Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 1.djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


տարածությանը (4300 կմ) անցել է 84 ընթացքային օրում։ Բուծվում է Թուրքմ. ՍՍՀ–ում, Ղազախ. ՍՍՀ–ում, ՈՍՖՍՀ Ստավրոպոլի երկրամասում, օգտագործվում է ձիասպորտում։ Այդ ցեղի ձիերի 90%-ից ավելին սերում է 1885-ին ծնված ոսկեփայլշիկագույն Բոյ–Նոու զամբիկի սերնդից։

ԱԽԱԼՍՈՓԵԼԻ (վրաց. նոր գյուղ), գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սախումի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ արևելք։ Հիմնել են գերմանացիները XIX դ. սկզբին։ Մոտ 900 բն., որից 600՝ հայեր (1970)։ Բնակվում են նաև վրացիներ, էստոնացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի, ցիտրուսների, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (հայկական բաժանմունքով), մշակույթի տուն, բուժկայան, կինո։ Հայերը եկել են Օրդուից, Տրապիզոնից, Ջանիկից, Սեծ եղեռնի նախօրյակին:


ԱԽԱԼՇԵՆԻ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ, Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս–արևելք։ 432 բն. (1968), վրացիներ, հայեր, հույներ։ Կոլտնտ. զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, թեյի մշակությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և շերամապահությամբ։ Ա. ունի վրացական ութամյա դպրոց, բուժկայան, կապի բաժանմունք։ Գյուղը հիմնել են հույները 1880-ին։ Հայերը ներգաղթել են Տրապիզոնի շրջանից, 1894-ին։


ԱԽԱԼՑԽԱ, Ախլցխա, Ախալցիխե (վրաց. նոր բերդ), քաղաք Վրացական ՍՍՀ–ում, Ախալցխայի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է պատմական Սամցխե գավառում, Թբիլիսիից 214 կմ արևմուտք։ Երկաթուղային կայարան է, Բաթում–Ախալքալաք–Բորժոմ խճուղիների հանգույցը։ Ունի 19 հզ. բն. (1970), հայեր, վրացիներ և այլք։ Ա–ի շրջանի 49 գյուղերից 15-ը հայաբնակ է (Ծղալթբիլա, Սաֆլիս, Սազել, Նիոխրեբ, Ծինուբան, Ջուլղա, Աբաթխն, Մեծ Պամաճ, Փոքր Պամաճ, Ծուղրութ, Ծիրա, Ղուլալիս, Օրալ, Խակ, Չեչերեկ)։ Ա–ում գործում են մրգի ու բանջարեղենի պահածոների, գինու լցման, համակցված կերի, փայտամշակման, պանրի ու յուղի, հացի գործարաններ և մսի կոմբինատ։ Ա–ի շրջանում արդյունահանվում է գորշ ածուխ (Վալե), գիպս (Ծղալթբիլա), դիատոմիտ (Քիսաթիբ), ագատ։ Զբաղվում են պտղաբուծությամբ։ Հայտնի են շրջանի խնձորն ու տանձը։ Ա–ում և շրջանում գործում են 52 հանրակրթական (18-ը՝ հայկական), 3 գիշերօթիկ, երաժշտական դպրոցներ, գյուղատնտեսական տեխնիկում, բժշկական ուսումնարան, 2 պոլիկլինիկա, 4 հիվանդանոց, գավառագիտական թանգարան, 68 ակումբ ու մշակույթի տուն, վրացական պետական թատրոն, 3 լայն էկրան կինոթատրոն։ 1926–40-ին Ա–ում գործել է Հայկական պետական թատրոնը, 1941-ից՝ Հայկական դրամատիկական խումբը։ Շրջանում լույս է տեսնում «Ծիթելի դրոշա» («Կարմիր դրոշ») թերթը (երեք էջը՝ վրացերեն, մեկ էջը՝ հայերեն)։ Ա–ի շրջանի տարածքը համընկնում է պատմական Սամցխեին։ Սամցխեն հարևան Աճարայի (Աջարիա) հետ Արտաշես Ա–ի օրոք (մ. թ. ա. մոտ 185) միացվել է Մեծ Հայքի թագավորությանը և կազմել նրա վարչական մեկ միավորը՝ Գոդերձական անունով։ Մ. թ. 37-ին Սամցխեն միացվեց վրաց աշխարհին։ Փասիսի (Ռիոնի) հովտից Զեկարի լեռնանցքով դեպի Շիրակ և Այրարատ տանող կարևոր մայրուղու վրա, Ոաբաթ կոչվող բլրին, որը գտնվում է այժմյան քաղաքի արմ. մասում, X դ. Գվարամ իշխանը հիմնադրել է Լոմսիանթա ամրոցը։ Հետագայում նրա շուրջը ընդլայնվել և զարգացել է քաղաքը։ XII դ. ամրոցը նորոգվել է և կոչվել Ախալցիխե։ Ա. սերտ առևտրական և տնտեսական կապեր ուներ Կղարջքի Արտանուջ և Տայքի Ուղթիս ու Բարձր Հայքի Կարին քաղաքների հետ, որոնք գտնվում էին Բյուզանդիայից Հայաստանով դեպի Վրաստան տանող հիմնական ցամաքային առևտրական մայրուղու վրա։ 1236-ին մոնղոլները, տիրելով Ա–ին, ավերել են քաղաքը և բերդը։ Սամցխեի սպասալար Սարգիս Ջաղելին 1266-ին, մոնղոլների օգնությամբ, Վրաստանից անջատել է Սամցխեն և ստեղծել Սամցխե իշխանությանը։ Սամցխեն Ա. կենտրոնով ենթարկվել է մոնղոլների Հուլավյանների իլխանաթյանը՝ ձեռք բերելով «խաս–ինջուի» իրավունք, ըստ որի ոչ վրաց թագավորական և ոչ էլ մոնղոլական աստիճանավորները չէին կարող հայտնվել նրա սահմաններում, հարկերը հավաքում էր ինքը՝ ֆեոդալը, և հանձնում մոնղոլ կառավարիչներին։ XIV դ. Սամցխեն արդեն աթաբակաթյուն էր (Սամցխեի աթաբակություն), իսկ նրա կառավարիչները ունեին աթաբակի տիտղոս։ Իբրև քաղաքական և տնտեսական կենտրոն Ա. սկսել է բարգավաճել Սեսխեթի Ջաղելի ֆեոդալական հզոր տոհմի նստավայրը դառնալուց հետո։ Ա–ում գերիշխող դիրք է գրավել հայ առևտրականների և արհեստավորների համայնքը, զարգացել է արհեստագործությունը, առևտուրը։ Ա–ում գործել է փողերանոց, որտեղ դրամներ են հատել Հուլավյանների անունով։ Ա. ավերվել է 1416-ին Կարա–Կոյունլու ցեղապետ Կարա–Յուսուֆի կողմից, սակայն չի կորցրել իր նշանակությունը և, նորից վերաշինվելով, պահպանել է իր կարևոր դերը։ 1579-ին Ա. ընկել է Թուրքիայի տիրապետության տակ։ Տեղի վրացական իշխանական տոհմը, ընդունելով մահմեդականություն, պահպանել է իր ժառանգական իշխանությունը։ Վարչականորեն Սամցխե–Սաաթաբագոն մտնում էր Օսմանյան Թուրքիայի կազմի մեջ՝ Գյուրջիստանի վիլայեթ, ավելի ուշ՝ Ախալցխայի փաշայություն կամ Չըլդըրի վիլայեթ անունով։ 1625-ից Ա. դարձել է Ախալցխայի փաշայության կենտրոնը։ 1628-ին վերջ է տրվել Սասցխե–Սաաթաբագոյի կիսանկախ իշխանությանը և նշանակվել են թուրք կառավարիչներ՝ Ախալցխայի փաշան կամ Չըլդըրի բեգլարբեկը։ Այս պաշտոնը հետագայում դարձել է մահմեդականություն ընդունած Սամցխեի աթաբակների տոհմի ժառանգական իրավունքը։ Թուրքերը վարել են բռնի մահմեդականացման քաղաքականություն հատկապես վրացիների և քաղկեդոնական հայերի հանդեպ, որի հետևանքով տեղի է ունեցել վրաց և հայ ազգաբնակչության մասսայական գաղթ դեպի հարևան Իմերեթի և Քարթլիի թագավորությունները։ Միևնույն ժամանակ ուժեղացել է հայ ազգաբնակչության ներգաղթը Հայաստանի հարևան գավառներից։ Ըստ 1595-ին Թուրքիայի անցկացրած աշխարհագրի տվյալների, որոնք ամփոփված են «Գյուրջիստանի վիյայեթի մեծ դավթար»–ում, հարկատու ծխերի ներկայացուցիչների մեծ մասը կրել է հայկական անուններ, մանավանդ՝ Ա–ում, որտեղ նրանք ապրել են միջնաբերդին կից թաղամասում՝ Ռաբաթում։ Հայադավան և քաղկեդոնական հայերի փոխադարձ պայքարից օգտվել է կաթոլիկ եկեղեցին՝ աշխուժացել է ունիթորների շարժումը։ Թուրքիայի հայահալած քաղաքականությունից ազատվելու և Հռոմի պապի ու եվրոպական պետությունների (գլխավորապես Ֆրանսիայի) հովանավորությունը վայելելու համար Ա–ի հայերի մի մասն ընդունել է կաթոլիկություն։ 1744-ից Ա–ի կառավարիչներ են նշանակվել թուրքական ծագում ունեցող փաշաներ։ 1807-ի, 1811-ի անհաջող փորձերից հետո ռուսական զորքերը գեներալ Պասկևիչ–Էրիվանսկու հրամանատարությամբ, 1828-ի օգոստոսի 15-ին վերջնականապես ազատագրեցին Ա. թուրքական լծից։ Այդ մարտերի ժամանակ աչքի ընկավ հայազգի գեներալ Բ. Հ. Բեհբութովը։ 1829-ի սեպտ. 2-ին Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ա–ի գավառը միացվեց Ոուսաստանին։ 1829–1830-ին Կարին (Էրզրում) քաղաքից և նրա վիլայեթի գյուղերից վեց հազար հայ ընտանիք գաղթեց և բնակություն հաստատեց Ա–ում (2536 ընտանիք), մնացածը՝ նրա գավառի գյուղերում և Ախալքալաքում ու շրջակա գյուղերում։ Հայ վերաբնակիչները Փոցխով գետի աջ ափին հիմնադրեցին քաղաքի նոր թաղամասը՝ ցանկանալով անվանել այն Նոր Էրզրում, սակայն Պասկևիչը մերժեց այդ առաջարկը, և թաղամասը կոչվեց Պլան։ Գաղթականներից բացի 1833-ին Ա–ում կար նաև 411 հայ, 44 վրացի, 117 հրեա և 24 թուրք ընտանիք։

Կարինից գաղթած հայ արհեստավորները Ա–ում զբաղվել են ոսկերչությամբ, դարբնությամբ, հյուսնությամբ, բրուտությամբ, կոշկակարությամբ, կաշեգոր–