Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ցիկ արվեստների ազգային դպրոցը (հիմնադրվել է 1881-ին)։

Նկարում` Բիսկրա։ Տրանսատլանտիկ հյուրանոցը։

XVI. Երաժշտությունը, թատրոնը, կինոն

Երաժշտությունը։ Ֆոլկլորային վոկալ երաժշտությունը մոնոդիկ է՝ հիմնված յոթնաստիճան հնչյունաշարերի վրա, ունի ռիթմական բազմազանություն։ Մ. թ. ա. II դ. սկսած այն կրել է հին հունական, ապա հռոմեական և միջնադարյան քրիստոնեական երաժշտության ազդեցությունը։ Արաբների նվաճումից (VII դ.) հետո, հատկապես X դարից, մեծ տարածում է գտել մավրիտանական Անդալուսիայի երաժշտական մշակույթը, XVI դարից՝ թուրքական զինվորական երաժշտությունը։ Միաժամանակ, միջնադարյան Ա–ում ստեղծվել են տեղական երաժշտական ձևեր։ Դրանցից ամենատարածվածը՝ նուբան, սյուիտ է՝ երգային (մենակատարում կամ ունիսոն խմբերգ) և գործիքային փոխնեփոխ համարներով։ Նուբաները տարբերվում են լադերով։ Ազգային երաժշտական գործիքներից են՝ ռեբաբը (աղեղնավոր), ուդը, քանունը (քանոն), գոսբան (սրինգ), դափը ևն։ XX դ. սկզբնավորված ալ–ջադ թեթև երաժշտության ժանրի ականավոր ներկայացուցիչն է երգիչ և կոմպոզիտոր Հաջ Մուհամմեդ ալ–Անկան։

Նկարում` Օրան։ Թատրոնի շենքը։

Թատրոնը։ Արաբերեն խաղացող առաջին թատերախումբը Ա–ում գործել է 1920-ական թթ.։ Այն կազմակերպել էր դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Ռ. Քսենտինին։ Նրան հաջորդել է Բ. Մահիդդինը, որը բեմադրել է Ա. Նակլիի, Մ. Ուլդ Շեյխի և ուրիշների պիեսները, ազատ թարգմանությամբ՝ Մոլիերի, Սոֆոկլեսի, Իբսենի գործերը։ 1962-ին դերասան և ռեժիսոր Մ. Քաթեբի գլխավորությամբ ստեղծվել է Ալժիրի ազգային թատրոնը։

Կինոն։ Ա–ի ազգային կինեմատոգրաֆիան ծնունդ է առել 1954–62-ի ազգային–դեմոկրատական հեղափոխության տարիներին։ Նկարահանվել են ազատագրական պայքարը պատկերող մի շարք փաստագրական ֆիլմեր։ Հետագայում ստեղծվել են նաև գեղարւլեստական նկարներ։ Ա–ի կինոարվեստի ձևավորմանը մեծապես նպաստել են կինոթատրոնների ազգայնացումը և Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի ստեղծումը (1964)։ Լավագույն ֆիլմերից են՝ «Ճակատամարտ Ալժիր քաղաքի համար» (1968) և «Աուրեսից փչող քամին» (1967)։

Պատկերազարդումը տես աղ. VII, 48–49 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Энгельс Ф., Алжир, Маркс К. и Энгельс Ф., Соч., 2 изд., т. 14; Новейшая история арабских стран. 1917-1968, М., 1968; Горунг М. Б., Алжирия, М., 1958; Уткин Г. Н., Алжир (Экономическая карта. Масштаб 1:3500000), 2 изд., М., 1965; Культура современного Алжира. С6. ст., пер. с Франц., М., 1961.

ԱԼԺԻՐ (արաբ. Ալ–Ջեզաիր – կղզիներ), Ալժիրի մայրաքաղաքը և խոշոր նավահանգիստ Միջերկրական ծովի ափին։ 943,1 հզ. բն. (1966, արվարձաններով)։ Ավտոխճուղային և երկաթուղային ճանապարհների հանգույց, միջազգային օդանավակայան (Դար–Էլ–Բեյդա): Կան սննդի, մետաղամշակման, մեքենաշինական, նավթամշակման, ցեմենտի, քիմիական, տեքստիլ, կաշվի արդյունաբերության ձեռնարկություններ։ Արտահանում է գինի, մրգեր, բանջարեղեն, հացահատիկ։ Զարգացած է ձկնորսությունը, հավաքում են մարջաններ և սպունգներ։ Մշակույթի օջախներից են՝ համալսարանը (1879), թանգարանները (գեղեցիկ արվեստների, անտիկ մշակույթի, ազգագրական), ազգային գրադարանը։ Ա. հիմնադրել են արաբները X դ., հռոմեական Իկոզիում նավահանգստի տեղում։


ԱԼԺԻՐԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԱԿԿ), ստեղծվել է 1936-ի հոկտեմբերին, հիմնադիր համագումարում։ Մինչ այդ Ալժիրում 1920-ից գործում էին կոմունիստական սեկցիաներ, որոնք մտնում էին Ֆրանսիայի կոմկուսի մեջ։ Իր գոյության սկզբից ԱԿԿ պայքարել է սոցիալական բարենորոգումների, Ալժիրի ժողովրդի դրության բարելավման համար: Մեծ դեր է խաղացել 1954–62-ին, ազգային–ազատագրական պատերազմում։ 1955–56-ին ստեղծել է կոմունիստական զինված ջոկատներ, որոնք ազգային–ազատագրական ճակատի (ԱԱՃ) ղեկավարությամբ գործող բանակի հետ միասին մարտնչել են ֆրանսիական գաղութարարների դեմ։ ԱԿԿ պաշտպանեց էվիանի համաձայնագիրը (1962, մարտ), որով Ֆրանսիան ճանաչեց Ալժիրի անկախությունը։ 1962-ի ապրիլին, դուրս գալով ընդհատակից, ԱԿԿ հրապարակեց իր ծրագիրը և խնդիր դրեց գաղութային հաստատությունները փոխարինել դեմոկրատական իշխաևությամբ, իրագործել ագրարային ռեֆորմ, ազգայնացնել հիմնական հարստությունները, երկիրը ինդուստրացնել։ 1962-ի նոյեմբերին ԱԿԿ արգելվեց, բայց կոմունիստները շարունակեցին պաշտպանել կառավարության առաջադիմական միջոցառումները։ Իսկ երբ ԱԱՃ կուսակցությունը 1964-ին ընդունած ծրագրում Ալժիրի սոցիալ–քաղաքական զարգացման նպատակ հռչակեց սոցիալիզմը, ԱԿԿ իր անդամներին ցուցում տվեց անհատապես ընդունվել ԱԱՃԿ շարքերը։ 1964–65-ին շատ կոմունիստներ մտան ԱԱՃԿ մեջ։ 1965-ի հունիսի 19-ի իրադարձություններից հետո (տես Ալժիր, պատմական ակնարկ) կոմունիստները հայտարարեցին, որ իրենք ստեղծում են Ալժիրի սոցիալիստական ավանգարդ կուսակցությունը։

Նկարում` Տեսարան Ալժիր քաղաքից։ Աոաջին պլանում կաթոլիկական տաճարը։


ԱԼԻ Իբն Աբի Թալիբ (602–661), արաբ. խալիֆա (656-ից)։ Մուհամմեդի հորեղբորորդին և փեսան։ Հաջորդեց Օսման խալիֆային։ 656-ին հաղթեց Մեքքայի մեծամեծների խմբավորմանը, որին գլխավորում էր Մուհամմեդի այրին՝ Աիշան։ Ա. մայրաքաղաքը Մեդինայից տեղափոխեց Քուֆա։ Իշխանության համար նրա դեմ զինված պայքար սկսեց Մուավիան (Օմայաններից), որն Օսմանի օրոք նշանակվել էր Ասորիքի կառավարիչ և որին Ա. չէր ցանկանում ճանաչել։ Հինգ տարվա կռիվներից հետո Ա. սպանվեց խարիջիների (ապստամբներ՝ Ա–ի կողմնակիցների ձախ թևը) ձեռքով, որոնք դժգոհ էին Օմայանների հետ նրա փոխզիջման փորձից։ Ա–ի հետևորդները՝ շիաները, նրան հռչակեցին իրենց առաջին իմամը, իսկ «ծայրահեղ շիաների» որոշ աղանդներ աստվածացնելով՝ սկսեցին պաշտել ավելի, քան Մուհամմեդին։ Շիաները մեծ սգով նշում են Ա–ի և որդիների սպանության տարեդարձը (շախսեյ–վախսեյ)։