Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ազոտային անհիդրիդը՝ , կարմրաշագանակագույն, անկայուն գազ է, եռում է (քայքայվելով) մոտ 3,5°C–ում, հալվում՝ -102°C–ում։ Հեղուկ վիճակում մուգ երկնագույն է։ Ջրի հետ առաջացնում է ազոտային թթու։ Գործնական կիրառություն չունի։

Ազոտի երկօքսիդը՝ , շագանակագույն, խեղդող հոտով թունավոր գազ է։ Եռման ջերմաստիճանը՝ 21,15°C, հալմանը՝ -11,2°C։ Սովորական պայմաններում –ի և նրա դիմերի՝ –ի խառնուրդ է։ Ջերմաստիճանն իջեցնելիս դիմերի քանակն աճում է։ Միանում է ջրի հետ՝ առաջացնելով ազոտային և ազոտական թթուներ։ Ուժեղ օքսիդիչ է. նրա մեջ այրվում են ածխածինը, ֆոսֆորը, ծծումբը, օրգ. նյութերը։ Արդյունաբերության մեջ ստացվում է ազոտի օքսիդի և թթվածնի միացումից։ Օգտագործվում է ազոտական թթու ստանալու և օրգանական միացությունները նիտրացնելու համար։

Ազոտական անհիդրիդը՝ , անգույն, բյուրեղային նյութ է։ Սենյակի ջերմաստիճանում քայքայվում է։ Արագ տաքացնելիս պայթում է։ Ջրի հետ առաջացնում է ազոտական թթու։ Գործնական կիրառություն չունի: Ա. Քանքանյան

ԱԶՈՏՈՒՄ, պողպատե առարկաների մակերևութային շերտն ազոտով հագեցնելու քիմիական–ջերմային եղանակ։ Ա. բարձրացնում է կարծրությունը (1200, ըստ Վիքերսի), մաշակայունությունը, ինչպես նաև հոգնածության (տես Հոգնածություն մետաղների) և կոռոզիայի նկատմամբ դիմադրողականությունը։ Իրականացվում է վերջնական մեխանիկական մշակման ենթարկված առարկաներն ամոնիակի միջավայրում տաքացնելով (480–650°)։ Ազոտով հագեցված շերտի խորությունը սովորաբար ստացվում է 0,2–0,4 մմ։ Ա. կիրառվում է մինչև 500–600°C ջերմաստիճանի պայմաններում աշխատող դետալների համար։


ԱԶՈՏՖԻՔՍՈՒՄ, մթնոլորտի մոլեկուլային ազոտի փոխարկումը ազոտային միացությունների։ Ա. կենսաքիմիական ճանապարհով իրացվում է որոշ միկրոօրգանիզմների կենսագործունեության շնորհիվ։ Դրանցից պալարաբակտերիաները, թիթեռնածաղկավոր բույսերի հետ համակեցության մեջ մտնելով, 1 հա տարածության վրա տարեկան 150–200 կգ ազոտ են ֆիքսում, որը նպաստում է հողի բերրիությանն ու նյութերի շրջանառությանը։ Ազոտաբակտերներն այդ պրոցեսն իրականացնում են առանց բույսերի։ Ազոտֆիքսող բակտերիաների և բույսերի արմատային համակարգի միջև սերտ կապ ստեղծելու նպատակով ցանքից առաջ սերմերը վարակում են ազոտաբակտերինով։


ԱԶՈՐԴ, Ազորտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Թորթում գետի աջակողմյան Ազոբդ վտակի ափին, անտառազուրկ ու տաՓարակ վայրում, Թորթում լճից 5 կմ հարավ։ Ա. հնում Տայք նահանգի Ազորդաց փոր գավառի վարչական կենտրոնն էր։ Ա–ում պահպանվում են հայկական հին բերդի ու եկեղեցու ավերակները։ Ռուսական տեղագրական քարտեզներում Ա. նշված է Ազոր անունով։


ԱԶՈՐԴԱՑ ՓՈՐ, գավառ Տայք նահանգում, Ազորդ գետի (այժմ՝ Թորթում) միջին և ստորին հոսանքում։ Կենտրոնն էր Ազորդ գյուղը։ Ա. փ–ում են գտնվում Դավիթ Կյուրապաղատի կառուցած Օշկ և Խախու վանքերը։


ԱԶՈՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ (պորտուգ. Ilhas dos Acores – ճուռակների կղզիներ), կղզախումբ (արշիպելագ) Ատլանտյան օվկիանոսում, Աֆրիկայի հյուսիս–արևմտյան ափի մոտ։ Մտնում է Պորտուգալիայի կազմի մեջ։ Բաղկացած է հրաբխային 9 կղզիներից և մի քանի մանր խութերից։ Տարածությունը 2,3 հզ. կմ² է։ Կղզախումբն ունի հրաբխային ծագում, ռելիեֆը լեռնային է մինչև 2320 մ բարձրությամբ։ 1957-ի սեպտեմբերին ստորջրյա հրաբխային արտավիժման հետևանքով առաջացել է նոր կղզի։ Հարուստ է ջերմուկներով։ Կլիման մերձարևադարձային է։ Զարգացած է ցիտրուսների և խաղողի մշակությունը։ Ա. կ. անդրատլանտյան ծովային և օդային ուղիների կարևոր հենակետ են։


ԱԶՈՐՅԱՆ ՄԱՔՍԻՄՈՒՄ, Ազորյան անտիցիկլոն, մթնոլորտի բարձր ճնշման (1022 մբար և ավելի) կայուն մարզ, Ատլանտյան օվկիանոսի մերձարևադարձային և արևադարձային լայնություններում։ Կենտրոնը՝ Ազորյան կղզիների շրջանում։


ԱԶՈՒՐԻՏ (<ֆրանս. l'azur, արաբ․ լաջվարդ – կապույտ բառից), միներալ, պղնձի հիմնական կարբոնատը՝ , որի 55,3%-ը պղինձ է։ Բյուրեղանում է մոնոկլինային համակարգում, բյուրեղները՝ աղյուսաձև կամ սյունաձև։ Գույնը՝ կապույտ, կարծրությունը՝ 3,5–4, խտությունը՝ 3770–3890 կգ/մ³։ Հողախառն Ա. կոչվում է պղնձի կապույտ։ Առաջանում է պղնձային հանքանյութերի օքսիդացման զոնայում։ Պղնձի արժեքավոր հանքանյութ է, օգտագործվում է նաև կապույտ ներկ ստանալու համար։


ԱԹԱ (Սայիլյան Աթա, 1852–1942), հայ գուսան։ Ծնվել է Քարաշեն գյուղում (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)։ Հորինել է խրատական և երգիծական երգեր (հայերեն և ադրբեջաներեն)։ Ա. աշուղական հին երգերի ու ասքերի հմուտ կատարող էր։ Նվագել է սազ և ջութակ։ ՀՍԳ միության անդամ էր (1939-ից)։


ԱԹԱԲԱՍԿԱ (Athabaska), գետ Հյուսիսային Ամերիկայում, Կանադայի արևմուտքում (Մակենզիի համակարգ)։ Երկ. 1231 կմ է, ավազանը՝ 153 հզ. կմ²։ Սկիզբ է առնում Ժայռոտ լեռներից, հոսում Մեծ հարթավայրերի հս. մասով և թափվում համանուն լիճը։ Սնումը հիմնականում ձնային է։ Ստորին հոսանքում, սկսած Ուոթերուեյս գետային նավահանգստից, նավարկելի է։


ԱԹԱԲԱՍԿԱ (Athabaska), լիճ Հյուսիսային Ամերիկայում, Կանադայի արևմուտքում, Ալբերտա պրովինցիայում։ Մակերեսը 7,9 հզ. կմ² է, խորությունը՝ մինչև 60 մ։ Ունի սառցադաշտա–տեկտոնական ծագում։ Սառցակալում է հոկտեմբերից հունիս։ Ա–ի մեջ է թափվում համանուն գետը, իսկ սկիզբ է առնում Ստրուկների գետը։ Զարգացած է ձկնորսությունը։ Նավարկելի է։ Լճի ափին են գտնվում Գոլդֆիլդսի, Կամսել Պորտիջի ոսկու հանքատեղիները։ Ա–ի շրջանում կան ուրանի հանքավայրեր։

ԱԹԱԲԵԿ, աթաբագ (թուրք, թագավորահայր), 1. սուլթանների որդիների խնամակալ, ապա գլխավոր վեզիր սելջուկյան պետություններում, որտեղ Ա. ուներ սուլթանի իրավունքներ։ 2. Բարձրագույն պաշտոն (վեզիրություն) Հայաստանում և Վրաստանում։ Հիմնադրել է Թամար թագուհին՝ իր մահից առաջ (1212) վրաց գահի խնամակալ նշանակելով Իվանե Զաքարյանին, որից հետո Ա. դարձել է Զաքարյանների ժառանգական պաշտոնը։ Հետագայում Ա. ընտրվում էր Մահկանաբերդի Արծրունիներից։ 3. Զորապետ Եգիպտոսում՝ մամլուքների օրոք։ Ս. Երեմյան ԱԹԱԲԵԿՅԱՆ Լևոն Նիկոլայի (1875–1918), հայ հասարակական–քաղաքական գործիչ, բժիշկ, բանաստեղծ։ Ծնվել է սեպտեմբերի 3(15)–ին, Ելիզավետպոլի նահանգի Ջիվանշիր գավառի (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի ԻՄ Մարտակերտի շրջան) Կուսապատ գյուղում։ 1893-ին ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Լայպցիգի և Թյուբինզենի համալսարաններում ուսումնասիրել է սոցիալական գիտություններ։ Բժշկություն է ուսանել Բեռլինի և Ցյուրիխի համալսարաններում։ 1903-ից բժշկական ու հասարակական–քաղաքական գործունեություն է ծավալել Բաքվում, Թիֆլիսում, Երևանում, Գանձակում, Շուշիում։ Ա–ի ջանքերով Բաքվում հիմնվել է թոքախտավորների հիվանդանոց։ Նախապես Ա. գործել է դաշնակցական կուսակցության շարքերում։ 1907-ին հեռացել է դաշնակցությունից։ Ապա Ա. մտել է էսեռների (սոցիալիստ–հեղափոխականների) շարքերը, գլխավորել հայ էսեռների կազմակերպությունը։ 1909-ին բանտարկվել է, ազատվել է 1912-ին։ Փետրվարյան հեղափոխությունից հետո Ա. ընտրվել է Անդրկովկասյան Կոմիսարիատի, ապա Անդրկովկասյան Սեյմի անդամ, սակայն, ժխտական վերաբերմունք ունենալով այդ մարմինների նկատմամբ, չի մասնակցել դրանց աշխատանքներին։ 1917-ի դեկտեմբերին Ա. եղել է Հայոց ազգային խորհրդի Բաքվի մասնաճյուղի Փոխնախագահ, այնուհետև՝ անդամ։ 1918-ին գրած հոդվածներում Ա. հայ ժողովրդի ազգային ազատագրման միակ ուղին տեսնում էր Ռուսաստանի և միջազգային հեղափոխական ուժերի հետ համախմբվելու մեջ։ Հայ բոլշևիկ գործիչները (առանձնապես Ա. Մյասնիկյանը), քննադատելով հանդերձ Ա–ի գաղափարաբանությունը, բարձր են գնահատել նրա բանավոր ու գրավոր խոսքի ուժը։