Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

116 ԱԶԻԶԲԵԿՅԱՆՆԵՐ

Օրգանական Ա. նույնպես պայթուցիկ են։

ԱԶԻԶԲԵԿՅԱՆՆԵՐ, Ազիբեկենք (Ազիզբեկ Ա իշխանի անունով), իշխանական տոհմ ուշ միջնադարյան Հայաստանում։ Ա֊ի տիրույթները տարածվում էին Արայի լեռան հարավ֊արևմտյան մատույցներում, կենտրոնն էր Եղվարդը։ XIV դ. վասալական կախման մեջ էին Զաքարյաններից: Ա֊ի մասին մեզ հասած առաջին գրավոր փաստաթուղթը Ներսես գրչի՝ Եղվարդում գրած մի հիշատակարանն է (1318), որի համաձայն, Ա֊ի նշանավոր ներկայացուցիչ Ազիզբեկ Ա վերաշինել է թշնամիների ավերած Եղվարդը և իշխել այնտեղ՝ ծառայելով Շահնշահ Զաքարյանին։ Ազիզբեկ Ա Քասաղ գետից ջրանցք է բացել, կառուցել Եղվարդի Ա. Հակոբ եկեղեցին։ XIV դ. Ա֊ի տոհմի հայտնի գործիչներից էր Արարատյան թեմի արքեպիսկոպոս Մանվելը։ XIV–XV դդ. Եղվարդում Ա-ի հովանավորությամբ ծաղկում է կրթական գործը։ 1394–1404-ին հայ մանկավարժ Սիմեոն Այրիվանեցու ջանքերով կազմվել են արժեքավոր տեղեկություններ պարունակող ձեռագիր հիշատակարաններ։ XV դ. երկրորդ կեսից Ա-ի հոգևոր և աշխարհիկ իշխանությունը կենտրոնացված էր Եղվարդի արքեպիսկոպոս Մանվել III ձեռքում։ Ա-ի 1491–1667-ի գործունեության մասին հիշատակություն չկա։ 1667-ին Բջնիում Ա. նորոգել են Ազիզբեկ Ա-ի և նրա տիկնոջ՝ Վախախի ավետարանը։

Գրկ. Հովսեփյան Գ., Ազիբեկենք և նրանց շինարարական գործը, «Բանբեր Հայաստանի գիտական ինստ֊ի», գիրք 1–2, 1921–22։ Գ. Կիրակոսյան


ԱԶԻԶԲԵԿՈՎ Մեշադի Ազիմբեկ օղլի (1876–1918), Անդրկովկասում հեղափոխական շարժման գործիչ, ադրբեջանցի առաջին մարքսիստներից։ ՍՄԿԿ անդամ 1898-ից։ Ծնվել է հունվարի 6-ին, Բաքվում, որմնադիր բանվորի ընտանիքում։ Ավարտել է Բաքվի ռեալական ուսումնարանը և Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը (1908)։ Իբրև հեղափոխական Ա. առաջին մարտական մկրտությունն ստացել է 1897-ին, Պետերբուրգում՝ գլխավորելով «տեխնոլոգիականների» ելույթը բողոքի ցույցի ժամանակ, որը ծագել էր ձերբակալված ուսանողուհու ինքնասպանության պատճառով։ Ցույցի մի խումբ կազմակերպիչների հետ Ա. ձերբակալվել և նետվել է «Կրեստի» բանտը։ Հետագայում, լինելով IV կուրսի ուսանող, Ա. կրկին բանտ է նետվել հեղափոխական գործունեության համար։ Ակտիվորեն մասնակցել է 1905–07-ի հեղափոխությանը։ «Հումմեթ» ս֊դ. խմբի ղեկավարներից մեկն էր։ 1906-ին Բաքվում կազմակերպել է «Ազատության դրոշ» բանվորական մարտական ջոկատը և պայքարել ազգամիջյան կոտորածներ հրահրելու ցարական կառավարության քաղաքականության դեմ։ Ռեակցիայի տարիներին Ա. մեծ դեր է խաղացել Ադրբեջանի բանվորների և մտավորականության առաջադեմ մասի մարքսիստական դաստիարակության գործում։ 1910-ին ընտրվել է Բաքվի քաղաքային դումայի անդամ, պաշտպանել աշխատավորների շահերը։ Լինելով «Նիջաթ» («Ազատագրում») կուլտուր֊լուսավորչական ընկերության նախագահի տեղակալ՝ Ա. հեղափոխական անլեգալ աշխատանքը հմտորեն զուգակցել է լեգալ գործունեության հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ակտիվորեն պայքարել է իմպերիալիստական պատերազմը քաղաքացիականի վերածելու լենինյան լոզունգի կենսագործման համար։ 1915-ին ընտրվելով «Գաղթականների օգնության կոմիտեի» նախագահի տեղակալ՝ զբաղվել է թուրքական բարբարոսներից հալածված և տարբեր վայրերից Բաքու գաղթած հայ բնակչությանը օգնելու հարցով։ 1917–18-ին Ս. Շահումյանի, Ա. Ջափարիձեի, Ի. Ֆիոլետովի և ականավոր մյուս բոլշևիկների հետ միասին գլխավորել է Ադրբեջանում և ամբողջ Անդրկովկասում սովետական իշխանություն հաստատելու համար մղված պայքարը։ 1917-ին ընտրվել է Բաքվի բանվորների դեպուտատների սովետի անդամ։ 1918-ի մարտին մասնակցել է սովետական իշխանության դեմ ուղղված մուսավաթական խռովության ջախջախմանը և Բաքվի կոմունայի հաստատմանը։ Բաքվի ժողկոմսովետում Ա. նահանգական կոմիսար էր և ներքին գործերի ժողկոմի տեղակալ։ 1918-ի մայիսից Ա. միաժամանակ վարել է Բաքվի գավառի գյուղացիների դեպուտատների սովետի գործկոմի նախագահի պաշտոնը։ Մասնակցել է թուրք֊գերմանական զավթիչների դեմ Բաքվի պաշտպանության կազմակերպմանը։ Բաքվում սովետական իշխանության ժամանակավոր անկումից հետո (1918-ի հուլիսի 31) Բաքվի 26 կոմիսարների թվում Ա. ձերբակալվել և անգլիական զավթիչների ու նրանց գործակալների ձեռքով 1918-ի սեպտ. 20-ին գնդակահարվել է Ախչա֊Կումայի ավազուտներում։ Ա֊ի անունով են կոչվում քաղաքային շրջան՝ Բաքվում, գյուղական շրջան, շրջկենտրոն և գյուղ՝ Հայկական ՍՍՀ֊ում։ Երևանում Ա֊ի անունը կրող հրապարակում դրված է նրա կիսանդրին։

Գրկ Բուրջալով Է., Բաքվի քսանվեց կոմիսարները, Ե., 1939։ Կազիև Մ., Մեշադի Ազիզբեկովի կյանքն ու ռևոլյուցիոն գործունեությունը, Ե., 1958; Азизбекова П. А., Мешади Азизбеков (1876—1918), Баку, 1966; Гарибджанян Г. Б., В. И. Ленин и большевики Закавказья, М., 1971. Գ. Ղարիբջանյան


ԱԶԻԶԲԵԿՈՎ (ն. Սոյլան), քաղաքատիպ ավան (1956-ից), Հայկական ՍՍՀ Ազիզբեկովի շրջանի վարչական կենտրոնը, Արփա գետի ափին, Երևան–Ջերմուկ խճուղու վրա, բարձր․ մոտ 1300 մ։ Հեռավորությունը Երասխ երկաթուղային կայարանից (Լենինական – Նախիջևան գծի վրա) 75 կմ է, Երևանից՝ 139 կմ։ 3004 բն. (1972), հայեր։ Ա֊ում են գտնվում Երևանի «Հայէլեկտրո» և «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանների մասնաճյուղերը, գործում են շինանյութերի արտադրության կոմբինատ, պանրի գործարան, «Հայգյուղտնտտեխնիկա» միավորման շրջանային բաժանմունքը, կենցաղսպասարկման կոմբինատ։ Ա. ունի ութամյա, միջնակարգ (ցերեկային և երեկոյան), ութամյա երաժշտական և սպորտային դպրոցներ, մշակույթի տուն, մսուր֊մանկապարտեզ, կինոթատրոն, հիվանդանոց, կապի հանգույց, շրջանային անասնաբուժարան, Արփա գետի վրա՝ ՀԷԿ։


ԱԶԻԶԲԵԿՈՎ (ն. Ղարաչանթա), գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ֊արևմուտք, Լենինական – Ամասիա խճուղու ձախ կողմում։ 1467 բն. (1970), ադրբեջանցիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, ճակնդեղի ու ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Ա. ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղը հիմնադրվել է XVII դ. վերջին։


ԱԶԻԶԲԵԿՈՎԻ ՇՐՋԱՆ, վարչական շրջան Հայկական ՍՍՀ հարավ֊արևելքում։ Կազմվել է 1931-ի հոկտեմբերի 15-ին։ 1951–1956-ին ընդգրկում էր նաև Միկոյանի (այժմ՝ Եղեգնաձորի) շրջանը։ Տարածությունը 1173,8 կմ² է։ Կենտրոնը՝ Ազիզբեկով։

Բնական պայմանները։ Ա. շ. գտնվում է Արփա գետի վերին հոսանքի ավազանում։ Մակերևույթը լեռնոտ է։ Հս֊արմ֊ում բարձրանում է Թեքսարի լշ֊ն, արմ֊ում՝ Վայոցսար հանգած հրաբուխը (2581 մ), արլ-ում ձգվում է Զանգեզուրի լշ-ն, իսկ հվ֊ում՝ Վայքի լշ-ն (Գոգի լ., 3120 մ)։ Որոտանի լեռնանցքով (2344 մ) Ա.շ. կապված է Զանգեզուրի հետ։ Տերիտորիայի ամենացածր կետը 1200 մ է (Արփայի հովտում), ամենաբարձրը՝ 3522 մ (Վարդենիս լ.)։ Ա. շ-ի տերիտորիայի մի մասը ծածկված է լավային հոսքերով, որոնց վրա տեղ-տեղ տարածված են քարակարկառներ։ Լավային արտավիժումներից առաջացել են բարձրադիր սարավանդներ, որոնցից մեկի վրա էլ գտնվում է Ջերմուկ առողջարանը։ Ցածրադիր գոտուն բնորոշ են նաև վատահողերը (բեդլենդներ)։ Կլիման ըստ բարձրության փոխվում է չափավոր տաքից մինչև ձյունամերձը։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է