Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/17

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է
ԱԲԲԱՍՅԱՆՆԵՐ 17

վերնախավի և շիա աղանդի հետևորդների վրա՝ Ա. 750-ին տապալեցին Օմայաններին։ Նոր ավագանին ավելի նվիրված էր ձևանում մահմեդականության գաղափարներին՝ ընդգծելով ազգակցությանը Մուհամմեդ մարգարեի հետ։ Մահմեդական կրոնում իրանական թարմ հոսանքը նպաստեց նրա տարածմանը և խալիֆաների, որպես կրոնապետերի, իշխանության ամրապնդմանը։ Պարսիկ կրթված դասը մշակեց մահմեդական աստվածաբանության և իրավաբանության սկզբունքները և առաջնակարգ տեղ գրավեց քաղաքական, ռազմ․ ասպարեզներում։ Մայրաքաղաքը Դամասկոսից փոխադրվեց 762-ին հիմնադրված Բաղդադ քաղաքը։ Խալիֆաները մարմնավորում էին և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր իշխանությունը։ Ա֊ի խալիֆայությունը բազմալեզու, ֆեոդալական բռնապետություն էր։ Արտադրության հիմն․ ճյուղերն էին հողագործությունը և անասնապահությունը։ Գյուղացիները հողահարկ՝ խարաջ էին վճարում, ոչ մահմեդականները՝ նաև գլխահարկ՝ ջիզիե։ Արհեստներն ու առևտուրը նպաստեցին քաղաքների զարգացմանը (Բաղդադ, Բասրա, Դամասկոս, Կահիրե, Բուխարա)։ Զարգացավ արաբ․ մշակույթը։ Մամուն խալիֆայի օրոք (813–833) հին պարսկերենից, հունարենից և ասորերենից արաբերեն թարգմանվեցին բազմաթիվ աշխատություններ, ստեղծվեցին գրադարաններ, զարգացավ մաթեմատիկան, աստղաբաշխությունը, ճարտարապետությունը ևն։

Կուլ գնալով փարթամ ու շվայտ կյանքին, մեկուսանալով պալատներում՝ խալիֆաներն ի վերջո դադարեցին զորքի առաջնորդ և պետության ղեկավար լինելուց՝ երկրի հոգսը թողնելով օտարազգի ամիրաներին։ Մութասիմ խալիֆան (833–842), ահաբեկված ծանր հարկերի տակ կքած հպատակների ընդվզումներից և չվստահելով արաբ․ ցեղային աշխարհազորին, իր թիկնապահ զորքը համալրեց թուրք ստրուկներով։ Երկրով մեկ ծավալվեց աղանդավորական շարժումը։ Աշխատավորների հակաֆեոդալական պայքարը և ժողովուրդների ազատագր. շարժումը խարխլեցին խալիֆայության հիմքերը, իշխանությունը կորցրեց հեղինակությունը, խալիֆաները խաղալիք դարձան թուրք թիկնապահ գնդի ու ամիրաների ձեռքին։ Խալիֆայությունը տեղը զիջեց պետության տարբեր մասերում առաջացած ինքնուրույն իշխանություններին։ Դեռևս խալիֆայության կազմավորման սկզբում նրանից անջատվեց Օմայանների մի ճյուղը (756–1031)՝ հիմնելով Իսպանիայում Կորդովայի խալիֆայությունը։ Այնուհետև անջատվեցին Իդրիսյանները (788–985)՝ Մարոկկոյում, Աղլաբյանները (800–909)՝ Ալժիրում ու Թունիսում և Թահիրյանները (821–873)՝ Խորասանում։ Մեծ դժվարությամբ ճնշվեց սևամորթ ստրուկների (զինջերի) 869–883–ի ապստամբությունը։ Եգիպտոսում անկախության հասան Թուլունյանները (868–905), Իրանում՝ Սաֆարյանները (867–908) և Սամանյանները (875–999), Արաբիայում՝ Կարմաթները։

Հայաստանը Ա-ի օրոք կառավարում էին արաբ․ ոստիկանները, երբեմն էլ՝ արաբների կողմից նշանակվող հայ իշխանները։ Նրանց նստավայրը Դվինն էր։ Մոլեռանդ ոստիկանները հալածում էին հայերին։ Ըստ Մուհամմեդի պատվիրանի՝ բռնությամբ կարելի էր մահմեդականացնել միայն հեթանոսներին։ Քրիստոնյա և այլակրոն մյուս ժողովուրդները, սահմանված հարկերը վճարելով, կարող էին պահպանել իրենց հավատը։ Ոստիկանները գործադրում էին ամեն միջոց՝ բնակչությանը կողոպտելու համար։ Հայ ժողովուրդը համառորեն պայքարում էր հանուն իր լեզվի, մշակույթի և ազգային ինքնուրույնության։ 849-ին սասունցիներն ապստամբեցին, սպանեցին ոստիկանին և արաբներին վռնդեցին Սասունից։ Ապստամբությունը ճնշելու համար Հայաստան ուղարկվեց ծագումով թուրք, նախկինում ստրուկ Բուղա զորավարը։ Դաժանությամբ նա գերազանցեց նախորդներին։ Բուղայի զորքը թալանեց, ավերեց և կողոպտեց երկիրը։ Հայ իշխանների մի մասին բռնի ուղարկեց Բաղդադ։ Կենտր. իշխանության թուլացման շրջանում (IX դ. վերջին) Հայաստանում կազմավորվեց Բագրատունիների թագավորությունը։ Ա. հարկադրված եղան 862֊ին Աշոտ Բագրատունուն (տես Աշոտ Ա) Հայոց իշխանաց իշխանի տիտղոս շնորհել՝ ճանաչելով նրա գերիշխանությունը նաև Վրաստանում ու Աղվանքում։

886֊ին Մութամիդ խալիֆան իշխանաց իշխան Աշոտին թագ ու թագավորական զգեստներ ուղարկեց։ Նոր պայմաններում Դվինի ոստիկանները ջանում էին չափավորել Բագրատունիների ինքնուրույն լինելու ձգտումները և կանխել նրանց մերձեցումը Բյուզանդիայի հետ։ Սմբատ Ա և Աշոտ Բ Երկաթ թագավորների հակա-արաբական

Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1 (page 17 crop).jpg