Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է

ԱԶՆԱԲԵՐԴ 119

Մշակույթը։ 1972/73 ուս. տարում գործել են 8 միջնակարգ, 11 ութամյա, 2 տարրական դպրոցներ (4304 աշակերտ, 308 ուսուցիչ), միջնակարգ հանրակրթական կրթությամբ պրոֆտեխնիկական ուսումնարան (120), 3 մսուր֊մանկապարտեզ (215 երեխա), 4 մշակույթի տուն, 18 ակումբ, 21 մասսայական գրադարան, 14 կինո։ Բոլոր բնակավայրերը ռադիոֆիկացված են։ Լույս է տեսնում «Ջերմուկ» շրջանային թերթը։

Պատկերազարդումը տես աղ. V, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Ազիզբեկովի շրջանի բնակավայրերը
Բնակավայրի
անվանումը
Բնակավայրի
տիպը
Տնտեսությունների
քանակը
Բնակչության
թիվը (1970)
Ազատեկ գյուղ 122 571
Ազիզբեկով քտա - 2729
Ախտա գյուղ 65 358
Արտավան գյուղ 105 468
Բարձրունի գյուղ 103 556
Գյուլստան գյուղ 41 249
Գնդեվազ գյուղ 184 963
Գոմուր գյուղ 116 582
Դայլախլու գյուղ 58 246
Զառիթափ գյուղ 309 1533
Զեյթա գյուղ 48 236
Խնձորուտ գյուղ 165 616
Կապույտ գյուղ 71 368
Կարմրաշեն գյուղ 387 1140
Հեր-Հեր գյուղ 160 929
Հորատիս գյուղ 23 49
Մարտիրոս գյուղ 249 1197
Սարավան ավան 118 511
Սերս գյուղ 83 424
Փոռ գյուղ 34 116
Քոչբեկ գյուղ 91 564

Գրկ. տես Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն հոդվածի գրականությունը։ Ա. Հովհաննիսյան, Ֆ. Հովհաննիսյան

ԱԶԻԶԻԵ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանում, Սեբաստիա (Սվազ) քաղաքից հարավ֊արևմուտք, Արիարաթիա քաղաքի տեղում։ Ա. կոչվել է նաև Բաշփունար։ XX դ. սկզբին ուներ 1600 բնակիչ, որից 400-ը՝ հայ։ Ա֊ի բնակիչները զբաղվում էին արհեստագործությամբ և առևտրով, նաև երկրագործությամբ, այգեգործությամբ։ Ա֊ում կար հայկական եկեղեցի՝ կառուցված 1884-ին, երկու վարժարան։ 1915-ին Ա֊ի հայ բնակչության մեծ մասը զոհվեց։


ԱԶԻԶԼՈՒ (ն. Մեծ Ղարաղոյուն), գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ֊արևելք։ 1140 բն. (1970) ադրբեջանցիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան, մանկապարտեզ։


ԱԶԻԶՅԱՆ Հատիկ Գեղամի (ծն. 1899), հայ սովետական կուսակցական գործիչ, լրագրող, պատմաբան։ Պատմական գիտ. դ֊ր (1967)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Ծնվել է հունվարի 18-ին, Երևանում։ Ավարտել է Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստ֊ը (1931)։ Ա. մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին (1918) և Մայիսյան ապստամբությանը (1920), կատարել է ընդհատակյա կուսակցական աշխատանք, եղել «Խոսք» (1919) թերթի խմբագրի տեղակալ։ 1920-ից հետո աշխատել է ՀԿԿ Կենտկոմում, ապա ՍՄԿԿ Կենտկոմում, իսկ 1932–72-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմի օրգան «Պրավդա» թերթի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ, այնուհետև գիտության գծով խմբագիր։ Ա֊ի գիտական հետազոտությունները հիմնականում վերաբերում են կոմունիստական կուսակցության ազգային քաղաքականության հարցերին։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և Մարտական կարմիր դրոշի շքանշաններով։

Երկ. Ленинская национальная политика в развитии и действии, М., 1972.


ԱԶԻԶՅԱՆ Ցոլակ Լևոնի (ծն. 1912), հայ սովետ․ նկարիչ։ ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1961)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ծնվել է մայիսի 2(15)֊ին, Աշտարակի շրջանի Կարբի գյուղում։ 1930-ին ավարտել է Երևանի գեղարվեստա֊արդյունաբերական տեխնիկումը։ 1930–34-ին սովորել է Համառուսական գեղարվեստի ակադեմիայում (Լենինգրադ)։ Ա֊ի գեղանկարչական աշխատանքներից են՝ «Չկալովի հանդիպումը պիոներների հետ» (1936), «Գետակի մոտ» (1951), «Կեսօր» (1956), «Արարատ» (1959), «Ուսանողուհիներ» (1959), «Սեր Սևանը» (1963)։


ԱԶԻԼՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, քարի դարի հնագիտական մշակույթ։ Պատկանում է վաղ մեզոլիթին (թվագրվում է մ. թ. ա. VIII հազարամյակով)։ Անվանումն ստացել է Մասդ'Ազիլ քարայրից (հարավ֊արևմտյան Ֆրանսիա)։ Ուսումնասիրվել է 1887–1889-ին։ Ա. մ֊ի ցեղերը, որոնք հետսառցադաշտային ժամանակաշրջանում բնակվում էին Եվրոպայում, զբաղվում էին հավաքչությամբ, որսորդությամբ, գործածում էին նետ ու աղեղ, ոսկրե ու քարե գործիքներ։ Ա. մ֊ի հնագիտական շերտը գտնվում է ուշ մադլենյան մշակույթի և նեոլիթի շերտերի միջև։ Հայաստանում Ա. մ֊ի առարկաների հարուստ կուտակումներ հայտնաբերվել են Արտենի (Արտին) լեռան կայաններում։


ԱԶԻՄԶԱԴԵ Ազիմ Ասլան֊օղլի (1880–1943), ադրբեջանցի սովետ․ նկարիչ, ադրբ. երգիծական գծանկարչության հիմնադիր։ Ադրբ. ՍՍՀ ժող. նկարիչ (1927)։ ՍՄԿԿ անդամ 1923-ից։ Ծնվել է ապրիլի 25(մայիսի 7)֊ին, Նովխանա գյուղում (Բաքվի մոտ)։ Ա֊ի ծաղրանկարները տպագրվել են 1906-ից, «Մոլլա Նասրեդդին» և այլ ամսագրերում՝ սկզբնավորելով ադրբ. երգիծական գրաֆիկան։ Ա֊ի գործերին բնորոշ են դիտողականությունը, գծի լակոնիկ և արտահայտիչ օգտագործումը (Սաբիրի «Հոպ֊հոպ֊նամե»֊ի նկարազարդումները, «Հարյուր տիպ նախահեղափոխական Բաքվից», «Հարուստների ռամազանը» են)։ Մահացել է հունիսի 15-ին, Բաքվում։

Գրկ. Наджафов М., Азам Азпмзаде, Баку, 1965․


ԱԶԻՄՈՎ (Asimov) Այզեկ (ծն. 1920), ամերիկացի գրող, գիտաֆանտաստիկ գրքերի հեղինակ։ Ծնվել է հունվարի 2-ին, Բելոռուսիայում, Պետրովիչի ավանում։ 1923-ին ծնողները տեղափոխվել են ԱՄՆ, որտեղ Ա. ավարտել է Կոլումբիայի համալսարանը։ Կրթությամբ բիոքիմիկոս է. բիոքիմիական հետազոտությունների համար ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ «Վեստայում լքվածները» (1939) և «Ես ռոբոտ եմ» (1950) գիտաֆանտաստիկ գրքերում գործում են «արհեստական խելացի էակներ»։ «Հավիտենականության վախճանը» (1955) վեպի թեման հասարակության կողմից կառավարվող տեխնոկրատ գիտնականների ճանապարհորդությունն է դեպի ժամանակի խորքերը։ Հայտնի են Ա֊ի «Կենսաբանության համառոտ պատմություն» (1965), «Նեյտրինո» և «Տիեզերք» (1966) գիտա֊մասսայական երկերը։ Ա..գրել է նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի մասին գրքեր։


ԱԶԻՄՈՎ Պիգամ Ազիմովիչ (ծն. 1915), թուրքմեն սովետ․ լեզվաբան, Թուրքմենական ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1951) և պրեզիդենտ (1966-ից), Թուրքմ. ՍՍՀ գիտության վաստ. գործիչ (1961), «Թուրքմենական սովետական հանրագիտարան»֊ի գլխավոր խմբագիր։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ծնվել է հունվ. 1-ին։ Հիմնական աշխատությունները վերաբերում են թուրքմենական լեզվաբանության, մասնավորապես՝ բառակազմության հարցերին։


ԱԶԻՄՈՒՏ (արաբ. as–summut – ուղղություններ) երկրային առարկայի կամ երկնային լուսատուի, դիտման կետի միջօրեականի հարթության և այդ կետով ու առարկայով (լուսատուով) անցնող ուղղաձիգ հարթության միջև ընկած անկյունը։ Աստղագիտության մեջ Ա. չափվում է հվ. կետից դեպի արմ. (0°–360° սահմաններում), գեոդեզիայում՝ հս. կետից դեպի արլ. (0°–360° սահմաններում)։ Տես նաև Երկնային կոորդինատների համակարգեր։


ԱԶԽԻՊՇ (աբխազ, ակունք), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուդաութայի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ արևելք։ 572 բն. (1968) հայեր։ Միավորված է Արսաուլի կոլտնտեսության հետ (զբաղվում են ծխախոտի, ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ ևն)։ Ունի հայկական միջնակարգ դպրոց, ակումբ, բուժկայան, կինո։ Բնակիչներն եկել են 1953-ին, շրջակա գյուղերից։


ԱԶՆԱԲԵՐԴ, Ազնաբիրտ, Ազնաբյուրտ, գյուղ Նախիջևանի ԻՍՍՀ Նախիջևանի շրջանում, Վայքի լշ֊ի հարավային