀ֊ի ճշտությունը և, երբեմն, նվազեցնում աշխատունակությունը, հանձնարարող, ըստ որի որոշվում է կարգավորվող մեծության փոփոխության պահանջվող օրենքը, կառավարող կամ կարգավորող, որն անհրաժեշտ է ԱԿՀ֊ի հիմնական նպատակային խնդիրները կատարելու համար։ Վրդովող Ա. ընդհանուր դեպքում ձևով և մեծությամբ պատահական ֆունկցիա է ըստ ժամանակի։ Կառավարող Ա. իր բնույթով կամ հաստատուն մեծություն է, կամ հայտնի տեսքով ֆունկցիա ըստ ժամանակի և կամ լայն սահմաններում կամայական օրենքով փոփոխվող մեծություն։ Կառավարող Ա֊յան այս ձևերի հիման վրա ԱԿՀ բաժանվում է 3 դասի՝ ավտոմատ կայունացման, ծրագրային կառավարման (կարգավորման) և հետևող։ Մ. Մնացականյան


ԱԶԴՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՕՐԵՆՔ (Նյուտոնի երրորդ օրենք), դինամիկայի հիմնական օրենքը, ըստ որի երկու մարմիններ միմյանց վրա ազդում են մեծությամբ հավասար և հակառակ ուղղված ուժերով (նյութական կետերի համար այդ ուժերն ուղղված են կետերը միացնող ուղիղով)։ Տես նաև Նյուտոնի օրենքներ։


ԱԶԴՐ, մարմնի ստորին վերջույթի վերին հատվածը՝ կոնքազդրային և ծունկի հոդերի միջև։ Ա֊ի կմախքը ազդրոսկրն է, որը գլխիկով հոդավորվում է կոնքոսկրի, կոճերով՝ ծնկոսկրի ու մեծ ոլոքի հետ։ Ա֊ի մկանները բաժանվում են 3 խմբի՝ ազդրը առբերող, ծունկը ծալող և տարածող։ Վերջիններից ամենամեծը քառագլուխ մկանն է։ Ա. սնվում է ազդրային զարկերակով, նյարդավորվում ազդրային, փակողական և նստային նյարդերով։


ԱԶԵՈՏՐՈՊ ԽԱՌՆՈՒՐԴ (հուն, ά – ժխտ. մասնիկ + ξέω – եռում եմ + τροπή – փոփոխություն), լուծույթ, որը թորվում է առանց բաղադրության և եռման կետի փոփոխության, երբ արտաքին ճնշումը հաստատուն է։ Ա. խ֊ների գոյությունը հայտնաբերել է Ջ. Դալթոնը (1810)։ Ի տարբերություն քիմիական միացությունների, Ա. խ֊ի բաղադրությունը կախված է արտաքին ճնշումից։ Տվյալ նյութերից կազմված լուծույթների հնարավոր բոլոր բաղադրությունների շարքում Ա. խ֊ի եռման կետը, կախված նյութերի բնույթից, ամենաբարձրը կամ ամենացածրն է։ Բազմաթիվ նյութեր ջրի հետ առաջացնում են Ա. խ֊ներ. օրինակ՝ 95,57 % գինու սպիրտի, 69,2 % ազոտական թթվի, 20,22 % աղաթթվի ջրային լուծույթները, որոնց եռման ջերմաստիճանները համապատասխանաբար 78,15°C, 121,9°C և 108,6°C են (1 մթն ճնշման տակ)։ Արտադրության մեջ օգտագործվող լուծույթների մեծ մասը Ա. խ֊ներ են։


ԱԶԶԻ, տես Հայասա։


ԱԶԻԴՆԵՐ, ազոտաջրածնական թթվի՝ ածանցյալներ։ Թթվի ջրածինը կարող է փոխարինվել մետաղով՝ առաջացնելով աղեր՝ ևն, հալոգենով՝ ևն, օրգանական ռադիկալով՝ կամ օրգանական թթվի մնացորդով՝ (ազոիմիդներ)։ Ծանր մետաղների Ա., հատկապես կապարինը, անգամ խոնավ վիճակում օժտված են հարվածից ուժեղ պայթելու հատկությամբ և կիրառվում են որպես դետոնատորներ։