Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զարգացման վրա։ Բնակչությունը ենթարկվեց մահմեդականացման, դաժան հարստահարման ու զանգվածային ոչնչացման. շատերն արտագաղթեցին։ Օսմանյան կայսրության թուլացման համեմատ (XVIII դ. երկրորդ կես) առաջացան ալբանական ինքնուրույն իշխանություններ։ 1756– 1831-ին Հյուսիսային և Կենտրոնական Ա–ում գոյություն ուներ Բուշատի փաշայի, իսկ 1787– 1822-ին հարավում՝ Ալի փաշայի իշխանությունը։ XIX դ. կեսին Ա–ում սկիզբ առան կապիտալիստական հարաբերությունները։ Ազգային բուրժուազիայի հանդես զալն ազատագրական պայքարին հադորդեց ավելի կազմակերպված բնույթ։ Ալբանական ազատագրական շարժման գործիչները XX դ. սկզբին սկսեցին համագործակցել երիտթուրքերի հետ՝ նրանցից ակնկալելով երկրի ինքնավարություն։ Սակայն երիտթուրքերը, անցնելով իշխանության գլուխ, դավաճանեցին իրենց դաշնակիցներին։ 1909–12-ին Ա–ում տեղի ունեցան մի շարք ապստամբություններ, որոնք Առաջին բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո հանգեցրին երկրի անկախության հռչակմանը (1912-ի նոյեմբ. 28)։ Սակայն իրականում Ա. դարձավ իմպերիալիստական տերությունների (Ավստրո–Հունգարիա, Սեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Ֆրանսիա) պրոտեկտորատը։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում նոր թափ հաղորդեց ազզային–ազատագրական շարժմանը Ա–ում։ Ալբան ժողովրդի 1920-ի զինված ապստամբության հետևանքով իմպերիալիստական երկրների կառավարությունները հարկադրված ճանաչեցին Ա–ի անկախությունը։ Սակայն հաճախակի փոփոխվող կառավարությունները չէին վայելում ժողովրդի աջակցությունը, որովհետև վարում էին ֆեոդալական կարգերի ամրապնդման քաղաքականություն և ստրկացուցիչ գործարքների մեջ էին մտնում օտարերկրյա իմպերիալիստների հետ։ Նման քաղաքականություն էր վարում հատկապես Ա. Զոգուի կառավարությունը։ Դա առաջ բերեց ժողովրդական լայն զանգվածների դժգոհությունը, որը 1924-ի սկզբին վերածվեց զինված ապստամբության։ Զոգուն փախավ Հարավսլավիա։ Իշխանության գլուխ անցավ Ֆ. Նոլիի կառավարությունը, որը հանդես եկավ բուրժուա–դեմոկրատական վերափոխումների ծրագրով, դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ–ի հետ։ Սակայն դեմոկրատական ուժերը կազմակերպչորեն և քաղաքականապես թույլ էին։ Օգտվելով դրանից՝ Զոգուն օտարերկրյա իմպերիալիստների ռազմական ու դիվանագիտական օգնությամբ 1924-ի դեկտեմբերին կրկին գրավեց իշխանությունը և 1925-ի հունվ. 21-ին հանրապետություն հռչակելով դարձավ Ա–ի պրեզիդենտ, իսկ 1928-ի սեպտ. 1-ին՝ թագավոր։ Նրա օրոք Ա. վերածվեց ֆաշիստական Իտալիայի գյուղատնտեսական հումքային կցորդի։ 1939-ի ապրիլին Իտալիան օկուպացրեց Ա.։ Զոգուն վտարանդվեց։ Ալբան ժողովուրդը ոտքի ելավ օտար զավթիչների դեմ։ Պայքարն ավելի կազմակերպված ու զանգվածային բնույթ ստացավ, երբ նրա գլուխ անցավ 1941-ի նոյեմբերին կազմավորված՝ Ա–ի կոմունիստական կուսակցությունը (ԱԿԿ)։ Պարտիզանական շարժումն ընդգրկեց ամբողջ երկիրը։ Ազատագրված շրջաններում ստեղծվեցին ազգային–ազատագրական խորհուրդներ։ Իտալիայի կապիտուլյացիայից հետո (1943-ի սեպտեմբեր) Ա. օկուպացնում են գերմանա–ֆաշիստական զորքերը։ 1944-ի մայիսի 24-ին ստեղծվեց Ալբանիայի հակաֆաշիստական ազգային–ազատագրական խորհուրդը, որի կազմած կոմիտեն 1944-ի հոկտ. 20-ին վերակազմվեց ժամանակավոր դեմոկրատական կառավարության։ 1944-ի նոյեմբ. 29-ին ժողովրդա–դեմոկրատական հեղափոխության հաղթանակի շնորհիվ Ա–ում հաստատվեցին ժողովրդա–դեմոկրատական կարգեր։ 1945-ի դեկտեմբերին տեղի ունեցած Սահմանադիր ժողովի ընտրություններում կոմունիստների գլխավորած դեմոկրատական ճակատի օգտին քվեարկեց ընտրողների 93,2%։ 1946-ի հունվ. 11-ին Ա. հռչակվեց ժողովրդական հանրապետություն, իսկ մարտին ընդունվեց սահմանադրություն, որն ամրապնդեց երկրում տեղի ունեցած սոցիալ–տնտեսական և քաղաքական վերափոխումները։ Հենվելով ՍՍՀՄ–ի և սոցիալիստական մյուս երկրների համակողմանի աջակցության վրա՝ Ա. ձեռնամուխ եղավ սոցիալիզմի կառուցմանը՝ ըստ էության շրջանցելով զարգացած կապիտալիզմի փուլը։ 1949-ի փետրվարին Ա. մտավ Տնտեսական փոխօգնության խորհրդի մեջ, 1955-ի մայիսին դարձավ Վարշավայի պայմանագրի կազմակերպության, իսկ դեկտեմբերին՝ ՄԱԿ–ի անդամ։ Երկամյա (1949–50) և առաջին հնգամյա (1951–55) պլանների կատարման շնորհիվ Ա. դարձավ ագրարային–ինդուստրիալ երկիր։ Երկրորդ հնգամյակի (1956–60) տարիներին Ա–ի տնտեսությունը հասավ նոր հաջողությունների։ 1960-ից հետո Ա–ի. ղեկավարները բացահայտ պառակտիչ գործունեություն սկսեցին վարել սոցիալիստական համագործակցության և միջազգային կոմունիստական շարժման նկատմամբ։ Ալբանական ղեկավարությունը բազմիցս մերժել է տարաձայնությունները կարգավորելու և հարաբերությունները կանոնավորելու ուղղությամբ ՍՍՀՄ–ի և սոցիալիստական այլ երկրների առաջարկությունները։ 1968-ի սեպտեմբերին ալբանական ղեկավարները հայտարարեցին Վարշավայի պայմանագրի կազմակերպությունից միակողմանիորեն դուրս գալու մասին։ Ալբանական ղեկավարների նման գործունեությունը հակասում է խաղաղության և սոցիալիզմի շահերին և, առաջին հերթին, բուն ալբան ժողովրդի շահերին։

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիություններն ու հասարակական այլ կազմակերպությունները

Ալբանիայի աշխատանքի կուսակցություն (ԱԱԿ), հիմնադրվել է 1941-ի նոյեմբերի 8-ին (մինչև 1948՝ Ալբանիայի կոմունիստական կուսակցություն)։ Ալբանիայի դեմոկրատական ճակատ (ԱԴՃ), ստեղծվել է 1942-ի սեպտ. 16-ին (մինչև 1945-ի օգոստոսը՝ ազգային–ազատագրական ճակատ, ԱԱՃ.), գործում է ԱԱԿ–ի ղեկավարությամբ։ Ալբանիայի արհմիությունների համընդհանուր միավորում, հիմնադրվել է 1945-ի հոկտեմբերին։ Ունի 150 հզ. անդամ (1967)։ Ալբանիայի աշխատավոր երիտասարդության միություն, ստեղծվել է 1949-ի փետրվարին։ Ալբանացի կանանց միություն, հիմնադրվել է 1943-ին։

VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Ա. տնտեսապես Եվրոպայի ամենահետամնաց երկիրն էր՝ համարյա առանց ֆաբրիկա–գործարանային արդյունաբերության, երկաթուղիների ու առևտրական նավատորմի։ Երկրի ազատագրումից (1944) հետո, ՍՍՀՍ–ի և սոցիալիստական մյուս երկրների օգնությամբ, երկամյա (1949–50) և առաջին (1951–55) ու երկրորդ (1956–60) հնգամյա պլանների կատարման շնորհիվ Ա–ում հիմք դրվեց ազգային արդյունաբերությանը։ 1960-ին արդյունաբերական արտադրանքի թողարկումը 1938-ի համեմատությամբ ավելացավ 25, իսկ գյուղատնտեսականինը՝ 1,7 անգամ։ Արդյունաբերությունը տալիս է ԱԺՀ ազգային եկամտի 2/3-ը։ Սակայն Ա. 1962-ից գործնակպնորեն հեռացավ Տնտեսական փոխօգնության խորհրդի աշխատանքներին մասնակցելուց, դադարեցրեց տնտեսական կապերը ՍՍՀՄ–ի հետ, որը բացասաբար ազդեց երրորդ հնգամյա պլանի (1961–65) կատարման վրա։

Արդյունաբերության կառուցվածքը բնորոշվում է սննդի և տեքստիլ ճյուղերի բարձր տեսակարար կշռով։ Մշակող արդյունաբերության հիմնական մասը կենտրոնացված է Տիրանա, Դուրես, Շկոդեր, Վլյորա, Կորչա և էլբասսւն քաղաքներում։ ՀԷԿ–եր են կառուցվել Սատի, Բիստրիցա, Դրին գետերի վրա։ Նավթահանքերը գտնվում են Սեմանի գետի ավազանում և նավթամուղներով կապված են նավթավերամշակման կենտրոններ Ստալին, Ցերիկ և Ֆիերի քաղաքների հետ։ Վլյորայի մոտակայքում (Սելենիցայում) արդյունահանում են բնական բիտում։ Քրոմիտների պաշարով և հանույթով (Բուլկիզայի, Սարտանեշիի և Կուկեսի շրջաններում) Ա. Եվրոպայում (առանց ԱԱՀՍ–ի) գրավում է առաջին տեղը։ Երկաթ–նիկելային հանքաքար է արդյունահանվում Օհրիդ լճից արևմուտք։ Պղնձաձուլարաններ կան Ռուբիկուում և Կուկեսում։ Սև մետալուրգիայի առաջին գործարանը կառուցվում է էլբասանում։ Քիմիական արդյունաբերությունը ներկայացված է ֆոսֆորային (Լյաչի) ու ազոտային պարարտանյութերի (Ֆիերի) և սոդայի (Վլյորա) արտադրությամբ։ Ստեղծվել են ցեմենտի գործարաններ։

Գյուղատնտեսության մեջ զբաղված է աշխատունակ բնակչության 1/2-ից ավելին։ Սոցիալիստական սեկտորին՝ պետտնտեսություններին և արտադրական կոոպերատիվներին պատկանում է մշակվող հողի 98,5% (1967)։